Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
Հովհաննես Թումանյան

Մխիթարյան միաբանությունը և նրա՝ շուրջ երեք դար ծավալված աստվածահաճո գործունեությունը

Mkhit`aryan miabanowt`yowne ew nra,  showrj erek` dar tsavalvats astvatsahacho gortsowneowt`yowne_28618

2017 թվականը հայկական մշակույթի համար, անկասկած, անցնում է Մխիթարյան միաբանության՝ Սբ. Ղազար կղզում վերջնականապես հանգրվանելու 300-ամյակի նշանաբանի ներքո: Ճիշտ է, այդ խոշորագույն հոգևոր-մշակութային կենտրոնը աշխարհահռչակ Մխիթար Սեբաստացու նախաձեռնությամբ ձևավորվել է Կ. Պոլսում մի փոքր ավելի վաղ՝ 1701-ին՝ 5 տարի հետո տեղափոխվելով հունական Մորեա թերակղզի, սակայն ողջ աշխարհն այսօր այս խոշորագույն հայապահպան կենտրոնի գործունեությունը կապում է հատկապես Վենետիկյան հանրաճանաչ կղզու հետ:

Վերջին ամիսներին շատ է խոսվել միաբանության հայագիտական, բանասիրական, կրոնական և մշակութային գործունեության մասին: Չկրկնվելու նպատակով ընթերցողի ուշադրությունը պարզապես հրավիրենք մի քանի առանցքային կետերի վրա, որոնք փաստում են այս զարմանահրաշ կենտրոնի տիեզերական նշանակության մասին.

· Մխիթար Սեբաստացու ծավալած անխոնջ գործունեությունը և նրա անառարկելի հեղինակությունը 1717 - ին դրդեցին Վենետիկի ծերակույտին պաշտոնական հրովարտակով Սուրբ Ղազար կղզին շնորհել միաբանությանը: Հիշեցնենք նաև, որ դրանից մի քանի տարի առաջ քրիստոնեական աշխարհի այդ տարիների ոչ միայն կրոնական, այլ շատերի պատկերացմամբ նաև քաղաքական ամենահեղինակավոր կառույցը՝ Վատիկանը միաբանության հիմնադրին և առաջնորդին պատվեց աբբահոր կոչմամբ: Սրանք եզակի դեպքեր են համաշխարհային մշակութային պրակտիկայում:

· Արդեն Սեբաստացու մահից հետո՝ հաջորդ դարի սկզբնամասում դարաշրջանի ամենահզոր տիրակալը՝ Նապոլեոն Բոնապարտ կայսրը, որը ոչ միայն արյունահեղ պատերազմներ էր վարում հարևանների հետ, այլ նաև առաքելությամբ էր հանդես եկել պայքարելու բոլոր կրոնական միաբանությունների դեմ, հատուկ բացառություն կատարեց Մխիթարյան միաբանության համար: Ավելին, կայսեր հրամանով այն ճանաչվեց որպես պահպանվող գիտական հաստատություն՝ ստանալով Ակադեմիա պատվավոր կոչումը:

· Ստեղծվելուց արդեն մի քանի տասնամյակ անց միաբանության գրահրատարակչական գործունեությունը համարվում էր օրինակելիներից մեկը Եվրոպայում, բնականաբար, նաև՝ աշխարհում: Այստեղ տպագրվեցին աշխարհաբար քերականության առաջին դասագիրքը՝ Մխիթար Սեբաստացու հեղինակությամբ, ՛՛Հայկազեան լեզուի բառգիրք՛՛ երկհատորյակը, որը, ըստ էության, հանդիսացավ հայերենի առաջին բացատրական բառարանը, Գրիգոր Նարեկացու հեղինակած համաշխարհային մշակույթի գանձերը, Մխիթար Գոշի առակների ժողովածուն, Փարպեցու ՛՛Հայոց պատմությունը՛՛ և շատ ու շատ այլ գոհարներ:

· Մեծ ճանաչում ունի աշխարհում Սեբաստացու կողմից կղզում հիմնած Մատենադարանը, որի մի քանի տասնյակ լեզուներով հարսատացված գրական ֆոնդի քանակը այսօր արդեն մոտենում է հարյուր հազարի սահմանագծին:

· Երեք հարյուրամյակի ընթացքում միաբանությունը բազմաթիվ մշակութային և գիտական կենտրոններ է հիմնել Ավստրիայում, Հունգարիայում, Ռուսական կայսրության տարբեր գավառներում, Եգիպտոսում, Լիբանանում, Արգենտինայում, ԱՄՆ-ում և այլուր, որոնք այսօր էլ իրականացնում են անգնահատելի հայապահպան գործունեություն՝ ողջ երկրագնդով սփռելով մեր բազմադարյա լեզուն, հարուստ մշակույթն ու գիտությունը:

Վերջում չեմ կարող հպարտությամբ չնշել. այն պարագայում, երբ մեր հարևանությամբ տակավին վերջերս պետություն հիմնած որոշ քոչվոր ցեղեր հսկայական գումարներ են վատնում իրենց համար պատմություն և մշակույթ մոգոնելով, հայ ազգը ներկայանում է աշխարհին իր կողմից կերտված հիրավի պատմամշակութային գանձերով, որոնց շարքում իր ուրույն տեղն ունի Մխիթարյան միաբանությունը և նրա նախաձեռնությամբ շուրջ երեք դար ծավալված աստվածահաճո գործունեությունը:

Գոռ Արմենյան

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ