Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Շիրակի մարզում բիզնես ստեղծելը դեռևս վտանգավոր է և ռիսկային

am
Shiraki marzowm biznes steghtsele derhews vtangavor e ew rhiskayin_75123

Գյումրիում ամենուր կարելի է հանդիպել մի շարք բիզնես գաղափարներ կամ ստարթափեր առաջարկողների, բայց այդ առաջարկներն առայժմ չեն դարձել գործնական քայլեր ու չեն արտահայտվել մեր տնտեսության ցուցանիշների վրա:

Երկրի երկրորդ քաղաքում փոքր ու միջին բիզնեսի ոլորտում վաղուց լճացում է: Իսկ տնտեսության զարգացմանը խանգարում են մի շարք հանգամանքներ՝ հարկային ոչ գրագետ օրենսգիրքը, արտոնյալ պայմանների և վարկերի բացակայությունը, ցածր գնողունակությունը և այլն:

Այս հարցերի շուրջ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի Գյումրու թղթակիցը զրուցեց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արտակ Առաքելյանի հետ:

-Պարոն Առաքելյան, իհարկե, երկրի տնտեսությունը մեկ ամբողջական շղթա է, բայց խոսենք կոնկրետ  Շիրակի մարզում առկա իրավիճակի մասին. վերջապես, ի՞նչ քայլեր պետք է արվեն, որպեսզի  փոքր-ինչ շնչի, կայանա փոքր ու միջին ձեռներեցության ոլորտը:

-Շիրակի մարզն աղքատության ամենաբարձր մակարդակն ունի և ամենատուժածն է, այն պատճառով, որ երկրշարժի հետևանքով հիմնական  միջոցներն ավերվել են և այդ ելակետային պայմաններում բավականին բարդ է տնտեսություն զարգացնելը: Հետո եղել են ներդրումներ, բայց Շիրակի մարզը հենց տնտեսական առումով չի բուժել իր վերքերը, բացի այդ, ոչ ճիշտ մասնավորեցումն ու կոռուպցիան բերել են նրան, որ Շիրակում խոցելի է  եղել աշխատողը: Այս ֆոնը շեշտակի տարբերվում է այլ մարզերում առկա ֆոնից:

Իսկ ի՞նչ պետք է արվի. հատուկ մոտեցում է պետք, ես չէի ասի, թե բյուջեից շատ գումար պետք է ուղղորդվի, այդ մոտեցումն այնքան էլ ռացիոնալ չէ: Մթնոլորտը պետք է լինի արդյունավետ, ամենահիմնական խնդիրը կոռուպցիան է, որը ՀՀ-ի համար շատ լուրջ «հիվանդություն» է, ուղղակի պետք է տրված ֆինանսական միջոցների հետևից  գնալ և ինչո՞ւ ոչ՝ այն ձեռանարկատերերը,  որոնք խոշոր գումարներ են ներդրում, կառավարությունը հատուկ որոշումներով պետք է կարողանա արտոնյալ պայմաններ ստեղծել, որպեսզի կայանա տվյալ ձեռնարկատիրությունը:

 Մեր  օրենսդրությունում կան արտոնյալ պայմաններ սահմանող կետեր, բայց դրանք առավել թիրախային, առավել նպատակային պետք է լինեն: Վարկային տոկոսադրույքները բավականին  բարձր են մեր մարզում, իսկ մարզերում և մայրաքաղաքում տնտեսվարողները հավասարաչափ չեն կարողանում նույն տոկոսադրույքներով աշխատել, քանի որ ռեալ չէ, տարբեր է շահութաբերությունը: Էժան փողեր պետք է լինեն՝ ավելի թիրախային և ցածր տոկոսադրույքներով: ԿԲ-ի հետևողական աշխատանքն է պետք:

-Հարկային օրենսգիրքը շատ փորձագետների կողմից որակվում է որպես քիչ հանրայնացված՝ փորձագետները, տնտեսվարողները  հնարավորություն չունեցան արտահատվել և կարծիքներով, առաջարկություններով հանդես գալ: Ամենաթույլ տնտեսական օղակը Շիրակն է. հարկային բեռից ինչպիսի՞ հարվածներ են ստանում տնտեսվարողները:

-Նոր Հարկային օրենսգիրքն ավելի շատ միտված է հնարավորինս շատ գումար բյուջե տանելուն: Մենք գիտենք, որ պետական պարտքը օր-օրի աճում է, նախկին կառավարությունն այլընտրանք չունենալով՝ պետք է գնար հենց այդ ճանապարհով, արդյունքում, միջին բիզնեսը խոցելի է դառնում: Այլ հարց է, երբ  ԱԱԾ-ի բացահայտումներով տեղեկանում ենք, որ խոշոր տնտեսվարողն առանձին ԱՁ-ներով է հարաբերվում բյուջեի հետ, սա արդեն հարկային «մախինացիաների»  ոլորտից է, որը պետք է խստագույնս բացառվի: Մեր հարկային օրենսդրությունը շատ խրթին է, որպես մասնագետ, որպես գիտությամբ զբաղվող մարդ՝ կփաստեմ, որ  անգամ անգրագետ է գրված:

-Ոչ պրոֆեսիոնալներն են զբաղվե՞լ, թե՞ օրենսդրությունն էլ, ձեր ասած՝ «մախինացիաների» ոլորտից է:

-Երկու տարբերակն էլ այստեղ կա: Մեր հարկային օրենսդրությունը կարիք ունի պարզեցման և պետք է  կատարի ոչ թե ֆիսկալ, այլ նաև տնտեսական գործառույթ, նպաստի տնտեսության զարգացմանը՝ ունենալով մեծ ՀՆԱ և մեծ հարկային ներհոսքեր: Այս խրթինությունը նպաստում է ստվերային և ոչ ֆորմալ տնտեսության ի հայտ գալուն: Օրինակը «Երևան Սիթիի» պարագայում կա ոչ միայն ՊԵԿ-ի համաձայնության ու թողտվության խնդիրը,  այլև  առաջացած իրավիճակը Հարկային օրենսգրքի  խրթինության արդյունք է: Հուսանք, որ նոր կառավարությունը լուրջ հետևություններ կանի այս ամենից:

-Ի՞նչ պետք է անի նոր կառավարությունը, որպեսզի բարեփոխումների ալիքը հասնի նաև Շիրակի մարզ:

-Ես հավատում եմ նոր կառավարությանը: Բայց այլ բան է ցանկանալը, մեկ այլ բան՝  կարողանալը: Հիմա պետք է գիտականորեն հիմնավորված ծրագրեր մշակվեն: Վարվող տնտեսական քաղաքականության հետ ես մտահոգություններ ունեմ, բայց հուսամ, որ անցումային է դեռ այս ընթացքը: Պետք է լուրջ կադրեր զբաղվեն տնտեսության հարցերով, կոնսենսուսային և իրատեսական ծրագիր պետք է ներկայացվեն:

-ՀԴՄ-ների առումով վարչապետը հորդորում է՝ վերցնել կտրոնները, քաղաքացիներն էլ պահանջատեր են և ամենուր վերահսկվում է այս գործընթացը: Միջին  օղակի համար այս երևույթն ի՞նչ դրսևորում կունենա, քանի որ արդեն ՓՄՁ ոլորտի տնտեսվարողները դժգություններ են արտահայտում, թե խոշորներին թողած՝ ներքևում իրենց են ճնշում:

-Բոլորս պարտավոր ենք հարկ վճարել, եթե մենք ազատված չենք այդ հարկից: Եթե ես խուսափում եմ, ապա ես օրենք եմ խախտում, իսկ եթե խախտում եմ, պետք է անխուսափելի լինի պատիժը, սա ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է: Խնդիրը  հարկային բեռի չափի մեջ է: Փոքր ու միջին բիզնեսի  շահը պետք է հաշվի առնվի: Այստեղ շատ կառույցներ՝ փոքր ու միջին բիզնեսի զարգացմամբ զբաղվող, պետք է պահանջատեր լինեն և մասնակից նոր օրենսգրի ստեղծման գործում: Օրինական դաշտում աշխատելով՝ բիզնեսը պետք է մրցունակ լինի: Կոռուպցիայի դեմ պայքարն արդեն նկատվում է, դրան պետք է հաջորդի Հարկային օրենսգրքի ճկունությունը: Կառավարությունն ունի լուրջ տնտեսական զարգացման ծրագրի մշակման կարիք, դրսի լավագույն պրոֆեսիոնալներին պետք է հրավիրել, որպեսզի համակողմանի շահերն ակհայտ լինեն և շահերի բախում չլինի:

-Պարոն Առաքելյան, ի՞նչ խորհուրդ կտաք այն  երիտասարդին, ով ունի մոտիվացիա, ներդրման և աշխատանքի ցանկություն և Շիրակի մարզում ուզում է որևէ բիզնես կամ ստարտափ անել, ինչպե՞ս և ի՞նչ գործիքներով դա իրականացնի:

-Նախ պետք է ընտրել ճիշտ կադրեր, կարճաժամկետ վերապատրաստումների արդյունքում վերապրոֆիլավորել և նոր մասնագետների շուկա ստեղծել: Ցավոք, արտաքին շուկայի ճիշտ ուսումնասիրությունը,  շուկայավարությունը մեզանում թույլ է զարգացած: Այս դաշտը բավականին լճացած է,  երբ մեկն անում է որևէ գործ,  ապա մյուսն ընդամենը վերցում և կրկնում է:

-Նոր բան անելու, հակակշիռ ստեղծելու, կրեատիվ գաղափարներն ե՞ն պակասում բիզնեսում:

-Այո, պետք է նորարարական շուկայով հանդես գալ, կրեատիվ մոտեցման խնդիր կա, շատ կարևոր է, որ տնտեսվարողը գրագետ մարկետինգ իրականացնի, ճիշտ կադրեր ընտրի և այդ կադրերին ճիշտ կառավարի, լավ ուսումնասիրի օրենսդրությունը:

Նման ոճով աշխատողն այս պայմաններում բացարձակ առավելություններ կունենա իր մրցակիցների նկատմամբ: Շատ դեպքերում մեր ձեռներեցները բիզնես ոլորտի զարգացումներին տեղյակ չեն: Արագ բիզնես կուրսեր են կազմակերպվում, կարող են  ունենալ լավ խորհրդականներ և զարգացնել սեփական բիզնեսը:

Լենա Գրիգորյան

ՀԱՅ ՁԱՅՆ-ի  թղթակից

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ