Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Կյանքից հեռացել է գյումրեցի բանաստեղծուհի, ՌԱԿ անդամ Ամալյա Կարսյանը

am es
Kyank`its` herhats`el e gyowmrets`i banasteghtsowhi, RhAK andam Amalya Karsyane_64340

67 տարեկան հասակում 2018թ. հունիսի 2-ին անբուժելի հիվանդությունից իր մահկանացուն կնքեց գյումրեցի սիրված բանաստեղծուհի, արձակագիր, գրաքննադատ, Ռամկավար Ազատական կուսակցության անդամ, հրաշալի մարդ և կուսակից ընկեր Ամալյա Կարսյանը/Սերոբյան/:

Ծնվել է 1950թ. հունվարի 27-ին, Լենինականում/Գյումրի/: Սովորել է տեղի թիվ 13 միջն. դպրոցում, ապա ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի փիլիսոփայության բաժինը:

Հայոց պատմություն է դասավանդել Լենինականի թիվ 36 միջն. դպրոցում: 1996-1999թ. ուսուցչություն է արել Արցախի Քաշաթաղ- Մարտունաշենում:

Գրական ստեղծագործությունները տպագրվել են Շիրակի մարզային մամուլում, «Գարուն» ամսագրում, «Ավանգարդ» թերթում, «Գրական կամուրջներ» ժողովածուում, «Բառ և բան», «Գրական Շիրակ», «Գրական Գյումրի»/2015/ ալմանախներում:

2007թ. լույս է ընծայվել նրա «Հագարա», 2016-ին «Սիրո կանթեղ», 2017-ին «Կեցության կայմեր» բանաստեղծական ժողովածուները:

Բանաստեղծական Կարսյան անունը վերցրել է կարսեցի նախնիների ծննդավայրի անվանումից:

Բոլորովին վերջերս գրչակից և կուսակից ընկերները անցկացրեցին բանաստեղծուհու պոեզիային նվիրված ցերեկույթ, որի ընթացքում գրչակից և կուսակից ընկեր, բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Արա Արթյանը սեղմ և դիպուկ ներկայացրեց նրա պոեզիան: Ահա թե ինչպիսին է Կարսյանի ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԵՐԱՅԻՆ ՀՄԱՅՔԸ

Ամալյա Կարսյանի բանաստեղծությունը իր եսի ու խառնվածքի նման ապրում է ջրային տարերքով: Եվ դա օրինաչափ է. կյանքը և կենսականը ջրի ծնունդ են: Ջուրը հնուց ի վեր խորհրդանշել է մարդկային կյանքի ուղին իբրև օրենսդիր և ուսուցիչ:

Ջրհոս ես, ջրի օրենքներով ապրիր,
Հազար հնչյուններով ալեբախ
Հանձնվիր օրվան անքեն, անխոս,
Մեկընդմիշտ բխուն,
Ինչպես ջուրն է հանձնվում հողին,
Լույսը` աշխարհին, և նյութը` հրին:

Իր թաց խեցիում լսելի է ծովի խշշոցը: Ջրի մետամորֆոզները ամենուր են` իբրև անձրև /Տարափիր անձրև/ Ակոսիր երակներն հողի/ Իջիր անձուկին, անհայտին/ Ժայռ ու հողի երակն է զգում քեզ/ Մութ ընդերքի ցորյանն արթնացրու / Իմ ապրեցնող անձրև/:
Ալիքի, ջրի ընթացքը իր նախասիրությունն է, իր ազատությունը / Ջուր էի /Երբ ծանրացա հողի պես/:

Գրքի վերնագիրն իսկԿեցության կայմեր»/ դարձյալ ջրին է աղերսվում: Կայմը, առագաստը, քամին և ջուրը, որ կարող է և՛ կործանել, և՛ հանել պայծառ ափեր/ Ի՜նչ անհայտ ափից դու եկար/ Եվ թեքվեց կայմը իմ առագաստի... /բայց և /Քամի, ինչքան էլ փլվես քունքերիս /Հոգիս ծովի պես բաց է, տարածուն /Քամի ինչքան էլ խճճես օրս /ես դարձյալ մաքուր ափին կմնամ/: /Իմ մեջ խեցիներ որոնեք /Արեգական փայլով /Եվ բաբախ խռովյալ ծովի/:
Ամալյա Կարսյանի բառը սոսկ բառ չէ, ոչ էլ բանաստեղծությունը` սոսկ գիր: Բառը կենդանի էակ է, բանաստեղծությունը` փորձությունների միջով անցած, ցավի ու սիրո մեջ թրծված կանացի խառնվածք, ուժեղ ու փխրուն, ուժեղ կաթիլի պես, որ քար է ծակում. /Թող դառնամ կաթիլն այն փոքրիկ /Որ ճեղքում է անգթությունը քար /Եվ գնում է քարը սրտի միջով /Պայծառացնելու մի տունկ.../:
Ի տարբերություն տղամարդու, կնոջ երազանքը սրնգի վերածվելն է, այսինքն` մեղեդիացումը /Ես քո կողից պոկված /Ոսկորե սրինգ /և /Խլեք ինձ ճահճուտից և շվի սարքեք /Ես կարթնանամ հնչյուններ դարձած.../:
Բանաստեղծուհին ցանկությունից անցնում է դեպի համատարած սերը, երևակայության թռիչքից դեպի հավատամքը: Բանաստեղծական ոգեշնչումը վերածվում է ազատության զգացումի: Իր բանաստեղծությունը փորձի ծնունդն է, շատ բան ճաշակած ու տեսած մարդու հոգևոր հոլովակ: /Ես կին եմ, գավաթ եմ փշրվող /Տարօրինակ հնչյուններով առլեցուն /Ցնծություն եմ արշալույսի աչքերով/: Ճիշտ է նկատել շիրակցի բանստեղծ Վահան Սևանը. բանաստեղծուհին տիեզերական ներդաշնակության մեջ է տեսնում գոյության ամեն մի դրսևորում, գտնում անտեսանելի կապեր և այդ ամենը հաղորդում խիտ և ճշգրիը արտահայտչամիջոցներով: Ամենադժվարին վիճակում իսկ նա փառաբանում է /Ճաքած արմատդ ընձյո՜ւղ է տալիս /փառաբանեմ բողբոջ և արմատ /Հասուն լռությամբ/:
Հասուն լռությամբ, առանց ինքնագովազդի, ապավինելով բանաստեղծության ինքնաբավ ուժին` Ամալյա Կարսյանի գիրը փոխանցվում է մեզ, հարստացնում մեր ներաշխարհը, մեզ հաղորդակից դարձնում իր տագնապներին.

Ո՞վ ենք մենք,
Լույսով լցված դատարկ գավ,
Այսօր` ծաղիկ, Վաղը` կավ...

Բանաստեղծուհու պայծառ հիշատակը միշտ վառ կմնա գրչակից և կուսակից ընկերների և նրա պոեզիայի երկրպագուների սրտերում:

 

 

Հովիկ Կարապետյան

ՌԱԿ Շիրակի մարզային կառույցի համակարգող

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ