Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Կուտակայինի գումարները ՀՀ բյուջե չեն գալիս. տնտեսագետ

am
Kowtakayini  gowmarnere  HH byowje ch`en galis. tntesaget _67286

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

 

-Պարո՛ն Առաքելյան, կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված  քննարկումները կրկին ակտիվացել են: Այս դեպքում, հասարակությանն ամենաշատը հուզող խնդիրը կապված է այդ գումարների վերադարձման ժամկետների հետ,  կա մեծ անվստահություն, որ արագ փոփոխվող համաշխարհային տնտեսության մեջ այս գումարները դժվար թե հասնեն  իրենց շահառուներին: Ձեր դիտարկումները համակարգի ժամկետայնության և դրա նկատմամբ վտահության վերաբերյալ:

 

-Կուտակային կենսաթոշակային համակարգը ենթադրում է  հավաքագրված գումարների ներդրում  տարբեր պարտատոմսերում և բաժնետոմսերում՝  10-20 տարի ժամկետայնությամբ: Համակարգի վերադարձելիությունը  ավելի երկար է՝ միջինը 30-35 տարի հետո: Այստեղ խնդիրը կապված է ժամկետների հետ, առաջարկվում էր վերադարձման հետ կապված սահմանել ավելի կարճ ժամանակահատված:
Սակայն, ժամկետի երկարությունը որևէ ձևով  չի կարող նվազեցվել, հաշվի առնելով  համակարգի էությունը, քանի որ մարդիկ գումարը պետք է ստանան կենսաթոշակի տարիքի հասնելուց հետո, որը Հայաստանում 63 տարեկանից է:

Ինչ վերաբերվում է վստահության բացակայությանը, միանշանակ համաձայն եմ, քանի որ 30-40  տարի հետո տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, առավել ևս ֆինանսատնտեսական,այստեղ  ոչ թե վստահության պակաս կա, այլ  նույնիսկ կարող ենք ասել, որ այդ գործոնն արհեստական է, քանի որ 30-40 տարի հետոյի վերաբերյալ վստահության կամ անվստահության մասին այսօր ներկայացնելն ընդամենը կանխատեսում է:


Սրա վրա կարող են ազդել նաև բնական գործոնները, քանի որ շատ քաղաքացիներ ուղղակի չեն հասնում կենսաթոշակային տարիքի:


Ես կարծում եմ՝ ժամանակի և ռեսուրսների ավելորդ վատնում է տեղի ունենում, երբ փորձում ենք 30-40 տարի հետոյի նկատմամբ վստահություն ձևավորել:
Եթե փորձենք 30 տարով հետ գնալ, ապա այն ժամանակ ՀՀ-ն այսօրվա տեսքով գոյություն չուներ, այդքան արագ զարգացումներ են տեղի ունենում:  

-Այդ ներդրումներից ՀՀ-ն արդյո՞ք ունի որոշակի եկամուտներ, թե՝ ոչ:

-Այս գումարները ՀՀ բյուջե չեն գալիս,  ընդհակառակը, այս գումարները ներդրման տեսքով  տարբեր  տեղեր են ուղղվում:  Դրանց մի մասով Հայաստանի պետական պարտատոմսեր են ձեռք են բերվում, որը  վճարվում է պետբյուջեի միջոցներով: Այսինքն, այս գումարները դեռ մի բան էլ Հայաստանի համար լրացուցիչ ծախս են՝ 5 տոկոս, որի արդյունքն այսօր չենք ստանում: Բյուջեի 5 տոկոսը  բավականին մեծ թիվ է: Դա հետ կգա միայն 40 տարի հետո, երբ մարդկանց եկամուտներում հայտնվի կենսաթոշակի տեսքով և դրանից հետո նոր մտնի տնտեսության մեջ:

 

-Այդ դեպքում ո՞րն է Հայաստանի շահը, ինչու՞ ենք մտել այդ համակարգի մեջ, եթե արդյունքի մասին կարող ենք խոսել 40 տարի անց, այն էլ այսօրվա արագ զարգացող և անկայուն աշխարհում:

 

-Այս համակարգը միջազգային ֆինանսական ոլորտի ընդունելի համակարգերից մեկն է, որը որոշ երկրներում ներդրվել է, որոշներում՝ չի հաջողվել: Խնդիրը կապել այլ երկրների հետ իրատեսական չէ, միջազգային գործընկերների  համար սա,  այո, որոշակի բարեփոխումների տարր է, բայց չեմ կարծում, որ Հայաստանում այս  համակարգի բացակայությունը ֆինանսական կազմակերպությունների  հետ խնդիր առաջացնի:
Այստեղ երկու խնդիր կա, այն, որ հետագայում կենսաթոշակառուների թիվն աշխատողների թվից ավելանալու է,  քանի որ ծերացող երկիր ենք, և այդ պահին հավաքագրված գումարները չեն բավարարելու  կենսաթոշակների համար:
Երկրորդ գործոնը կենսաթոշակի առավելագույն արդարացիության ապահովումն է, այսինքն, մարդն այսօր շատ աշխատավարձ է ստանում, հետո էլ՝ շատ թոշակ: Սա, ամեն դեպքում,  վիճելի հարց է, քանի որ թոշակառուների ապահովումը չպետք է արվի նախկինում կատարված աշխատանքի դիմաց:

Երրորդը՝ ֆինանսական տեսանկյունից  երկարաժամկետ  գումարների հավաքագրում է, որն այսօր հավաքվում է, օգտագործվում  և վերադարձվում է 30-40 տարի հետո:  Սա որոշ երկրներում հնարավորություն է տալիս երկարաժամկետ ներդրումների համար գումարներ հավաքագրել:  Բայց այս ամեն ինչը պետք է դիտարկել տնտեսության, առկա խնդիրների և հասարակության համատեքստում, եթե համակարգն անջատվի վերոհիշյալներից, ապա կդառնա արհեստական և վիճելի մի բան:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ