Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Միքայել Պապաջանյան

am
Mik`ayel Papajanyan_52775

Միքայել Պապաջանյանը ծնվել է 1868թ․-ին Երևանում։ Նախնական կրթությունն ստացել է Թիֆլիսի պետական դպրոցներից մեկում, արդեն 1886թ․-ին հաջողությամբ ավարտել է երկրորդական վարժարանը։ Շուտով տեղափոխվել է Ռոստով, որտեղ գտնվում էր մորեղբայրը։ Այնտեղ հաճախել է իրավաբանական ուսումնարան, դասավանդել նաև ռուսաց լեզու։ Աշխատանքով վաստակած գումարը նա ուղարկում էր Երևան՝ անապահով պայմաններում ապրող մորը, քրոջը և երկու եղբայրներին։

Շուտով Պապաջանյանը մեկնեց Բաքու, հիմնեց իր իրավաբանական գրասենյակը և կարճ ժամանակում դարձավ հայտնի փաստաբան։ Այս շրջանում Կովկասում խմորվում էին ազգային-ազատագրական գաղափարներ, «Մշակ»-ի շուրջն էին համախմբվում պոլսահայ ու հայրենաբնակ բազմաթիվ մտավորականներ։ Պապաջանյանը այդ սերնդի լավագույն ներկայացուցիչներից մեկն էր և իր իրավաբանական գիտելիքներով օգտակար էր լինում ազգային իրավական հարցերը քննարկելու գործին։

Պապաջանյանն ամուսնացել է 1903թ․-ին Բաքվի ծանոթ ազգականներից մեկի դստեր՝ Թամարա Հակիտյանի հետ։

1907թ․-ին նա ընտրվել է Բաքվի փաստաբանական գրասենյակի նախագահ, ապա ընտրվել է ռուսական դումայի կողմից։ Որպես քաղաքական ուղղություն Պապաջանյանը որդեգրել է Սահմանադիր Ռամկավար կուսակցության գաղափարները։ Շուտով նա հաստատվում է Սանկտ Պետերուրգում, որտեղ և գտնվում էր կուսակցության կենտրոնն ու խորհրդարանը։

Առաջին աշխարհամարտի տարիներին նա մեծապես նպաստել է պետական և բանակային շրջանակներին։ Նա մեծ ջանքեր է գործադրել Վանի ժողովրդի Կովկաս տեղափոխումն ապահովելու գործում։ Արդեն Թիֆլիսում Պապաջանյանն իր ընկեր Սամսոն Հարությունյանի հետ միասին անդամակցում է Ռամկավար կուսակցությանը։

1916թ․-ին Պապաջանյանը ռուսական դումայում բարձրացնում է գաղթական հայերի՝ Էրզրում տեղափոխման հարցը։ Ծրագիրն արժանանում է հավանության, սակայն կյանքի չկոչվեց իրապես։ Արդեն Հոկտեմբերյան հեղափոխության նախօրեին Պապաջանյանն իր ընտանիքի հետ միասին ստիպողաբար տեղափոխվեց Երևան։

Արդեն 1916թ․-ի մայիսին Ռուսաստանի և Կովկասի զանազան հայաշատ կենտրոններից եկած ներկայացուցիչներով, որոնց շարքում էր Պապաջանյանը, գումարվեց ժողով; Այս ժողովը զբաղվում էր գլխավորապես գաղթականների հարցերով, բայց գաղտնի հավաքույթների ընթացքում քննարկվեցին նաև Հայկական հարցի հետ կապված բազմաթիվ խնդիրներ։

 Արդեն 1917թ․-ին հիմնվում է Հայ Ժողովրդական կուսակցությունը, որի կենտկոմի նախագահ ընտրվեց Միքայել Պապաջանյանը։

1917թ․-ի սեպտեմբերին Թիֆլիսում գումարվեց Ռուսահայոց ազգային համագումարը, որի խմբակցություններից մեկն էլ ՀԺԿ-ն էր։ Վերջին պահին արդեն Առաքելյանն ու Պապաջանյանը իրենց ուժերով գործուն մասնակցություն բերեցին այս կուսակցության գործունեության մեջ։ Արդյունքում համագումարն ընտրեց Խորհուրդը որպես գործադիր մարմին։ Խորհրդի մաս կազմեցին Միքայել Պապաջանյանը և Սամսոն Հարությունյանը։

Սարիղամիշի անկումից հետո 1918թ․-ի ապրիլի 7-8-ը Ալեքսանդրապոլում գումարվում է համազգային խորրդաժողով, որտեղ ներկա են լինում նաև Սամսոն Հարությունյանը և Միքայել Պապաջանյանը։ Նրանք կողմնակից են լինում հաշտության հաստատմանը։

Շուտով կովկասյան երեք ժողովուրդները անկախանալու ձգտումներ են ցուցաբերում։ 1918թ․-իմայիսի 26-ին լուծարվում է Սեյմը և հռչակվում Վրաստանի անկախությունը, որին հաջորդում է Ադրբեջանի և Հայաստանի անկախության հայտարարությունները։ Պապաջանյանը, Խատիսյանը և Քաջազնունին մայիսի 27-ին զեկուցեցին բանակցությունների ընթացքի մասին։ Արդեն կառավարության կազմավորման ընթացքում Պապաջանյանը առաջ քաշեց երկու հիմնավոր կետ, որոնցից առաջինով նշում էր, որ Դաշնակցությունը իր վարած քաղաքականությամբ պետք է պատասխան տա հայության կրած տառապանքների համար, իսկ երկրորդով՝ թուրքերի հետ լեզու գտնելու համար անհրաժեշտ էր նոր ուժ ու որակ ստեղծել, որը կարող էր անել միայն ՀԺԿ-ն։

Արդեն 1918թ․-ի հունիսի 25-ին տեղի ունեցավ Գերմանիայի հրավերով և Ավստրոհունգարիաի, Բուլղարիայի, Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ, որը պետք է լուծեր Թուրքիայի և Կովկասյան հանրապետությունների միջև առկա խնդիրները։ Հայ ազգային խորհրդի կողմից խորհրդաժողովին մասնակցեցին Պապաջանյանը , Ահարոնյանն ու Խատիսյանը։

Արդեն հոկտեմբերի վերջին Երևան եկան ՀԺԿ-ի ներկայացուցիչներ Սամսոն Հարությունյանը և Մինաս Բերբերյանը՝ բանակցելու ՀՅԴ-ի հետ կոալիցիոն կառավարություն ստեղծելու մասին։ Կառավարությունը վերջապես կազմվեց, իսկ Պապաջանյանի հետ խորհրդակցություններից հետո կառավարության ներսում Ժողովրդականների կենտրոնականն դերը ստանձնեց Սամսոն Հարությունյանը։

Շուտով Պապաջանյանն ու Հարությունյանը մեկնեցին Թիֆլիս։ Կազմված Ազգային բյուրոյում շուտով Պապաջանյանին ընդունեցին որպես նախագահ, սակայն վերջինս հրաժարվեց այդ պաշտոնից։

Շուտով Հայաստանն ու Թուրքիան նպատակադրվեցին կնքել խաղաղության և բարեկամության դաշնագիր, որը կնքվեց 1918թ․-ի հունիսի 4-ի Բաթում քաղաքում, հայկական կողմից ստորագրելու էին Ալեքսանդր Խատիսյանը, Միքայել Պապաջանյանը և Քաջազնունին։

Արդեն Հայաստանի խորհրայնացումից հետո Պապաջանյանն այլևս անելիք չուներ Կովկասում։ Նա մեկնեց Փարիզ, որտեղ 1922թ․-ի նոյեմբերի 10-ին գումարվեց ՀԲԸՄ 11-րդ Ընհանուր Ժողովը, որտեղ որոշվեց Կենտրոնական վարչության նոր կազմը։ Նոր կազմում, ի թիվս այլոց, կար նաև Միքայել Պապաջանյանը։ Փարիզում նա նաև մաս է կազմում Հայ ազգային պատվիրակության, որը նախագահում էր Պողոս Նուբարը։ Նա անդամակցում էր նաև ՀՕԿ կենտրոնական վարչությանը։

Պապաջանյանի համար հիսուն տարեկանից հետո դժվար էր նոր իրավաբանական գրասենյակ հիմնել, առավել ևս նա չէր տիրապետում ֆրանսերենին։ Շուտով Փարիզում գումարվող ՌԱԿ Ընդհանուր պատգամավորական ժողովում Միքայել Պապաջանյանը ընտրվեց որպես ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամ։ Յուրաքանչյուր 5 ամիսը մեկ անդամներից մեկը ստանձնում էր ատենապետի պաշտոնը։ Նրանք էին՝ Պապաջանյանը, Հովսեփ Գույումճյանը, Ավետիս Թերզիպաշյանը, Արշակ Չոբանյանը և Հովհաննես Պողոսանը։

Այդուհետ Պապաջանյանը հավատացած էր, որ մեր ազգային երազանքների, հայկական Մեծ Երազի ու հայ դատի միակ ապահով հողը Խորհրդային Հայաստանն է, որի ղեկավարության նկատմամբ հույսով էր լցվել։ Իր կենդանության օրոք, սակայն, նա չարտահայտեց այդ հույսը, որ կար դեպի Խորհրդային Հայաստանը՝ հավատարիմ մնալով իր գործելաոճին։ Մի բարեգործական առաքելությամբ 1924թ․-ին Հայաստան գալով նա ընկերների հետ հանդիպման ժամանակ խոսեց ՀԲԸՄ-ի և ՀՕԿ-ի հայրենանվեր գործունեության մասին և խնդրեց, որ մամուլում այդ մասին արձանագրվի հակիրճ։

Հերթական անգամ բարեգործության նպատակով Պապաջանյանը Հայաստանում եղավ։ Այդ շրջանը համընկավ իր եղբոր մահվան հետ, ինչի մասին լուրը Պապաջանյանից գաղտնի էին պահել։ Նա Թիֆլիսով ճանապարհվելիս հանդիպեց իր բարեկամներից մեկին, ով էլ անզգուշորեն նրան հայտնեց բոթը։ Հայաստան հասնելով՝ նա այնքան մեծ ոգևորություն է ապրում, որ մոռանում է վիշտը։ Նրան կառավարության կողմից տրամադրվում է մեքենա, որով նա սկսում է շրջել Հայաստանի էլեկտրակայաններով ու արդյունաբերական ձեռնարկություններով, գնում է Սարդարապատ, որտեղ Նուբարաշենին հատկացված տարածքի վիճակը նրան դուր չի գալիս և նա ջանում է նոր տարածքի արտոնություն ստանալ կառավարությունից։

Ապա այցելում է Էջմիածին, Սևան, ապա՝ Երևան, որտեղ էլ ունենում է բազմաթիվ տեսակցություններ ու այցելություններ, որոնք երբեմն այնքան երկար էին ձգվում, որ շուտով Պապաջանյանը հոգնում է և Լենինական հասնելուց հետո ցանկանում է մեկնել Թիֆլիս։

Արդեն դեկտեմբերի 21-ին Պապաջանյանը տիկնոջ հետ այցելեց քրոջը։ Ճանապարհ ընկնելու պահին հանկարծ նկատում են, որ Պապաջանյանը դժվարանում է իր կոշիկը հագնել, բարեկամները պնդում են, որ մնա քրոջ տանը, սակայն վերջինս առարկում է, դուրս է գալիս և հազիվ հասնում բնակարան։ Շուտով նրա վիճակը վատանում է, անմիջապես բժիշկ են կանչում, բայց այլևս հնարավոր չի ինում նրան ուշքի բերել․ Պապաջանյանն ավանդում է հոգին։

1929թ․-ի դեկտեմբերի 26-ին տեղի է ունենում նրա հուղարկավորությունը, ծախսերը հոգում է ՀՕԿ-ի գլխավոր վարչությունը։ Նրա աճյունն ամփոփվում է Խոջիվանքի գերեզմանատանը։ Այդտեղ տեղի է ունենում հանիսավոր պատարագ։

Տիկին Պապաջանյանը այդ և հաջոր օրերին ընդունում էր ցավակցություններ, ցավակցողների շարքում էին Գևորգ Ե․ Տփղիսեցի Սուրենյանցը, Խորեն արքեպիսկոպոս Մուրադբեկյանը, Պողոս Նուբարը, այլ բազմաթիվ գործիչներ։

 

 

 

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ