Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Սահմանային նոր լարվածություն Ժնևյան հանդիպումների ֆոնի վրա

am en ru
Sahmanayin nor larvatsowt`yown Zhnewyan handipowmneri foni vra_27238

Ինչպես հաղորդում են Արցախի Պաշտպանական բանակի լրատվական կենտրոնից, հոկտեմբերի 22-ին ադրբեջանական կողմը, խախտելով հրադադարի ռեժիմը, ականանետեր և «Սպայկ» կոչվող իսրայելական հակատանկային հրթիռային համալիր է օգտագործել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանական բանակը նաև հրապարակել է այդ խախտումները փաստող համապատասխան տեսանյութը։ Հաղորդվում է նաև, որ հայկական կողմը ձեռնպահ է մնացել պատասխան գործողություններից։

 

Հրադադարի խախտումները Արցախի և Ադրբեջանի բանակաների շփման գծում, ցավոք սրտի, դարձել են սովորական երևույթ, ու նմանատիպ հաղորդագրություններ շատ անգամ ենք ստանում։ Սակայն գոնե վերջին 2 ամիսների ընթացքում թվում էր, թե հարաբերական անդորր է՝ առաջին հերթին պայմանավորված նրանով, որ ականանետերի ու այլ տիպի ծանր զենքերի կիրառումը դադարել էր։

 

Հիշեցնենք, որ Ժնևում՝ այս դեպքերից ընդամենը 6 օր առաջ՝ հոկտեմբերի 16-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, մասնակցությամբ կայացավ երկու երկրների նախագահների՝ Սարգսյանի և Ալիևի հանդիպումը։ Չնայած դեռ հանդիպումից առաջ մասնագիտական շրջանակները էական առաջնթաց այդ հանդիպումից չէին սպասում, սակայն հիմնական հարցը սահմանին լարվածության նվազեցումն էր ու հրադադարի պահպանումը։

 

Նշենք, որ այս հանդիպումը առաջինն էր 2016թ․ ապրիլի քառօրյա պատերազմից հետո, և համանախագահները հուսով էին, որ այսպիսով կվերականգնեն նախագահների միջև ընդհատված հանդիպումների շարքը։ Սակայն վերջին օրերի իրադարձությունները սահմանին ու Ադրբեջանի կողմից լարվածության սրման փորձերը  փաստում են, որ վերջինս ոչ միայն չի պատրաստվում նվազեցնել լարվածության աստիճանը, այլև կիրառելով ականանետեր և «Սպայկ» տեսակի հրթիռ՝ ապացուցում է, որ ցանկանում է սրել իրավիճակը շփման գծում։

 

Ժնևում ավարտված հանդիպումից հետո երկու երկրների արտագին գործերի նախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշել էին, որ «նախագահները համաձայնության են եկել բանակցային գործընթացի աշխուժացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և լրացուցիչ քայլեր իրականացնելու՝ շփման գծում լարվածության նվազեցման համար»: Վերջում համանախագահները գոհունակություն էին հայտնել, որ «բավարարված են այս ուղիղ երկխոսությամբ, որը տեղի է ունեցել երկար ընդմիջումից հետո»:

 

Հոկտեմբերի 22-ին ականանետումը շփման գծում մեկ անգամ ևս ապացուցեց, որ Ադրբեջանի հետ երկխոսության գնալը  ժամանակի անիմաստ վատնում է, վերջինս չի ցանկանում պահպանել նույնիկ ամենատարրական պայմանավորվածությունը՝ օրինակ, կայունության պահպանումը, որը կարծես թե բխում է իր շահերից ևս։ Նաև կրկնվում է այն օրինաչափությունը, որ նմանատիպ հանդիպումներից հետ ադրբեջանական կողմը սկսում է նոր սադրանքներ՝ ցանկանալով այսպիսով ցույց տալ, որ հակամարտությունը սառած չէ, և նրանք սահմանային իրավիճակը անընդհատ լարվածության մեջ են պահելու։

 

Այս իրավիճակը օրինաչափ է Ադրբեջանի համար՝ նաև պայմանավորված այնտեղ Ալիևների կլնի ավտորիտարիզմով և սահմանային լարվածությունը ու առավել ևս սահմանում սեփական զոհերը  քաղաքական նպատակով օգտագործելու շարունակական ցանկությամբ։

 

Արմեն Մանվելյան, պատմական գիտությունների թեկնածու

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ