Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Պատմական որոշում, որի հետևում ժողովուրդն էր կանգնած

am en ru
Patmakan oroshowm, ori hetewowm  zhoghovowrdn er kangnats_44550

1988-ի փետրվարի 20-ին, երբ տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզխորհրդի պատմական նստաշրջանը, սահմանադրական կարգով խնդիր էր դրված ինքնավար կազմավորումը միութենական մի հանրապետությունից մեկ այլ հանրապետության փոխանցել: Աղետալի ոչինչ չէր լինի, անկասկած, եթե հայաբնակ Ղարաբաղը վերամիավորվեր Հայաստանի հետ, սակայն Մոսկվան չգնաց դրան, քանզի համոզված չէր, որ այդ վերամիավորմամբ չեն արթանա մյուս էթնիկ հրաբուխները:

Գուցե թե Կրեմլի աշխատասենյակներում իսկապես շրջանառվում էր ազգային քաղաքականության մեջ սրբագրումներ կատարելու թաքուն մտադրությունը, որովհետև, ինչպես հավատացնում են Շարժման առաջին բանագնացները, ԽՄԿԿ Կենտկոմում նույնիսկ խրախուսում էին ղարաբաղյան նախաձեռնությունները: Բայց շուտով ակնհատ դարձավ, որ այդ ամենն ընդամենը կայսերապետական շղարշ է, և Կենտրոնը պատրաստ չէ արմատական քայլերի: Հենց գործի դրվեց արցախյան թափանիվը` կենտրոնական իշխանությունները, Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ համագործակցելով, պատժիչ գործողություններ իրականացրին ԼՂԻՄ-ի նկատմամբ:

Այս խորապատկերին վստահաբար կարելի է ասել, որ գերտերությունում ամենահամարձակը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզն էր, որի փոքրաթիվ ժողովուրդն առճակատ կանգնեց խորհրդային կարծրատիպի դեմ: Իհարկե, հետագա իրադարձությունները ստիպեցին, որ Լեռնային Ղարաբաղը նույն սահմանադրականության շրջանակում հռչակեր իր անկախ պետականությունը: Դա ևս ժողովրդի կամքով էր, և գերնպատակն էլ նույնն էր` ազատվել Ադրբեջանի ծանր ենթակայությունից:

Միասնականությունը դարձավ այն շարժիչ ուժը, որով գոտեպնդված` ԼՂԻՄ մարզխորհրդի պատգամավորները հաջողությամբ անցկացրին նստաշրջանը: Եվ դա բնավ հեշտ ընթացք չունեցավ. Ստեփանակերտն օղակված էր օմօնականներով, փակ էին մարզկենտրոն տանող բոլոր ճանապարհները: Պատգամավորները ստիպված էին զարտուղի ճանապարհներով, ոտքով կտրելով տասնյակ կիլոմետրեր, հասնել Ստեփանակերտ: Ընդհուպ առկա էր նրանց նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի վտանգը:

Մարզխորհրդի արտահերթ նստաշրջանին անհրավեր ներկայացել էր ԱդրԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Քյամրան Բաղիրովը` մոսկովյան բարձրաստիճան էմիսարի հետ: Նա սկզբում փորձում էր սիրաշահել պատգամավորներին, այնուհետև սկսեց սպառնալ նրանց: Կարելի է պատկերացնել հոգեբանական ահռելի ճնշումը, որ կիրառվում էր ժողովրդական պատգամավորների վրա: Կար խորհրդային կարգասիրության ազդեցությունը, ըստ որի՝  արգելվում էր «հարազատ կուսակցությանը դեմ գնալ»: Ղարաբաղի օրենսդրական մարմինը, սակայն, ոչ միայն դեմ գնաց, այլև նույնիսկ դահլիճից վտարեց անկոչ հյուրերին: Բաղիրովի հեռանալը նման էր վիրավոր գազանի փախուստի, և դա մեծ տպավորություն թողեց այն ժամանակ Լենինի անունը կրող հրապարակում հավաքվածների վրա:

Ղարաբաղը ջարդեց խորհրդային տաբուն, հսկա տերության իշխանավորներին ապացուցեց, որ անկասելի է ժողովրդի միասնության ուժը: Այսօր նախկին խորհրդային հանրապետությունները հիշում և գնահատո՞ւմ են ղարաբաղյան հզոր ոգեշնչումը, որը նրանց համար ևս ուղի բացեց դեպի ազատություն… Դա գուցե և կարևոր չէ, բայց շատ էական է այն բանի լիարժեք ըմբռնումը, որ համազգային խնդիրների լուծումը հնարավոր է միայն ժողովրդի կուռ միասնությամբ:

ԼՂԻՄ մարզխորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի որոշումը բացահայտեց խորհրդային երկրի խտրական բնույթը: Սահմանադրակա՞ն էր, օրինակ, 1954 թվականին Նիկիտա Խրուշչևի նախաձեռնությամբ Ղրիմի մարզը ՌԽՖՍՀ կազմից հանելն ու ուկրաինական ԽՍՀ կազմ մտցնելը, և որը տասնամյակներ անց Վլադիրմիր Պուտինը հետ խլեց ուկրաինացիներից: Եթե` այո, ապա ի՞նչն էր խանգարում դա անել Ղարաբաղի պարագայում: Երկակի ստանդարտները կիրառվում են նաև հիմա, սակայն ԽՍՀՄ օրոք այդ հարցի լուծումն առավել դյուրին էր, որովհետև ԼՂ մարզխորհրդի որոշումը ոչ մի կետով չէր հակասում միութենական սահմանադրությանը: Ավելորդ չենք համարում մեջբերել որոշման տեքստն ամբողջությամբ.

 

 

«ԼՂԻՄ-Ը ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՍՀ ԿԱԶՄԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԿԱԶՄ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՌՋԵՎ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

 

Լսելով և քննարկելով ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջև միջնորդության մասին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի պատգամավորների ելույթները՝ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը

ՈՐՈՇԵՑ.

Ընդառաջելով ԼՂԻՄ աշխատավորների ցանկություններին՝  խնդրել ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին և հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի խոր ըմբռնման զգացում և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին հարցը, միաժամանակ ԽՍՀ Միության Գերագույն խորհրդի առաջ միջնորդել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմի մեջ անցնելու հարցի դրական լուծման մասին»:

Այն ժամանակվա խորհրդային իշխանությունների /նաև ներկայում ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների/ համար ակնբախ էր, որ հակամարտության գլխավոր պատճառը հայ և ադրբեջանցի հանրությունների անհամատեղելիությունն է նույն պետական կազմավորման մեջ, և այս հրամայականը երեսուն տարի անց շարունակում է մնալ գերակա: Մի ամբողջ սերունդ է աճել անցած ժամանակահատվածում, և այդ սերունդն այսօր Արցախի Հանրապետության սահմանների հուսալի պաշտպանն է հանդիսանում: Անհնար է նրան վերակողմնորոշել, քանզի անցնող ժամանակը չի հեռացնում 88-ի պատգամներից, այլ ընդհակառակը` ավելի է մոտեցնում…

Մի ուշագրավ նկատում. 88-ի հայտնի որոշումն ընդունվել է ԼՂ մարզխորհրդի 20-րդ արտահերթ նստաշրջանում` փետրվարի 20-ին, և մեկնարկել է ժամը 20-ն անց 20 րոպեին: Նախապաշարումներով չառաջնորդվենք, բայց այս թվերի դասավորության մեջ թերևս մեծ խորհուրդ կա, որը պիտի վերծանեն գալիք սերունդները:

 

 

 

Ստեփանակերտ

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ