Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Ութմատնանի Էդինՙ հայազգի հիփին Գոայից. Արծվի Բախչինյան

am
Owt`matnani Edin< hayazgi hip`in Goayits`. Artsvi Bakhch`inyan_37062

Արեւմտյան Հնդկաստանի Գոա շրջանը (հայտնի նաեւ որպես Կոնկան) ամեն տարի ունենում է հսկայական թվով տեղացի եւ արտասահմանյան զբոսաշրջիկներ, որոնց գրավում են ծովեզերքը, բուսական եւ կենդանական աշխարհը, ճարտարապետական հուշարձաններն ու պաշտամունքի վայրերը, կենսաբազմազանությունը: Հիսուն տարուց ավելի էՙ այն դեպի իրեն է ձգում նաեւ աշխարհի հազարավոր հիփիների: Եվ Գոան հիփիների համաշխարհային կենտրոնատեղի դարձնողը եղել է մի ամերիկահայՙ Երվանդ (Էդի) Մազմանյանը , հայտնի որպես Ութմատնանի Էդի, քանի որ ի ծնե ունեցել է ութ մատ (հինգըՙ մի ձեռքին, երեքըՙ մյուս):

 

Նա ծնվել էր 1924-ին, Բոստոնին մոտակա հայաշատ փոքրիկ Ուոթերթաուն քաղաքում, որը տեղի հայերը կատակով Ջրաշեն են անվանել: Ծնողները ավանդապահ պոլսահայեր էին, որ ունեցել են յոթ զավակ: Էդի Մազմանյանն իր «Իմ վերելքը դեպի հարաբերական անհայտություն.1924-1972» ինքնակենսագրական գրքում վկայել է. «Մենք տանը խոսում էինք միայն հայերեն, մի քիչ թուրքերեն եւ հասկանում էինք մի քիչ հունարեն»: Մինչեւ դպրոց գնալըՙ Էդին անգլերեն իմացել է միայն «բարի լույս», «բարի գիշեր» եւ «Շնորհավոր Սուրբ Ծնունդ» արտահայտությունները: «Քանի որ ինձ դպրոց էին ուղարկել անգլերենի չիմացությամբՙ հայկական ամեն ինչը սկսեցի չսիրելՙ մորս կերակուրներից բացի»,- գրել է էդին: Նրա մանկությունը սկզբնապես անցել է սովորականի պես. եղել է բոյսկաուտ, հաճախել հայկական եկեղեցի, սովորել է կոնտրաբաս նվագել, դպրոցում արժանացել «պատվո աշակերտ» տիտղոսին: Սակայն հոր մահից հետո չափահասության հասնող Էդին սկսել է հաճախակի ընդդիմանալ մորը, որիՙ չափազանց խիստ ազգային դաստիարակությունը հակառակ ազդեցություն է ունեցել Էդիի վրա: Նա իր կենսագրության մեջ գրել է, որ մոր հետ առաջին անգամ վիճել է, երբ մայրն ասել է, որ Էդին պիտի ամուսնանա միմիայն հայ աղջկա հետ: «Ես կամուսնանամՙ ում հետ որ կուզեմ»,- ասացի ես, նույնիսկ եթե համոզված էի, որ երբեք էլ չեմ ամուսնանալու»: Երբ մայրը համառել է, Էդին ասել է. «Ես կամուսնանամ ցանկացած մեկի հետ, միայն ոչՙ հայուհու»: Իսկ երբ նա հայտարարել է, որ ուզում է հեռանալ իրենց քաղաքից, մայրը գոռացել է վրան. «Ի՞նչ: Դու ուզում ես գնալ այն բանից հետո, երբ ես լվացել եմ քո տակաշորերը, սրբել եմ քամակդ ու կերակրել եմ քեզ բոլոր այս տարիներից հետո՞: Թե իմանայիՙ քո ծննդյան օրը քեզ կգցեի զուգարանը ու դեն կնետեի քեզ իմ կյանքից: Ա՜հ, ինչո՞ւ եմ ես երեխաներ ունեցել: Առանց երեխաների ես ինձ համար ժամանակ կանցկացնեի գիշերային ակումբներում եւ գեղեցիկ լողափերում: Կյանքիս լավագույն տարիները տվեցի քեզ, ու սա՞ է քո շնորհակալությունը...»:

 

Երվանդ-Էդին չի դիմացել այսպիսի ծնողական ահաբեկչությանը, սակայն դեռ որոշ ժամանակ մնացել է մայրական օջախում: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նա զորակոչվել է բանակ, սակայն մայրն ասել է, որ «այս պատերազմը գերմանացիների ու ամերիկացիների միջեւ է, մենք ընդամենը հայեր ենք»: Էդին համոզել է բանակի հոգեբույժին, որ ինքը պիտանի չէ զինվորության համար: «Չկար բացարձակապես ոչինչ, որ գրավեր ինձ դեպի զինված ուժերը: Ես չէի ուզում իմ մարզահագուստը փոխարինել ռազմական համազգեստով, իմ երկար մազերըՙ զինվորական կտրվածքով, մորս հայկական ճաշերըՙ անհամ բանակային սնունդով, իմ խաղաղ ննջասենյակըՙ հանգստափչող տղամարդկանցով լի բարաքներով: Եվ ես չէի ուզում սպանել որեւէ մեկի, կամ, ավելի վատթարը, սպանվելՙ նախքան կսկսեի ապրել»:

 

Էդին որոշ ժամանակ աշխատել է «Ջեներալ էլեկտրիկ» ընկերությունում, մինչեւ որ հեռացվել է: «Ես ատում էի աշխատանքը, ափսոսում յուրաքանչյուր վայրկյանը, որ վատնում էի այնտեղ»,- հետագայում գրել է Մազմանյանը: Որոշ ժամանակ որպես կոնտրաբասահար աշխատել է ջազ նվագախմբերում, սակայն նախընտրում էր անգործ, անկայուն կյանքըՙ ոչինչ չանելով, սպառելով մեծ քանակությամբ թմրադեղեր, ամուսնանալով եւ ամուսնալուծվելով... Այնուհետեւ սկսվել է Էդի-Երվանդի թափառական կյանքը: 1950-ականներին որոշ ժամանակ ապրել է Մեքսիկոյում, 1960-ականների սկզբին հաստատվել Կոպենհագենում, բեռնատար մեքենայով ընկերների հետ ճանապարհորդել Իսպանիայում, Մարոկկոյում եւ Եգիպտոսում: 1964-ին առաջին անգամ Ութմատնանի Էդին անգլիացի եւ կանադացի ընկերների հետ ճանապարհորդել է Իրան, Հնդկաստան եւ Նեպալ (Իրանի Մաշհադ քաղաքում գիշերել է տեղի հայկական եկեղեցում), իսկ 1966-ին այցելելով հյուսիսային Գոայի Անջունա գյուղըՙ սիրահարվել է այդ տեղանքին եւ որոշել է հաստատվել այնտեղ: Իր խոստովանությամբՙ նա եղել է Գոայի առաջին ֆրիքը (էքստրավագանտ արտաքին եւ էպատաժային վարք ունեցող անձ), հետո այստեղ եկել են ուրիշներ, հիմնականումՙ եվրոպացի հիփիներ, Վիետնամի պատերազմի դասալիքներ, թմրամոլներ, որոնք գալիս էին բեռնատար մեքենաներով, առանց նյութական միջոցների... Տարեցտարի շատացող հյուրերի համար Էդին բացել է ապուրի ճաշարան, իսկ 1975-ինՙ «քրջի շուկա», որտեղ հիփիները կարող էին իրացնել իրենց ոչ անհրաժեշտ ունեցվածքը եւ գոյատեւել: Տեղացիները հանդուրժում էին Էդիին եւ նրա շրջապատը, որոնք զբաղվում էին յոգայով, ուսումնասիրում չինական նշանավոր «Ի ճինգը»ՙ «Փոփոխությունների գիրքը», Հերման Հեսսեի գործերը կամ «Բհագավատ գիտան», հաշիշ ծխում եւ վիճաբանում «Ռոլինգ սթոունզի» կամ Բոբ Դիլանի մասին...

 

Ութմատնանի Էդին մշտապես հանգրվանեց Գոայում, միայն տասը տարին մեկ գնում էր Քաթմանդու կամ Բոմբեյ (այժմՙ Մումբայ)ՙ նորոգելու իր ամերիկյան անձնագիրը: Գոան աստիճանաբար վերածվեց զբոսաշրջիկության կենտրոնի, Անջունան ընդլայնվեց, կառուցվեցին հյուրանոցներ, կազինոներ, իսկ Էդիի «քրջի շուկան» դարձավ մանրածախ առեւրի կենտրոն: Էդին դժգոհ չմնաց այս զարգացումներից. կարեւորըՙ որ հավաքույթները, երգն ու պարն անպակաս լինեին Անջունայից:

 

Կյանքի վերջին տարիներին Ութմատնանի Էդին ծանր հիվանդացավ: Մի նորվեգացի լրագրողի ջանքերով նրա երկրպագուները հավաքեցին 2250 դոլար, որը հատկացվեց Էդիի բժշկական ծախսերը հոգալուն, իսկ մահից հետոՙ դիակիզման նպատակով: Այս արտակենտրոն հայորդին մահացավ 2010-ի հոկտեմբերին, 85 տարեկան հասակում, եւ նրա աճյունը հինդուիստական ծեսով ցրիվ տվեցին իր այնքան սիրելի Անջունայում...

 

 

Արծվի Բախչինյան/ԱԶԳ

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ