Փաշինյան-Պուտին. սենսացիայի սիրահարները սխալվեցին

P`ashinyan-Powtin. sensats`iayi siraharnere skhalvets`in_96019

Հիրավի, ամենաանշնորհակալ գործը քաղաքական կանխատեսումներ անելն է, հատկապես՝ երկարատև: Եկեք անկեղծ լինենք, դեռևս մեկ տարի առաջ պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերությունները կհամարի փայլուն, կամ փաստացի կհայտարարի, որ ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը Հայաստանի համար այլընտրանք չունեն, պարզապես ֆանտաստիկայի ոլորտից կլիներ:

Միևնույն ժամանակ պարզ տրամաբանությունը հուշում է. մեկ բան է լինել ընդդիմադիր պատգամավոր՝ ազատ երկրի առաջ ծառացած հիմնախնդիրների համար անմիջական պարտավորություններ կրելուց, մեկ այլ բան՝ արդեն հանդիսանալ այդ պետության ղեկավար, սեփական ուսերի վրա զգալով նրա ապագայի նկատմամբ պատասխանատվության ողջ բեռը:

Ինչևէ: Կարելի է ասել, որ այսօր էլ սխալվեցին այն քաղաքական վերլուծաբանները, որոնք սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպումից ինչ-որ սենսացիոն մանրամասներ էին սպասում: Կողմերը կրկին անգամ վերահաստատեցին երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը ամենատարբեր ոլորտներում: Պարզապես, եթե Փաշինյանի խոսքում նկատվում էին որոշակի վերացական երանգներ՝ հայ-ռուսական փայլուն հարաբերությունների և չլուծվող խնդիրների բացակայության մասին, ապա ՌԴ նախագահն ակնհայտորեն ընդգծում էր Ռուսաստանի՝ մեր երկրի համար առաջատար տնտեսական գործընկեր լինելու հանգամանքը և կողմերի միջև տնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության զգալի աճը: Եվ եթե չլիներ կոմերի՝ իրար ներքին գործերին չխառնվելու վերաբերյալ Հայաստանի վարչապետի թափանցիկ ակնարկը, հանդիպման «տեսանելի» մասը կարելի էր համարել պարզապես անթերի:

Իսկ թե ինչ թեմաներ քննարկեցին Փաշինյանն ու Պուտինը կուլիսների ետևում, կարելի է միայն ենթադրել: Միանշանակ՝ Ռոբերտ Քոչարյանի ապագայի, միգուցե նաև՝ քաղաքական, ինչպես նաև Յուրի Խաչատուրովի և Միքայել Հարությունյանի (ի դեպ, օրերս պաշտոնականին մոտ կանգնած մոսկովյան աղբյուրներն ակնարկեցին, որ նա ՌԴ քաղաքացիություն ունի և ոչ մի պարագայում Հայաստանին չի արտահանձնվի) հետագա ճակատագրերի հարցը եղել են դրանց թվում: Երկրորդ հանգամանքը, որ անհրաժեշտ է ընդգծել՝ ռուսական կողմն, այնուամենայնիվ, ավելի զգուշավոր և սպասողական է տրամադրված և դա բնական է, քանի որ Հայաստանում քաղաքական իրավիճակը դեռևս հեռու է կայուն լինելուց:

Չնայած այս ամենին, հանդիպման արդյունքները կարելի է գնահատել դրական: Սա առանձնապես կարևոր է ռուսների նկատմամբ ձեռնարկած թուրք-ադրբեջանական բացահայտ սիրախաղի և Բաքվի կողմից ԶԼՄ-րում ու համացանցում սանձազերծված հակահայկական հիստերիայի ֆոնի վրա:

Մի բան ակնհայտ է. Ռուսաստանը եղել և մնում է մեր երկրի ամենակարևոր ռազմավարական գործընկերը և լավագույն բարեկամը, անկախ Հայաստանում իշխանության փոփոխությունից: Կարծում եմ, սա կարելի է համարել երկու երկրների ղեկավարների սեպտեմբերյան հանդիպման գլխավոր արդյունքը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ