Լավագույն գործերի հիմքը ոգեշնչումն է. Նուբար Ասլանյան (Լուսանկարներ)

Lavagowyn gortseri himk`e ogeshnch`owmn e. Nowbar Aslanyan (Lowsankarner)_7729

Իսրայելում բնակվող հայ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը հետաքրքիր կենսագրություն է ունեցել եւ բեղուն ստեղծագործական կյանք: Ծնվել է 1943 թվականին՝ Հունաստանում, 1946-ին շատ հայրենադարձների պես նրանց ընտանիքը նույնպես հայրենադարձվել է Հայաստան, որտեղ ստացել է իր կրթությունը, ընդ որում՝ անցնելով երաժշտական արհեստավարժ կրթության բոլոր ճանապարհներով: Հեղինակ է սիմֆոնիկ, կամերային, խմբերգային, վոկալ ստեղծագործությունների: Գրել է նաև երաժշտություն մանուկների համար:

Նրա ստեղծագործությունները հնչել են ԱՄՆ-ում, Կանադայում, նախկին Հարավսլավիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Շվեդիայում, Շվեցարիայում, Հարավային Կորեայում (ACL 9), Գերմանիայում, նախկին ԽՍՀՄ հանրապետություններում, Իսրայելում, Հայաստանում և այլուր:

Նուբար Ասլանյանը սիրով պատասխանեց «Հայ Ձայն»-ի հարցերին:

-Հե՞շտ է արվեստագետի համար ապրել ու ստեղծագործել Սուրբ հողի վրա: Հայաստանից հեռու ի՞նչն է Ձեզ համար ոգեշնչման աղբյուր հանդիսանում:

-Գիտեք, մի քիչ «հեռվից» գամ՝ Եթե Տերը շնորհել է տաղանդ, ապա Սուրբ Հող, թե պատկերավոր ասած՝ Լուսնի վրա, միեւնույն է, արվեստագետը պիտի արարի եւ ոչ նրա համար, որ նա ուզում է, այլ հատկապես նրա համար, որ... չի կարող չարարել: Կոմպոզիտորների համար կար մի այսպիսի ասացվածք` «Կոմպոզիտորը նա չէ, ով գրում է երաժշտություն, այլ նա, ով չի կարող չգրել...»: Կարծում եմ՝ նույնը կարելի է ասել բոլոր արվեստագետների համար: Գալով ոգեշնչմանը՝ փառք Աստծո, պակաս չենք զգում՝ լինեն դրանք դրական, թե բացասական էմոցիաներ: Անհամեստորեն ասած, իմ մի շարք ստեղծագործություններ դրա արգասիքն են՝ Դաշնամուրի Սոնատ, 2-րդ, 3-րդ, 4-րդ լարային

կվարտետները, «Սիփանա քաջեր» կոնցերտ-պոեմը, «Սարդարապատ» քայլերգ պոեմը... Շատ կան, իսկ առհասարակ, կարծում եմ՝ լավագույն գործերի հիմքը ոգեշնչումն է, եւ ինչպես ասացի, սա վերաբերվում է թե՛ դրական եւ թե՛ բացասական զգացմունքներին:

-Ինչպիսի՞ն է արվեստագետի համար կյանքն Իսրայելում: Հնագույն ժողովուրդներ ինչպե՞ս են կողք-կողքի ապրում:

-Արվեստագետի համար ոչ մի տեղ էլ հեշտ չէ, մանավանդ, երբ նա ունի իր սկզբունքներն ու պատրաստ չէ զիջումների: Գալով հնագույն ժողովուրդներին՝ Իսրայելում ապրում են հրեաներ, արաբներ, դրուզներ, չերքեզներ, իսկ հայերը՝ չորրորդ դարից: Ապրում են միատեղ, բայց պահպանելով իրենց ազգային սովորույթները: Ապրում են այնպես, ինչպես ցանկացած ընտանիքում, այսինքն՝ լինում են ե՛ւ խաղաղ, ե՛ւ անհանգիստ օրեր: Բայց հիմնականում նորմալ է, քանզի թե՛ խաղաղ, թե՛ անհանգիստ պահերը պետության հսկողության տակ են՝ իր բոլոր ելեւէջներով՝ վեր կամ վար...

-Տարբերակում կա՞ Հայաստանում գրված Ձեր ստեղծագործությունների և Իսրայելում ծնվածների միջև:

-Ամեն բան կախված է մարդու (ստեղծագործողի) խառնվածքից՝ դաշնամուրի համար Հայաստանում գրածս Սոնատը, որը նվիրել եմ առաջին կատարող Կարինե Բաղդասարյանին եւ հատկապես «Բոլոր նրանց, ովքեր անցան հայաստանյան մութ ու ցուրտ ձմեռը 92-93 թվերին» (այս տողերը գրված են Իսրայելում կատարված եւ հրատարակված նոտաների մեջ՝ հայերեն եւ անգլերեն) մի կողմից, եւ մյուս կողմից, 2006 թվի լիբանանյան երկրորդ պատերազմի առթիվ անմեղ զոհերին նվիրված

Մենանվագ Ալտի համար գրածս «Դիմում» ստեղծագործությունը, ունեն նույն նպատակը եւ ստեղծվել են նույն՝ մարդկային ողբերգությունը մոտ զգալու զգացմունքից՝ անկախ ազգությունից եւ երկրից: Կարծում եմ՝ իսկական արվեստագետի համար պիտի հավասար լինեն մարդկային բոլոր ողբերգությունները, իսկ ես համարում եմ, որ մեր անցկացրած մութ ու ցուրտ տարիները ողբերգություն էին, ողբերգություն, որ դիտավորյալ փաթաթեցին ժողովրդի վզին, որ զբաղվենք միայն մեր ցավերով եւ շեղվենք բուն պատճառ թեմայից... Այսօրվա աղագյադեքը այդ թվերին փող դիզող, գռփողներն են անպատիժ են... Հետեւանքը արտագաղթն է...

-Այժմ ի՞նչ ստեղածագործություններ եք նախապատրաստում Ձեր ունկնդրի համար:

-Գիտեք, անհամեստ չլինի, ես բազմաժանր ստեղծագործող եմ՝ ժողգործիքներից մինչեւ սիմֆոնիկ նվագախումբ, գումարած նաեւ կինո (բոլոր պարտիտուրները ես եմ գրում...): Այսօրվա վիճակով ինչ էլ գրեմ, պիտի լինի գրածս ժանրերի կրկնողությունը... Մտածում եմ՝ հետն էլ մի քիչ առողջական խնդիրներ կան: Ես շատ կուզեի լինել 47 տարեկան, բայց, ցավոք, 74 եմ...Այնուհանդերձ, կարծում եմ՝ դեռ ամեն ինչ առջեւում է...

-Ապրելով Սուրբ Հողում ինչպե՞ս է Ձեզ հաջողվում պահպանել սովորույթները, որ երկար ժամանակ ձեռք եք բերել Հայաստանում: Արդյո՞ք այդ հարցում օգնում է երաժշտությունը:

-Երաժշտությունը, անտարակույս, բայց առաջին հերթին ընտանիքն է, եւ այն սովորույթ - ավանդույթներն ու «օրենքները», որ ներդրված են «քոքից»՝ արմատից... Իսկ ով ձգտում է «Հռոմի պապից ավել կաթոլիկ երեւալ», չեմ նախանձում նրան, արդյունքում նրանց սպասում է հայտվել ռուսի ասած «не рыба,не мясо» վիճակում:

Ես Իսրայելում չեմ ծնվել, բայց Հայֆայի քաղաքապետարանը շուքով նշեց եշւ 60- ամյակս, ե՛ւ 70-ը՝ պարգեւատրելով հատուկ մեդալով եւ պատվոգրով՝ իսրայելյան երաժշտության առաջընթացին նպաստելու համար... (անհամեստ չհամարվի...):

-Լինելով Հայաստանում ուսում առած արվեստակիր՝ Իսրայելի բնակչությանը ներկայացնո՞ւմ եք հայակական արվեստն ու մշակույթը:

-Եթե թույլ կտաք Ձեր հարցին անհամեստ պատասխանեմ՝ այստեղ իմ մասին երաժշտագետը գրել էր. «Գրում է ազգային երաժշտություն ժամանակակից կոմպոզիտորական տեխնիկայով»: Ի դեպ,այդ մասին նշում են նաեւ իմ կատարողները՝ բավական է ծանոթանալ Մոսկվայում լույս տեսած «Օրկեստր» ամսագրում Բորիս Տուրչինսկու՝ իմ մասին գրած մեծածավալ հոդվածի հետ (ռուսերեն եւ անգլերեն), որտեղ նույնը ասում են իմ կատարողները՝ խոսքս «հայերեն» ձեռագրիս մասին է... Իսկ գալով գործերս ներկայացնելուն՝ փառք Աստծո ավելի շատ, քա՝ն Հայաստանում: Իմ ստեղծգործական պահուստից մնացել է չկատարված միայն չորս ստեղծագործություն՝ երեք խմբերգ սիմֆոնիկի հետ եւ մեկ խմբերգ «ա կապպելլա» (առանց նվագակցության)... Իմ «Հիմն Արցախին» երգչախմբի եւ նվագախմբի համար գրված գործը սպասում է իր կատարմանը 1990 թվից... Չեքիջյանը փող ուզեց, որ կատարի, իսկ որ հայրենասիրությունից հարցնեք, պահ պահ պահ... էնպիսի բառեր... Զարմանում եմ, Կորեայում՝ 12 երկրների փառատոնում, Լեհաստանի ռադիոյի երգչախումբը կատարեց (2009թիվ) իմ «Բերքի տոն» Կանտատը հայերենով (կա Յութուբում), իսկ հայ «հայրենասերները»... Ավելի լավ է բերանս փակեմ...

-Ինչպե՞ս մտահղացաք Նոր Հարավային Ուելսի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին նամակ հղել՝ խնդրելով հնարավորություն ստեղծել, որպեսզի ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող «Սիփանա քաջեր» ստեղծագործությունը հնչի Սիդնեյում:

-Օգնեց, հայերեն ասած «քթի ծակը» (որ ասում են «բա քթի ծակ չունե՞ս»):

Ծանոթացա Գլեդիս Բերեջիկլյանի կենսագրության հետ, («մի քիչ» զբաղվում եմ քաղաքականությամբ) իմացա, որ նրա ընտանիքը անցել է ցեղասպանության «ճանապարհով», եւ թե ինչ բարձունքի է հասել հայուհին: 2015 թվի հունվարի 30-ին Երեւանում՝ 100-րդ տարելիցի կապակցությամբ կատարվեց (10 տարի ինձ քրքրելուց հետո) ցեղասպանությանը նվիրված Շեփորի եւ նվագախմբի համար հեղինակածս «Սիփանա քաջեր» կոնցերտ-պոեմը: Մենակատարը հայոց ցեղասպանությունը չճանաչող Իսրայելի հանրահայտ ֆիլհարմոնիկի առաջին շեփորահար Ռամ Օրենն էր: Միտք հղացավ շնորհավորել տիկ. Բերեջիկլյանին Ավստրալիայի Հարավայի Ուելս նահանգի վարչապետ ընտրվելու առթիվ, նաեւ խնդրանքով առաջարկել, որպես ցեղասպանություն անցած ընտանիքի անդամ, աջակցելու «Սիփանա քաջերի» կատարմանը Սիդնեյում: Նվիրեցի նրան Իսրայելում լույս տեսած Պարտիտուրի մեկ օրինակ, DVD խտասալիկի վրա կոնցերտի տեսագրումն ու նվագախմբի գործիքների նոտաները: Կեցցե ինքը՝ նյութը հանձել էր Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբին, որի մասին գրել էր իր շնորհակալական պատասխան նամակում, ընդ որում, անգլերեն գրված Aslanyan մականվանս վրա թեթեւակի գիծ էր քաշել եւ հայերեն գրել Նուպար... Շնորհակալ պատասխանովս հայտնեցի, որ ինձ համար մեծ պատիվ կլինի իր հետ ներկա լինել ստեղծագործության կատարմանը... բա՞...

-Ձեր որդին ևս երաժիշտ է և Համահայկական նվագախմբում է հանդես եկել ապրիլի 24-ին տեղի ունեցած համերգի շրջանակներում: Մեկ ընտանիքում մեկից ավելի երաժիշտների առկայության դեպքում ի՞նչ խնդիրներ են ծագում սովորաբար:

-Մեր ողջ ընտանիքն է երաժիշտ (ադպես ստացվեց): Կինս 20 տարի դասավանդել է Երեւանի Արմեն Տիգրանյանի անվան երաժտական դպրոցում (տեսություն եւ ընդհանուր դաշնամուր), դուստրս՝ Լուսինեն, ավարտել է Կոմիտասի անվ. Կոնսերվատորիայի, Ղազարոս Սարյանի կոմպոզիցիայի դասարանը, փեսաս՝ Դավիթը, նույնպես սովորել է Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, ֆլեյտայի բաժինը: Արմենը՝ որդիս, նույն Կոնսերվատորիայի պրոֆեսոր Յուրի Բալյանի շրջանավարտ է (իր տիկինը՝ Նաիրան, նույնպես ունի երաժշտական 7 ամյա կրթություն): Արմենը Հայֆայի սիմֆոնիկի եւ «Բիգ բենդ» ջազ նվագախմբի նվագախմբի շեփորահար է, մենակատար, ստեղծել է «Բիտ» կենտրոնին կից իր երիտասարդական «Բիտ բենդ» նվագախումբը եւ համերգներով հանդես է գալիս զանազան միջոցառումների ժամանակ: Համահայկական նվագախմբում նրա մասնակցության հեղինակը, կարծում եմ, մաեստրոներ էդվարդ Թոփչյանը կամ Կարեն Դուրգարյանն են՝ նրանք լավ գիտեին Արմենին: Գալով Ձեր ասած թե «ի՞նչ խնդիրներ են ծագում սովորաբար», կասեմ, որ բոլորիս համար ճշմարտությունն այն է, որ «առաջին օկտավայի դո-ն գտնվում է հնգագծից վար, առաջին օժանդակ գծի վրա»...

Image may contain: 6 people, people standing

Image may contain: 2 people, indoor

Image may contain: 2 people, people smiling

Image may contain: one or more people and indoor

Image may contain: one or more people

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ