Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Կոլորադյան վնասատուն. Մարտուն Հովհաննիսյան. Անդին

am
Koloradyan vnasatown. Martown Hovhannisyan. Andin_97407

Ինչքան ագահություն՝   այդքան դաժանություն

 

 Կանցնեն շատ տարիներ, և Խուան Մարտին Կաստանեդա-Կրտսերը, պահպանողական հրամանատար Ալեխանդրո Գոնսալես Մորիենտեսի   գնդի պարենը ուշացնելու մեղադրանքով գնդակահարութան պատի տակ կանգնած, անկարողությունից ծնված զայրույթով կհիշի իր ապուպապի արած «Լավ է, դե՜, էսքանն էլ է դրանց շատ» արտահայտությունը:

 

 

(Պարենը ուշացնելու պատճառն այն էր, որ նա չէր հասցրել ժամանակին հայթայթել պահանջված քանակությամբ կարտոֆիլ, որովհետև 1937 թվականին, երբ Իսպանիայում քաղաքացիական պատերազմ էր, կոլորադյան բզեզը կարտոֆիլի բերքի կեսը տարել էր):

 

Քրիստափոր Կոլումբոսի՝ Նոր աշխարհը բացահայտելուց և Հնդկաստանի հետ շփոթելուց հետո չէին հասցրել ակնթարթներ անցնել, երբ մերկանտիլ հոգեբանություն ունեցող Եվրոպայի լուսավոր գլխում մի միտք ծագեց. «Ա՜խր այնտեղ է ոսկին: Կգնա՛նք, ինչ-որ պետքն է այդ կարմրամորթներին կանե՛նք, ոտքներիս տեղ կանենք և ողջ Եվրոպային կլողացնենք ոսկու և ադամանդի մեջ»: Եվ ինչպես լինում է նման գաղափարների դեպքում, նրանք կատարեցին իրենց պլանը, նույնիսկ գերակատարեցին: Ներս հորդող ոսկին եվրոպացիների աչքին երկնքից թափվող մանանա թվաց, ու քանի որ ոսկին ծամելուն հարմար չէ, առանց ծամելու կուլ տվեցին. ոսկին էլ գնաց ուկոկորդներին կանգնեց: Օրինակ՝ Անգլիայում ապրանքների գների միջին մակարդակը բարձրացավ 150 տոկոսով, անգլիացիների կեսի վիճակը իջավ հասավ բերված ստրուկների վիճակին, իսկ մյուս կեսը այդտեղ էլ գլուխները աշխատեցրին՝ սկսեցին ստրուկների կողքին փեննիներով բանեցնել ստրուկների վիճակին հասած ջենթլմեններին:

 

Մի խոսքով, ոսկով լողացնելու փոխարեն եվրոպացիներին ոսկու մեջ մեռցրին թաղեցին:

 

«Կուլ չգնացած ոսկու» ամբողջ արարը տեղի էր ունենում Եվրոպայում, որը այդ ժամանակների Ամերիկայի հետ համեմատած կարելի էր համարել երկնքի յոթերորդ շերտը:

 

Այսինքն՝ Ամերիկայում վիճակը վատ էր, շա՜տ ավելի վատ:

 

Եվրոպայի ոսկե լոգանքից անցավ մոտ չորս հարյուրամյակ, և Հյուսիսային Ամերիկայում, ավելի կոնկրետ՝ ԱՄՆ-ում, սկսվեց քաղաքացիական պատերազմ:

 

ԱՄՆ-ի հարավում պլանտատոր-ստրկատերերն էին, հյուսիսում՝ արդյունաբերող-փողատերերը: Եկավ մի պահ, որ հնդիկները՝ ոչ թե հնդկացիները, այլ հենց հնդիկները՝ Հնդկաստանի հնդիկները, չար կատակ խաղացին ամերիկացիների հետ՝ ԱՄՆ-ի պլանտատորները կորցրին համաշխարհային շուկայում բամբակի վաճառքի մենաշնորհը՝ իրենց տեղը զիջելով Հնդկաստանի՝ կատաղի տեմպերով ցանող-հավաքող բամբակագործներին:

 

Հիմա կասեք՝ այս ամենը ի՞նչ կապ ունի գնդակահարության պատի տակ կանգնած Խուան Մարտին Կաստանեդա-Կրտսերի հետ. ինքը Իսպանիայում (1930-ական թվականներ), իսկ ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմը՝ ԱՄՆ-ում (1860-ականներ): Բանն այն է, որ Խուան Մարտին Կաստանեդա-Կրտսերի ապուպապը՝ Խուան Մարտին Կաստանեդա-Ավագն էլ էր մասնակցում այդ պատերազմին:

 

Խուան Մարտին Կաստանեդա-Ավագը պլանտատոր-ստրկատեր էր Կոլորադո նահանգում: Երբ սույն նահանգում քաղաքացիական պատերազմի օրերին տեղի բնիկները՝ շայենները և արապախոները, գլուխ բարձրացրին իրենցից խլված իրավունքների վերականգնման համար, Խուան Մարտին Կաստանեդա-Ավագը, ատամները սրած և Արիստոտելի՝ ստրկությունն արդարացնող ՙլուսավոր՚ գաղափարները մտքում, պայքարում էր ստրկացվածների և հալածվածների դեմ: Բայց արի ու տես, որ իր գաղափարների կյանքի կոչումը ձախողելուց հետո էլ Խուան Մարտին Կաստանեդա-Ավագը չկորցրեց կարտոֆիլի իր պլանտացիաները: Նա իրեն ամեն բանից անտեղյակ հիմարի տեղ դրեց և շարունակեց կարտոֆիլի վարուցանքը ու կամաց-կամաց ընդլայնեց իր բիզնեսը:

 

Եկավ հասավ 1876 թվականի հունիսը, երբ Խուան Մարտին Կաստանեդա-Ավագը առաջին անգամ կարտոֆիլ էր ուղարկելու Եվրոպա: Նա ուրիշ ոչ մի բանի մասին չէր մտածում՝ բացի իր բիզնեսն ընդլայնելուց և ապագայում «Միստր Կարտոֆիլ» կոչումն ստանալուց. Խուան Մարտին Կաստանեդա-Ավագը կարտոֆիլի բերքը վագոններ բարձել էր կարտոֆիլի տերևներն ուտող բզեզների հետ միասին:

 

Բարձելուց առաջ Խուան Մարտին Կաստանեդա-Ավագի կինը՝ Օլիվիա Ռիվերա Դիասը, վախը սրտում նայելով ամուսնու՝ փառասիրությունից և շահամոլությունից հրդեհվող աչքերին, ասաց.

 

-Խուան, գուցե բերքը բզեզներից մաքրենք, նո՞ր ուղարկենք:

 

-Լավ է, դե՜, էսքանն էլ է դրանց շատ:

 

 

 

POST SCRIPTUM

 Խուան Մարտին Կաստանեդա-Ավագը իր երազած «Միստր Կարտոֆիլ» կոչման փոխարեն հետմահու արժանացավ «Կոլորադյան Վնասատու» մականվանը:

 

 

Մարտուն Հովհաննիսյան/ Անդին

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ