Ունենք տաղանդավոր դերասաններ, բայց քիչ ֆինանսական միջոցներ. բեմադրիչ

am ru
Ownenk`  taghandavor derasanner, bayts` k`ich` finansakan mijots`ner. bemadrich`_22712

«Հայաստանում մշակույթը բարդ վիճակում է գտնվում, քանի որ ֆինանսական միջոցներ չկան»,-«Հայ ձայնի» հետ զրույցում ասաց բեմադրիչ Ժիրայր Փափազյանը:

Ըստ Փափազյանի՝ այժմ մշակույթի հանդեպ չկա այն վերաբերմունքը, որը կար նախկինում, երբ ֆինանսական միջոցների առկայության պատճառով մարդիկ կարող էին թատրոնում բեմադրել ինչ ցանկանային, իսկ չհաջողելու դեպում ներկայացումը փակվեր: Հիմա ֆինանսների սղության պատճառով մասնագետները փորձում են ամեն գնով որակյալ, հանդիսատեսին գրավող ներկայացումներ բեմադրել, որպեսզի ներկայացումը երկար ժամանակ մնա թատրոնի խաղացանկում: Փափազյանի դիտարկմամբ, մեր հասարակությունն էլ բավարար գումար չունի մշակութային օջախներ հաճախակի այցելելու համար. արտերկրի համեմատ բավական էժան է Օպերայի տոմսը, սակայն Հայաստանի պայմաններում թանկ է:

«Թատրոնին հատկացված դրամը բավարարում է աշխատավարձերի, ադմինիստրատիվ ծախսերի և այլնի համար, սակայն նոր ներկայացում բեմադրելիս դեկորացիայի, նոր հանդերձների և նման բաների համար կա՛մ չի հերիքում, կա՛մ իսպառ չկա: Դերասանների աշխատավարձերը ևս շատ ցածր են, և մենք հիմա մեր գաղութների սիրողական թատրոնների մակարդակի վրա ենք՝ պետք է հաշվի նստել դերասանների անձնական գրաֆիկների հետ, հարմարվել, որպեսզի հնարավոր լինի փորձեր անել, քանի որ դերասանները բացի թատրոնից այլ գործով են զբաղվում, որպեսզի կարողանան հոգալ իրենց ծախսերը: Բեմադրիչը կամ թատրոնի տնօրենն էլ ստիպված է համակերպվել իրավիճակի հետ, քանի որ աշխատավարձերի բավականին ցածր լինելու պատճառով մարդիկ պետք է մի քանի աշպխատանք ունենան: Սա է թատրոնի վիճակը»,- ցավով նշեց մեր զրուցակիցը, սակայն ընդգծեց, որ այսօր թատրոնում և՛ որակյալ ներկայացումներ կան, և՛ տաղանդավոր դերասաններ, պարզապես միջոցներն են պակասում:

Փափազյանի դիտարկմամբ, այսօրվա երիասարդ սերունդը ծարավ է նորության և ուրախությամբ ներգրավվում է նոր ներկայացումների մեջ՝ ամեն ինչ անելով, որ կարողանան մասնակցել փորձերին: Բացի այդ, ըստ մեր զրուցակցի, տաղանդավոր է երիտասարդ սերունդը, եվրոպական արտիստների մակարդակի վրա են: «Այսօր Հայաստանում թատերասեր հասարակություն կա, թատրոնից հասկացող մարդիկ կան, և դահլիճներն էլ ներկայացումների ժամանակ դատարկ չեն»,-մեզ հետ զրույցում հայտնեց սփյուռքահայ բեմադրիչը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ