Մեր դպրոցն իսկապես երաժիշտների դարբնոց է. Մարտուն Կոստանդյան

Mer dprots`n iskapes erazhishtneri darbnots` e. Martown Kostandyan_6781

«Հայ ձայնը» զրուցել է Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանի հետ:

-Ինչպե՞ս կբնութագրեք 1930-ականներին ստեղծված դպրոցի անցյալը, ներկան ու ապագան:

Դպրոցը մոտավորապես ութսուն տարեկան է, տասնյակ տարիներ տվել է փայլուն շրջանավարտներ, որոնք այսօր փայլում են համաշխարհային բեմերում, հանդիսանում են նվագախմբերի երաժիշտներ և այլն:

Դպրոցը կառուցված է լուրջ ավանդույթների հիման վրա և ողջ հանրապետությունում միակն է իր տեսակով՝ որպես մասնագիտացված և հանրակրթական դպրոց. մասնագիտական կրթությանը զուգահեռ մեր սաները ստանում են նաև հանրակրթական կրթություն: Դպրոցը ունի երաժշտական գործիքներով հագեցած դասարաններ, առկա է նվագախմբային ողջ կազմը՝ փողային, ժողովրդական, լարային և ստեղնաշարային գործիքներ: Տասնամյակներ մեր դպրոցը Կոնսերվատորիայի համար եղել և շարունակում է լինել բազային հաստատություն: Մեր շրջանավարտների ճնշող մեծամասնությունը՝99 տոկոսը, ուսումը շարունակում է Կոնսերվատորիայում:

Անցյալ տարի տեղի ունեցածը մեզ համար հրաշք էր: Յոթանասունականներից դպրոցն այս շենքում է գործում և մինչ այդ հիմնանորոգման չէր ենթարկվել: Սակայն Համահայկական հիմնադրամի շնորհիվ՝ ի դեմս տնօրեն Արա Վարդանյանի, դպրոցն ամբողջությամբ նորոգվեց: Դպրոցում գործող սիմֆոնիկ նվագախումբը, ջութակահարների անսամբլը, փողային նվագախումբը, ջազբենդը ունեցան իրենց լուսավոր, գեղեցիկ, հարմարեցված դասասենյակները: Իսկ դա շատ կարևոր է մեզ համար: Դպրոցը ունեցավ նաև վերելակ, որը կարևոր է դպրոցի պրոֆեսորադասախոսական կազմի տեղաշարժման համար:

Նորոգվեցին երկու դահլիճները, որոնք օգտագործվում են միջոցառումների, դասարանական համերգների, քննությունների անցկացման համար:

Դպրոցի աշակերտների շնորհիվ 2014թ.-ին ֆրանսիական Ռոման Վալանս քաղաքի կոնսերվատորիայի հետ համատեղ ստեղծվեց հայ-ֆրանսիական նվագախումբ՝ կազմված մեր սաներից և ֆրանսիացիներից:

Նվագախումբը ստեղծվեց Վալանսի կոնսերվատորիայի ռեկտոր Մարի-Օրտանս Լակղուայի և Լևոն Չաթիկյանի գլխավորությամբ, իսկ ՀՀ մշակույթի նախարարության շնորհիվ կարողացանք իրագործել մի շարք կարևոր նախագծեր, որոնցից հատկանշական է Ֆրանսիայի մի քանի քաղաքներում Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված համերգաշարի կազմակերպումը: Համերգենրի ծրագիրն ամբողջությամբ կազմված էր հայ կոմպոզիտորների գործերից, եղան նաև վարպետության դասեր:

Նախորդ տարի քսանից ավելի սաներ հյուրընկալեցինք Ֆրանսիայից: Համերգենր կազմակերպվեցին Աշտարակում, Գյումրիում, գալա համերգը տեղի ունեցավ Ա. Խաչատրյան համերգասրահում: 98 երեխա բեմից հնչեցրին և՛ ֆրանսիական, և՛ հայկական ստեղծագործություններ: Պետք է նշել, որ նման նախագծերը հրաշալի հնարավորություն են միմյանց մշակույթները ճանաչելու համար, իսկ ամռանը պլանավորում ենք ամառային դպրոցի շրջանակներում փոխադարձ այցեր կազմակերպել, հանդես գալ համերգներով:

Մշակույթի նախարարության կազմակերպած Մշակութային կանգառ միջոցառումների շարքում դպրոցի ջազբենդը՝ Արմեն Հյուսնունցի գլխավորությամբ, օրեր անց մեկնելու է Աբովյան՝ համերգներով, ունենալու ենք նույն նախագծի շրջանակներում համերգ նաև Աշտարակում, համերգներ կլինեն նաև աշնանը:

Մեր դպրոցի ուժը պրոֆեսորադասախոսական կազմն է, որն ապահովում է աշակերտների հոսքը դպրոցից դեպի Կոնսերվատորիա:

-Բացի մասնագիտացված դպրոց լինելուց, այլ ի՞նչ առանձնահատկություններ ունի դպրոցը

Դպրոցի գլխավոր առանձնահատկությունը մասնագիտացված երաշտական կրթօջախ լինելն է, որի հետ համատեղ լիարժեք գործում է նաև դպրոցի հանրակրթական բաժինը: Կարելի է առանձնահատկություն համարել այն հանգամանքը, որ մեր դասարանները քանակապես փոքր են՝ յուրաքանչյուր դասարանում սովորում է մոտավորապես 12-15 սան, որը հնարավորություն է տալիս, որ յուրաքանչյուր սան դասի ընթացքում լինի շատ ակտիվ՝ ի տարբերություն հանրակրթական դպրոցների, որտեղ ամեն դասարանում կա 30-40 աշակերտ:

Մեկ այլ յուրահատկություն է հետևյալ հանգամանքը՝ անցյալ տարվանից մեր դպրոցում որպես երկրորդ լեզու սկսեց ուսուցանվել ֆրանսերենը՝ սկսած հինգերորդ դասարանից՝ նկատի ունենալով, որ ֆրանսերենը երաժշտի համար կարևոր լեզու է:

-Արտասահմանյան մասնագիտացված դպրոցների կամ կոնսերվատորիաների հետ համագործակցո՞ւմ եք:

Անշուշտ: Համագործակցում ենք Ժնևի կոնսերվատորիայի հետ ունենք, ինչպես արդեն նշեցի, ֆրանսիական Վալանսի կոնսերվատորիաների հետ: Պլանավորում ենք կապ Լիոնի կոնսերվատորիայի հետ: Այն մասնագիտական մակարդակը, որն այսօր ապահովում է Հայաստանը, համաշխարհային շուկայում մեր աշակերտներին ներկայացնում է որպես շատ լավ պատրաստված:

Այսօր մենք ունենք հիասքանչ ուսումնական պլան մասնագիական առարկաների դասաժամերը, և այն առարակաները, որոնք երեխաներն անցնում են մեր դպրոցում, արտերկրում շատ են գնահատվում: Այդ ծրագիրը մասնագետների կողմից բարձր գնահատականի է արժանացել: Այդ ծրագրի շարջանակներում դասավանդվող առարակները՝ հարմոնիա, երաժշտական գրականություն... հնարավորություն են տալիս աշակերտներին դպրոցն ավարտելիս ունենալ գիտելիքների բավականին մեծ պաշար՝ հետագայում ուսումը թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում շարունակելու համար:

-Դպրոցի վերանորոգումը նպաստե՞ց աշակերտների հոսքի ավելացմանը:

Ի ուրախություն մեզ՝ արդեն մի քանի տարի մենք կարողանում ենք մեր դպրոցի ընդունելությունը կազմակերպել մրցութային կարգով. մոտավորապես 3-4 դիմում մի տեղի համար, քանի որ սա միակ մասնագիտացված դպրոցն է Մշակույթի նախարարության ենթակայության տակ, ուսուցումը կազմակերպվում է անվճար հիմունքներով: Դպրոցի աշակերտների քանակը սահմանափակ է՝ 600-ը՝ բաժանվելով ըստ դասարանների ու ծրագրերի:

Հոսքը դեպի դպրոց ավելացել է, երեխաները սիրով են հաճախում, մանավանդ դպրոցական կոլեկտիվները ավելի շատ ոգևորում են աշակերտներին:

Վերանորոգումը նախ մեզ համար, որպես կոլետկիվի, մեծ ոգևորություն էր, քանի որ խոսվում էր բարձր մշակութային արժեքներից աննկարագրելի ծանր պայմաններում:

Վերանորոգումից հետո հիմնադրամից ստացանք ռոյալ դաշնամուրներ, որոնք նախկինում անմխիթար վիճակում էին գտնում, և աշակերտները ստիպված էին նման գործիքներով անցկացնել հարմոնիայի դասընթացները:

-Արամ Խաչատրյանը ժամանակին դպրոցն անվանել է երաժիշտների դարբնոց: Այժմ դպրոցը համապատասխանո՞ւմ է այս բնորոշմանը:

Հաշվի առնելով այն փաստը, որ Կոնսերվատորիայի ուսանողների 80 տոկոսն ապահովում է մեր դպրոցը, իսկ Կոնսերվատորիան ապահովում է մերօրյա ակադեմիական շուկան՝ երգչախմբեր, նվագախմբեր, քառյակներ, սոլիստներ..., ապա կարող ենք ասել, որ մեր դպրոցն իսկապես երաժիշտների դարբնոց է: Եվ մենք փորձում ենք հնարավոր ամեն ինչ անել ի շահ երեխաների, մեր մշակույթի, մեր երկրի. սա է մեր միսիան: Մենք նվիրյալների հիասքանչ աշխատակազմ ունենք, որոնք աշխատում են մեր աշակերտների հետ: Հասկանում ես, որ կատարված աշխատանքը ճիշտ ուղղությամբ է արել այն ժամանակ, երբ մեծ բեմերի վրա տեսնում ես մեր դպրոցի երբեմնի աշակերտին, ով այսօր արդեն դարձել է ճանաչված երաժիշտ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ