Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեր երկրի զարգացումը, մեր երազած հայրենիքի կառուցումը հնարավոր է միայն ուսյալ սերունդների շնորհիվ. Հայոց Կաթողիկոսի ուղերձը

am
Mer erkri zargats`owme, mer erazats hayrenik`i karhowts`owme hnaravor e miayn owsyal serowndneri shnorhiv. Hayots` Kat`oghikosi owgherdze_92567

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով, ուղերձ է հղել հանրապետության մանկավարժներին, ուսանողներին ու աշակերտներին:

 Ստորև ներկայացնում ենք ուղերձը.

 

      Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր մանկավարժներին, ուսանողներին ու աշակերտներին՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով:

    Կրթության ու գիտության հանդեպ սերը առաջընթացի ու հաջողությունների գրավական է թե՛ անձնական, թե՛ ժողովուրդների ու պետությունների կյանքում, ուժ ու զորություն՝ դժվարություններ հաղթահարելու, նորանոր իրագործումներ արձանագրելու:

    Մեր երկրի զարգացումը, մեր երազած հայրենիքի կառուցումը հնարավոր է միայն ուսյալ, կրթված սերունդների շնորհիվ, որոնք առ Աստված ապավինությամբ պիտի շարունակեն մեր ժողովրդի կյանքը հարստացնել ու բարեզարդել իրենց հոգու ու մտքի արարումներով, իրենց ստեղծած գիտական, հոգևոր ու մշակութային արժեքներով:

    Կրթության ու գիտության նվաճումներով, համախումբ ջանքերով կրթական գործին սատարելով հնարավոր պիտի լինի մեր պետության ու ժողովրդի առջև սկիզբ առած վերափոխումների նոր պայմաններում ընթանալ առաջադիմության ու զարգացման անհետադարձ ճանապարհով:

 Աղոթում ենք, որ Բարձրյալ Տիրոջ օրհնության ներքո ուսումնական տարին զարդարվի բազում հաջողություններով ու ձեռքբերումներով՝ ի շահ մեր երկրի ու աշխարհասփյուռ  մեր ողջ ժողովրդի: Թող Աստված ապավեն լինի կրթական գործի նվիրյալներին ու կրթական հաստատությունների բոլոր սաներին:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ողորմությունը թող լինեն  ամենքի հետ. ամեն:

 Օրհնությամբ` 

ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ