Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Սա էլ փորձության շրջան է, վստահ եմ, կանցնի՝ ամրացնելով մեր եկեղեցին. Բագրատ Սրբազանը՝ Հաղարծնի վանքի միջադեպի մասին

am
Sa el p`ordzowt`yan shrjan e, vstah em, kants`ni, amrats`nelov mer ekeghets`in. Bagrat Srbazane, Haghartsni vank`i mijadepi masin_97987

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը

-Սրբազա՛ն Հայր, տեղեկություններ ենք ստացել, որ հակաեկեղեցական տխրահռչակ խմբավորման անդամները Հաղարծնի վանքի տարածքում նախօրեին սադրիչ գործողություններ են ձեռնարկել, հրմշտոց հրահրել: Կարո՞ղ եք ավելի մանրամասնել՝ ի՞նչ է կատարվել Հաղարծինում:

-Երեկ առավոտյան՝ ժամը 11-ին, նախնական պայմանավորվածության համաձայն՝  Վեհափառ Հայրապետը մեր եպիսկոպոսաց դասի հետ միասին պետք է այցելեր Հաղարծնի վանք, որտեղ հոգևոր առանձնացման ժամ էր սահմանված և որոշ հարցերի քննարկում էր ծրագրվել:

Մենք հանկարծ լուր ստացանք, որ անտառներում՝ Հաղարծնի վանք բարձրացող ճանապարհի վրա, երեք մեքենաներ՝ տարբեր տեղերում, բառիս բուն իմաստով դարանակալած են, և պատրաստվում են ճանապարհը փակել: Մեր և ոստիկանության ջանքերով՝ ճանապարհը չփակվեց, և Վեհափառը բարձրացավ Հաղարծնի վանք, որտեղ  աղոթեցինք՝ տևական ժամանակ այնտեղ էինք: Երբ դուրս եկանք, մի խումբ մարդիկ պաստառները բարձրացրած աղաղակում էին: Ես մոտեցա իրենց՝ խնդրելու, որ խաղաղ հեռանան, որովհետև նրանց մասին արդեն լսել էին Հաղարծին, Թեղուտ և հարակից մյուս համայնքների երիտասարդներն ու ժողովուրդը, և հավաքվել եկեղեցու բակում: Բավականին մեծ թվով հավատացյալներ էին ինքնաբուխ հավաքվել , ուղղակիորեն պատրաստվում էին միջամտել խմբավորման գործողություններին և հորդորներով հեռացնել նրանց:  Հաղարծնի վանքում նաև մեծ թվով ոստիկաններ կային հավաքված:

Ես մոտեցա և շատ քաղաքավարի հորդորեցի, որ հեռանան: Այդ ընթացքում, մինչ ես զրուցում էի մարդկանց հետ, նրանցից մեկը մոտենում է Արշակ Սրբազանին և ինչ-որ բաներ է ասում: Ես ականատես չեմ եղել, քանի որ թիկունքով էի կանգնած, սակայն ինչպես հետագայում տեղեկացա՝ այդ տղան վիրավորական ինչ-ինչ խոսքեր էր ասել: Հետո, Էդգար անունով այդ տղան մոտենում է հավաքվածներին և ասում, որ իրեն հարվածել են: Հավանաբար, հայրական ապտակ էր տվել՝ անպարկեշտ բառեր ասելու համար: Ես չեմ տեսել, թե այդ պահն ինչպես է եղել, հետո տեսանյութից եմ տեղեկացել:

Մենք հորդորում էինք իրենց, որ հեռանան, սակայն իրենք պնդում էին, որ չեն հեռանալու, մնալու են: Հետո տեսանյութում ես տեսա, որ իրենց թելադրում են՝ գնա՛, ասա ինչ-որ մի բան: Եթե տեսանյութն ուշադիր դիտեք՝ կլսեք:

-Այդ ընթացքում ոստիկանությունը միջամտե՞լ է, փորձե՞լ է վանքի տարածքից հեռացնել խմբավորմանը: 

-Ոստիկանները միջամտել են, շատ քաղաքավարի կերպով փորձել են հարթել իրավիճակը և նրանց հեռացնել վանքի տարածքից, ոչ թե բռնի միջոցներով, այլ բացատրությամբ: Պետք է արժանին մատուցել ոստիկաններին, որ իրենց հաջողվեց, ի վերջո, հորդորներով հեռացնել այդ մարդկանց, որոնք մոտ 1-1,5 ժամ այնտեղ կանգնած գոռում և աղաղակում էին:

Ես այդ ընթացքում գնացի Գոշավանք, որովհետև միջոցառում ունեինք ծրագրած, իսկ Վեհափառն ու Սրբազանները Հաղարծնի վանքում էին, մեր պատմական սեղանատանը ժողով էր ընթանում: Իմ վերադարձին այդ խմբավորումն արդեն հեռացել էր: Ավելի ուշ ես զրուցեցի մեր մարզի ոստիկանապետի՝ Վահե Ղազարյանի հետ, ով տեղեկացրեց, որ իրենց հորդորներով մի կերպ կարողացել են այդ մարդկանց ճանապարհել վանքի տարածքից:

-Ի վերջո, ի՞նչն էր այդ մարդկանց նպատակը, ինչո՞ւ էին ցանկանում Վեհափառի ճանապարհը փակել, որովհետև չեմ կարծում, թե դա որևէ աղերս ունի Կաթողիկոսի հրաժարականի պահանջի հետ:

-Իրենք 10-15 հոգի էին՝ ամենաշատը: Հստակ չեմ կարող ասել, բայց իրենք երևի գտնվում են այնպիսի վիճակում, որ չեն կարողանում իրենց որդեգրած քաղաքականությունից հետ դառնալ: Այնքան են խորացել, որ ամենածայրահեղ ու հիստերիկ միջոցներով, գոռալով ու աղաղակելով, իրենց կոտրտված անգլերենով՝ տուրիստներին ինչ-որ բաներ ասելով, փորձում էին աղմուկ բարձրացնել: Ես դա ուղղակիորեն համարում եմ հարձակում եկեղեցու վրա: Թեպետ, որքան էլ իրենք փորձում են ասել, որ եկեղեցու զավակն են, բայց եկեղեցու զավակների խնդիր այլևս չկա այնտեղ, իրենք դադարել են եկեղեցու զավակ լինել:

Նրանք կարող են ամենավերջին աստիճանով թե՛ համացանցում, թե՛ փողոցում հայհոյել կաթողիկոսին, եպիսկոպոսներին ու քահանաներին, ամենավերջին աստիճանի զրպարտանքներ ու ստեր հորինել և այդ ամենը նետել հրապարակ: Այդ ամենով հանդերձ՝ իրենք դեռ ասում են, որ եկեղեցու դեմ չեն գործում, բա էլ ո՞ւմ դեմ եք գործում: Ամենակեղտոտ տեխնոլոգիաներով են իրենք գործում, փորձում են սրել իրավիճակը, մարդկանց ջղերի վրա ազդել:

Բայց դա, անշուշտ, չի կարող երկար շարունակվել, կվերջանա ինքն իրեն, որովհետև չարը երկար երկար կյանք չի կարող ունենալ: Այդուհանդերձ իրենք փորձում են մարդկանց մտքի մեջ կասկած գցել, փորձում են հեղինակազրկել նրանց, ովքեր տարիներով տքնել են, աշխատել, իրենց առաքելությունն են իրականացրել մեր Սուրբ եկեղեցու կյանքում, որոշակի աստիճանի են հասցրել եկեղեցու քարոզչությունը, հավատքի տարածումը: Այս իրավիճակում իրենք փորձում են ուղղակիորեն խախտել այդ ամենը, սակայն չի հաջողվելու: Սա էլ փորձության շրջան է, և վստահ եմ, որ սա էլ կանցնի՝ ավելի ամրացնելով Տիրոջ Սուրբ եկեղեցին:

Ժողովուրդն ընդվզում ունի, լայն զանգվածներն ընդվզում ունեն, և Աստված մի՛ արասցե, որ մեկին մի բան պատահի, այդ բոլոր պատասխանատվությունն  իրենց վրա կմնա, որովհետև ի վերջո մարդկանց համբերության բաժակը լցվում է, և որքան էլ հանդուրժելով, սիրելով, հավատքի ջերմությամբ լինեն, մի օր դա կպայթի:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ