Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:

Խրիմյան Հայրիկ

Կառավարությունում հայտնված «հոգնած դեմքերը» վտանգ են Փաշինյանի հեղինակության ու ողջ համակարգի համար

Karhavarowt`yownowm haytnvats <<hognats demk`ere>> vtang en P`ashinyani heghinakowt`yan ow oghj hamakargi hamar_73019

Նոր կառավարություններին, սովորաբար, տրվում է 100 օր ժամանակ, որի ընթացքում հասարակությունը, քաղաքական շրջանակները ձեռնպահ են մնում որևէ գնահատական հնչեցնելուց, փոխարենը՝ ուշի-ուշով հետևում են, թե ի՞նչ քայլեր է կատարում նորեկը:

Թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած Փաշինյանի կառավարության հարցում ևս այդ սկզբունքը որդեգրվեց՝ 100 օր որևէ գնահատականից՝ դրական, թե բացասական, զերծ պահել գործող կառավարությանը: Այդ սկզբունքը որդեգրել են գրեթե բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում նախկին իշխանությունը: Գովելի փաստ է, որ մի կողմ թողնելով գաղափարական հակասությունները, հակակրանքն ու համակրանքը, հայաստանյան քաղաքական դաշտը հիմնականում առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ հանուն Հայաստանի անչափ կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանը չձախողի, հակառակ դեպքում՝ դա կլինի երկրի ու բոլորիս ձախողումը: Ուրեմն, պետք է հանգիստ թողնել և չխանգարել նոր կառավարությանը:

Սակայն մյուս կոմից էլ հեղափոխությամբ իշխանության եկած կառավարությունը 100 օրվան սպասելու ժամանակ չունի: Երբ ժողովուրդը դուրս է գալիս փողոց ու իրականցնում հեղափոխություն, նշանակում է երկրում արագ փոփոխությունների իրականացման պահանջ կա: Հայաստանը երկար սպասելու ժամանակ չունի, քանի որ և՛ երկրի ներսում շատ գործ կա անելու, և՛ դրսում. տարածաշրջանային մարտահրավերները շուտափույթ քայլեր են պահանջում:

Ի դեպ, որքան մեծ է ժողովրդի ոգևորությունը, որքան բարձր է վարչապետ Փաշինյանի վարկանիշը, այնքան մեծ են ժողովրդի սպասումները, ինչպես նաև մեծ է արագ փոփոխությունների ակնկալիքը: Այս հանգամանքը բարդ կացության մեջ է դնում հեղափոխությամբ իշխանության եկած լիդերին ու նրա թիմակիցներին, քանզի միշտ չէ, որ հնարավոր է ի կատար ածել ժողովրդի սպասումները, իսկ դրանց, գոնե անհրաժեշտ մասով չկատարումը կնշանակի վարկանիշի անկում, հեղինակազրկում:

Հայտնի բան է, իշխանության համար հաջողակ լինելու կարևոր գրավականը թիկունքում լուրջ թիմ ու ծանրակշիռ քաղաքական ուժ ունենալն է: Սակայն այս կառավարությունը ո՛չ կադրային լուրջ ռեսուրս ունի, ո՛չ էլ քաղաքական լուրջ հենարան. վարչապետ Փաշինյանի <Քաղաքացիական պայմանագիր>կուսակցությունը չկայացած քաղաքական ուժ է: Իզուր չէ, որ Փաշինյանն ու իր թիմակիցներն այսօր լծված են ՔՊ-ի կայացման գործին: Այլևս նկատելի է, որ հանրային ոգևորությունն ու վստահությունն առավելապես ուղղվում են կուսակցաշինության գործին, ինչը քաղաքական փորձագիտական շրջանակների գնահատմամբ՝ կոռուպցիայի դրսևորման մի յուրահատուկ ձև է:

Դառնալով Փաշինյանի թիմակիցներին, ասենք, որ նորանշանակ պաշտոնյաների շարքում չկա գեթ մեկ խարիզմատիկ քաղաքական գործիչ: Սա ոչ միայն նորմալ վիճակ չէ, այլև խիստ վտանգավոր է՝ առաջին հերթին երկրի համար, հետո նաև՝ հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի: Նախ, միայնակ, առանց թիմի ու քաղաքական ուժի, նա չի կարող, միայն հանրային վստահության վրա հենված՝ առաջ մղել պետականաշինության գործընթացը: Ինչպես ասացի՝ բացակայում է նաև հենարան քաղաքական ուժը: Ստացվում է, որ ոչ թե Փաշինյանն է հենվում քաղաքական ուժի՝ ՔՊ-ի վրա, այլ հակառակը՝ ՔՊ-ն է հենված Փաշինյանի հեղինակության վրա:

Վարչապետի համար մյուս մեծագույն վտանգն իր իսկ նշանակած կադրերն են, որոնք իրենց վատ աշխատանքով, ոլորտի չիմացությամբ ուղղակի կարող են շատ արագ մսխել լիդերի վաստակած հեղինակությունը:

Շատ ասվեց, որ կառավարության անդամների մեծ մասը չունի փորձ, չունի կառավարման հմտություններ: Բայց ոչ ոք չի ասում՝ այդ անփորձությունն, արդյոք, չի՞վտանգի պետական համակարգը: Երիտասարդական ավյուն ունենալը, ինչ խոսք՝ լավ է, բայց պետական կառավարումն <ավյունից> բացի, ենթադրում է բազմակողմանի իմացություն, առանձին ոլորտների վերլուծությունների վրա հիմնված որոշումների կայացում: Միայն երիտասարդական ավյունով առաջնորդվելը բավարար չէ ու չի կարող օգնել ոլորտին անտեղյակ երիտասարդին՝տիրապետել այդ ամենին:

Շիրակի մարզպետի նշանակումը գյումրեցիների սրտով չէր. «անփորձ մեկին բերեցին մեր գլխին ղեկավար կարգեցին», ի սկզբանե դժգոհեցին ու հիմա գյումրվա անեկդոտներ են հյուսվում մարզպետի անձի շուրջ, որոնց համար որպես աղբյուր ծառայում են հենց իր՝ մարզպետի փայլուն մտքերը: Օրինակ, ասել էր՝ «Շիրակը մշակույթային մարզ է, այստեղ զարգացած է գյուղատնտեսությունը», իսկ լրագրողի հարցին՝ ինչպե՞ս եք զգում ձեզ նոր պաշտոնում, մարզպետ Կարեն Սարուխանյանի պատասխանը՝ «հոգնած», դարձավ ԱրմՔոմեդիի օրվա «բոցը». հոգնածներն ի՞նչ գործ ունեն հեղափոխությամբ իշխանության եկած կառավարության կազմում: Գյումրում արդեն համոզված են՝ մարզի խնդիրներին չտիրապետող մարզպետը աշխատանքները տանուլ է տալիս՝ հեղինակազրկելով վարչապետին:

Նախարարությունների շարքում՝ տխուր պատկեր է ԿԳ-ում. մամուլում արդեն կա տեղեկատվություն, որ նախարար Արայիկ Հարությունյանը պարալիզացրել է աշխատանքները: Պարզվում է, Հարությունյանը չի կարողանում ներսում ստեղծել թիմային աշխատանք, խտրական վերաբերմունք ունի աշխատակիցների հանդեպ՝ նրանց բաժանել է յուրայիների ու օտարների: Որոշումները կայացնում է միայն իր մարդկանց՝ երկու փոխնախարարների հետ: Վարչության պետերն անտեղյակ են նախարարի որոշումներից: Անգամ այս կամ այն միջոցառման մասնակցության մասին վերջիններս միայն վերջին պահին են տեղեկանում:

Կադրային առումով՝ վիճակը վատ է նաև գերատեսչությունների միջին օղակներում, որտեղ առավել սրությամբ է երևում Փաշինյանի կառավարության կադրային սուղ ռեսուրսը:

Ակնհայտ է, որ այս կամ այն գերատեսչության արդյունավետ գործունեությունը պայմանավորված է հենց միջին օղակի լավ, կամ վատ աշխատանքով: Մինչդեռ հենց միջին օղակներում ունենք անէնտուզիազմ, անհավես, անտեսլական, հոգնած դեմքեր, որոնք իրենց ծուլությամբ լճացրել են տվյալ համակարգը: Պարզվում է, որ <Նոր Հայաստանում> ևս, հնից ժառանգված <ավանդույթով>, միջին օղակներում աշխատանքի տեղավորումը կատարվում է քավոր-սանիկական կապերով: Ի դեպ, այս գործոնը առավել ակտիվ է հիմա աշխատում փորձագետ-խորդատուների ընտրության հարցում: Քանի որ մեծ թիվ են կազմում ոլորտին անտեղյակ պետական պաշտոնյաները, վերջիններս փորձում են այդ բացը լրացնել իրենց շրջապատելով բազմաթիվ խորհրդատուներով: Արդյունքում՝ աննախադեպ աճել է խորհրդատուների թիվը կառավարությունում: Ինչն էլ նշանակում է բյուջետային միջոցների հսկայական վատնում:

Ինչևէ, իշխանության ներսում առկա այս իրավիճակը երկար շարունակվել չի կարող: Թեպետ գործ ունենք ժամանակավոր կառավարության հետ, որի կարևորագույն խնդիրն է հնարավորինս արագ անցկացնել արտահեթ ընտրություններ, միևնույն է՝ կառավարության ղեկավարը չի կարող աչք փակել այս ամենի վրա: Քանզի այսօր նկատվող ոչ արդյունավետ աշխատանքն ուղղակիորեն հարվածելու է թե՛ սեփական հեղինակությանը, թե լրջագույն վտանգ է լինելու երկրի համար:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ