Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Մեր գրականությունն այսօր ընթերցողից առաջ է անցել. Գուրգեն Խանջյան

am
Mer grakanowt`yownn aysor ent`erts`oghits` arhaj e ants`el. Gowrgen Khanjyan _97511

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան

Մեր գրականությունն այսօր ընթերցողից առաջ է անցել, և ընթերցողին ալիբի է պետք՝ չկարդալու համար: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նշեց  հայ արձակագիր, դրամատուրգ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԸ՝ խոսելով հայ ժամանակակից գրականության մասին:

 «Մարդիկ չեն ցանկանում կարդալ, դրա համար ասում են՝ չկա ժամանակակից գրականություն: Բայց դա կա, ու շատ է, նույնիսկ քարոզվում է: Մարդիկ աշխատում են չտեսնել, որովհետև տեսնելու դեպքում պետք է նստեն ու կարդան, իսկ այնտեղ հեռուստացույցն է, այնտեղ գիշերային ակումբներն են, այնտեղ ինտերնետն է, իսկ գիրքն ուրիշ է, կարդալը դժվար բան է: Միայն սա է խնդիրը, թե չէ՝ գրողները գրում են, լավ վեպեր ունենք, վիպակներ ունենք, ստեղծագործող ջահելներ ունենք: Գոնե ես դա գիտեմ. արդեն 12 տարի է, որ «Գրեթերթը» կա, որն այդ ամբողջ խմորումների միջով անցել է»,- ասաց նա: 

Մեր հարցին, թե ժամանակակից հայ գրողների շարքում կա՞ն այնպիսի անուններ և ստեղծագործություններ, որ կարող են Հայաստանից դուրս տարածվել և ընկալելի դառնալ, Գուրգեն Խանջյանն ասաց.

  «Շատ չեն, և դա լավ է, որովհետև հիմա դրսում չեն գրում լուրջ գրականություն, ամեն ինչ վերածվել է ֆաստ ֆուդի, սպառողականության: Աշխարհում հիմա գրվում է գրականություն, որը խմվում է՝ ինչպես Կոկո-Կոլան և ուտվում՝ ինչպես համբուրգերները: Ընթերցողն էլ փորձում է շուտ-շուտ կարդալ, սպառել ու շպրտել մի կողմ»:

Հայ արձակագիրը ցավով է նշում, որ լուրջ գրականությամբ ոչ ոք չի զբաղվում, որովհետև կոմերցիան ու փողը «կերել» է բոլորին: «Հատուկենտ գրողներ են, որ կարողանում են չտրվել դրան, որովհետև եթե դու իսկական գրականություն ես ուզում գրես, փող չես աշխատի: Իսկական գրականությունը նաև ընթերցողի համար է աշխատանք, շատ դեպքերում էլ՝ տառապանք, դրա համար լավ գրականության ընթերցողը միշտ քիչ է լինում: Այսօր ընթերցողը չի ուզում իրեն մի քիչ նեղություն պատճառել, ու դրանից օգտվում է  արտադրողը: Մեծ արտադրողին՝ նրան, ով այսօր տիրում է  աշխարհին, ձեռնտու չեն խելացի գրականությունն ու լավ նկարչությունը, նրան ձեռնտու է սպառողը. սպառողներ բուծի ու սպառի իր արտադրանքը»,- բացատրեց Գուրգեն Խանջյանը:

Ըստ նրա՝ շատ դժվար է գրականությունը դրանից հեռու պահելը, որովհետև դա մեծ թափանիվ է, որը պտտվում է ու նաև Հայաստանի վրայով է անցնում: «Մենք էլ պետք է կարողանանք մեզ պահել, այլապես դրա մի մասն ենք դառնալու, ու մեր ազգայինից մնալու է  միայն ազգային թանգարանը կամ, ասենք, սուվիներներ վաճառողները»,- նշեց մեր զրուցակիցը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք ընթերցել ՀԱՅ ՁԱՅՆ-ում՝ սեպտեմբերի 15-ին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ