Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Մեզ մտածող քաղաքացիներ են պետք

am
Mez mtatsogh k`aghak`ats`iner en petk`_76399

«Կրթական համակարգի խնդիրները. ինչի՞ց սկսել» խորագրով հանդիպում-քննարկում  տեղի ունեցավ «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» հյուրասրահում՝ կրթության կազմակերպիչների, փորձագետների, ուսուցիչների, դասախոսների և կրթության խնդիրներով շահագրգիռ անձանց մասնակցությամբ: Այստեղ նշվեց, որ այսպիսի մասնագիտական զրույցները կարող են օգտակար լինել ոլորտի խնդիրների լուծմանը, քանի որ կրթական համակարգի խնդիրների բարձրաձայնումը, անաչառ քննարկումն ու լուծումների առաջարկն այն ուղին է, որով հանրությունն իր մտահոգությունն է հայտնում, մասնագետներն իրենց պատկերացումներն են բարձրաձայնում: «Այսօր նոր կառավարությունն էլ կարծես ուշադիր է հանրային քննարկումներին, ինչը հուսադրում է, որ նշված խնդիրները, առաջարկներն ու լուծումները նպաստելու են համակարգի հիմնային բարեփոխմանը»,- նկատեց ուսուցիչ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Ոլորտի խնդիրները, փաստեցին մասնագետները, մեծամասամբ պայմանավորված էին նախարարություն-ուսուցիչ հետադարձ կապի բացակայությամբ. ուսուցիչների, դասախոսների, ռեկտորների մեծամասնությունը դժգոհ էր, սակայն դժգոհ էր լռելյայն. մինչդեռ բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումները ձևական բնույթ էին կրում: «Այն, ինչ որ այս տարիներին արել ենք, հաճախ նույնիսկ հակառակ էֆեկտ է տվել: Բարեփոխումներ ենք արել, փող ենք ծախսել, վարկ ենք վերցրել ու արդյունքում ծնել ենք այդ նույն բարեփոխումների հակառակորդ: Այսինքն, եթե ոչ մի բան չանեինք, կարող է ավելի լավ լիներ»,- ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ բազմաթիվ լավ փաստաթղթեր մնացել են չիրականացված, բազմաթիվ լավ առաջարկներ լսելի չեն դարձել կառավարման համակարգի ինքնամփոփ լինելու պատճառով: «Կրթության համակարգին վերջին տարիներին հասցված ամենամեծ վնասներից մեկը անգլերեն սըլյուշընիզմ (solution-որոշում) կոչված մոտեցումն է՝ մենք գիտենք, թե ինչ պետք է անենք»:

Իրադրային լուծումների ամենատարբեր դրսևորումները, ըստ Սամվել Մարտիրոսյանի, խոսքի հնարավորություն չեն տվել կիրառող մասնագետներին. «Տեսեք, նախագահը շախմատ էր սիրում, շախմատը դարձավ առարկա: Ընդ որում՝ չդրվեց քննարկման, թե ինչու այդպես, ինչու հատկապես 2-րդ դասարանից: Չեմ ասում՝ դա վատ էր: Պետք է դրվեր հանրային քննարկման. կարող է՝ լավ է, կարող է՝ վատ է, կարող է՝ անկապ է»:

«Այսօր մենք ունենք հայրենիք, բայց չունենք պետություն: Մեր կրթության բոլոր օղակները՝ մանկապարտեզից մինչև համալսարան, բարոյալքված են»,-  նշեց «Ինստիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը: Մինչդեռ ներկայիս աշխարհի պահանջներն, ըստ  «Քայլ առ քայլ» միջազգային ընկերակցության խորհրդատու Ռուզաննա Ծառուկյանի, բոլորովին այլ են. «Պիտի հաշվի առնենք, որ այսօրվա աշխարհին պետք են մարդիկ, որ ունեն ոչ միայն գիտելիք, այլև՝ բարձր բարոյականություն»: Նրա դիտարկմամբ, սակայն, դժվար է հասկանալ, թե կրթության կառավարիչներն արդյոք՝ իրական բարոյական արժեքների կրող և սերմանող են. «Կան տնօրեններ, որ շատ գեղեցիկ խոսում են ժողովրդավարության մասին, սակայն երբ տեսնում ես, թե ինքն ինչպես է խոսում իր ուսուցչի հետ, հասկանում ես, որ այստեղ ժողովրդավարության հոտ անգամ չկա»:

«Անթույլատրելի է շարունակել այն, ինչ եղել է խորհրդային ժամանակներից սկսած. երբ սեպտեմբերի մեկն ուզում ես կիրակի ընկնի, ու տաս տարին հիշվում է՝ որպես մի մղձավանջ, որտեղ դու միշտ պիտի լինես այս դիրքում (ձեռքերը սեղանին՝ ձիգ նստած) ու պիտի ինչ-որ բան լսես-հիշես ու տանը կարդաս-հիշես»,- նշեց ԵՊՀ դասախոս, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը: Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ՝ մեզ մտածող քաղաքացիներ են պետք: «Ցանկացած հասարակության մեջ կրթության որակը մեծապես կախված է ողջամտության կորից: Հայաստանում այսօր կա ողջամտության պակաս»,- նշեց նա:

Բանախոսները ոչ միայն մատնանշեցին խնդիրները, այլև՝ ներկայացրին դրանց լուծման իրենց տարբերակները: Ս.Մարտիրոսյանը սարկազմով առաջարկեց «փակել» մանկավարժական համալսարանը, քանի որ դրա ապաշնորհ գործունեությունն է ուսուցչի վարկանիշի անկման պատճառը: Նա առաջարկեց նաև բարձրացնել բյուջեում կրթությանը տրվող ծախսերը, քանի որ կրթությունը ևս, ինչպես ռազմական ոլորտը, մեր երկրի անվտանգության երաշխավորն է: «Եվ պետությունը պիտի սկսի ֆինանսավորել ոչ թե դպրոցին՝ ըստ երեխայի, այլ՝ երեխային: Եթե գումարը հատկացվի երեխային, ապա ո՞վ ասաց, թե մի մեռնող գյուղում չի կարող մասնավոր դպրոց լինել՝ հետ վերադարձնելով հեռացածներին»,- ամփոփեց Ս.Մարտիրոսյանը:

Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ՝ ԿԳՆ-ն պետք է գնա դեպի կրթության համակարգի համակարգողները՝ տնօրեններ, կառավարիչներ, ռեկտորներ, ընդ որում՝ ոչ թե որպես «ճշմարտության և իմաստության միակ աղբյուր», այլ իրապես կարծիքները լսելու և հաշվի առնելու պատրաստակամությամբ՝ վերջ տալով նախկին կեղծ մասնակցային պրոցեսների ավանդույթին:

«Պետք է հիմնել կրթության ազգային խորհուրդ, որի անդամները չեն լինի վճարվող, չեն ֆինանսավորվի որևէ մեկից, որոնց կարգելվի դրամաշնորհներ ստանալ: Եվ այս կառույցը պետք է համակարգը փոխի՝ սկսելով կրթական չափորոշչի վերանայումից»,- առաջարկեց Ա.Աթայանը:

Վերջում բանախոսներն ու հյուրերը հույս հայտնեցին, որ «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած այս և հաջորդ հանդիպում-քննարկումները կվերհանեն հիմնախնդիրները, կգտնեն ճիշտ ձևակերպումներ ու կառաջարկեն լուծումներ, որոնք էլ հաշվի կառնվեն պետական մարմինների կողմից՝ արդյունավետորեն ուղղորդելով երկար սպասված առաջընթացը:

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»-ը մեր երկրի զարգացմանն ուղղված գաղափարներ և դրանց կենսագործման ուղիներ որոնող կառույց է: Նախաձեռնության նպատակն է ակտիվ քաղաքացիների և տարբեր ոլորտների մասնագետների երկխոսությունների, հանդիպումների, քննարկումների արդյունքում ստանալ խնդիրների ձևակերպումներ և լուծումների առաջարկներ՝ նպաստելով տարբեր ոլորտներում բարեփոխումների գործընթացին:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ