Ստեփանակերտում կայացել է ուռուցքաբանական կենտրոնի նոր մասնաշենքի բացումը (լուսանկարներ)

am
Step`anakertowm kayats`el e owrhowts`k`abanakan kentroni nor masnashenk`i bats`owme (lowsankarner)_6621

Այսօր, ֆրանսահայ բարերար Ռիշար Օհանիսյանի հովանավորությամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ՝ ի դեմս Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի, հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել Ստեփանակերտի «Վարդան և Գոհարիգ Օհանիսյանների» անվան ուռուցքաբանական կենտրոնի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ Առողջապահության նախարար Կարինե Աթայանը՝ ասելով, որ ուռուցքաբանական դիսպանսերի հին շենքը, որը կառուցվել է դեռևս նախորդ դարի 60-ական թվականներին, այսօր գտնվում է անմխիթար վիճակում, այնուամենայնիվ, այն դեռ շահագործվում է, և տարեկան այնտեղ բուժում է ստանում մոտ 850 քաղաքացի:

«Տասնամյակներ շարունակ մեզ անհասանելի թվացող, ժամանակակից ուռուցքաբանական դիսպանսեր ունենալու երազանքն այսօր դառնում է իրողություն: Այն, ինչպես իր տեղակայվածությամբ, այնպես էլ իր պայմաններով, ռազմավարական մեծ նշանակություն կունենա առողջապահական ոլորտի գործունեության ծրագրերում: Նոր ուռուցքաբանական դիսպանսերի առկայությունը, մեր պետության հերթական քայլն է առողջապահության համակարգի զարգացման, այդ ուղղությամբ երկրի իշխանությունների հռչակած և հետևողականորեն կյանքի կոչվող բարեփոխումների քաղաքականության իրականացման ճանապարհին»,- ընդգծել է Կ. Աթայանը:

Ֆրանսահայ բարերար Ռիշար Օհանիսյանն իր խոսքում նշել է, որ շատ ուրախ է, որ գտնվում է Արցախում, մանավանդ որ այն իր առաջին այցն է:

«Տարիներ շարունակ այս ծրագիրն իմ փափագն է եղել և իմ առաջնահերթություններից հիմնականը: Երբ այս հիվանդանոցի կառուցման մտահղացումն իմ մոտ առաջացավ, այն ինձ խիստ անհրաժեշտ ու կենսական թվաց, հաշվի առնելով տարածաշրջանի և տեղի բնակչության կարիքները: Առանց Պետրոս Թերզյանի օգնության ինձ չէր հաջողվի այս ծրագիրը կյանքի կոչել, որի համար երախտապարտ եմ նրան: Շատ կցանկանայի, որ հիվանդանոցի գործունեությունը նպատակաուղղված լիներ այս երկրի բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը՝ մասնավորապես, որ բոլորը հավասարապես կարողանան օգտվել բժշկական ծառայության իրավունքից: Ակնհայտորեն մեր երկիրը զարգանում, հզորանում, բարելավվում է մեր ժողովրդի կյանքը: Այսօր մորս՝ Գոհարիգի մահվան 23-րդ և հայրիկիս՝ Վարդանի ննջելու 68-րդ տարին է: Փափագս է շատ բարիք անել մեր երկրի համար՝ կցանկանայի նաև, որ ծնվեին շատուշատ գաղափարներ, որոնք կբարելավեն մեր ժողովրդի կյանքը»,-մասնավորապես ասել է հիվանդանոցի բարերարը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանն էլ նշել է, որ հիվանդանոցի բացման արարողության օրն ապրիլի 2-ը՝ պատահական չեն ընտրել:

«Սա մեր հստակ պատգամն է, մենք Արցախի ժողովրդի կողքին ենք, ուր էլ , որ լինենք: Սա մեր վերջին ներդրումը չէ արցախցիների համար: Անում ենք ամեն ինչ, որ Արցախի և Ֆրանսիայի կապերն էլ ավելի սերտացնենք ու ամրապնդենք: Մեր պարտականությունն է լինել Արցախում և հզորացնել այս երկիրը, հողը, ժողովրդին»,-ասել է Պ. Թերզյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի հավաստմամբ ՝ իրենց կառույցի համար միշտ պատիվ է եղել ծրագրեր իրականացնել Արցախում:

«Իմ համոզմամբ՝ հայրենիքում նվիրատվություն անելը բոլորիս ծառայությունն է: Այսօր սահմաններում հայ զինվորները կատարում են իրենց ծառայությունը՝ ապահովելով մեզ համար հանգիստ կյանք: Մեր գործը մեր հայրենիքում տարբեր ծրագրեր իրականացնելն է: Համոզված եմ, որ Արցախում տրամադրվող բժշկական օգնությունն իրոք շատ լուրջ մրցակցություն կունենա և տարբեր երկրներից կունենաք բժշկական տուրիզմի այցելուներ»,-նշել է Ա. Վարդանյանը:

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Հայրիյանն էլ ասել է. «Այսօր մենք ականատեսն ենք արցախցիների տասնամյակների երազանքի իրագործմանը, այն է` ունենալ ժամանակակից բժշկագիտության չափանիշներին համահունչ ուռուցքաբանական կենտրոն: Այս փաստը ևս մեկ անգամ խոսում է հայի անկոտրում կամքի մասին: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում ծրագրի հովանավորներին: Մեր 2 բժիշկները վերապատրաստման դասընթացներ են անցել Ֆրանսիայում: Մենք պարտավորվում ենք մեր առջև դրված խնդիրները լուծել ի շահ մեր ժողովրդի առողջության պահպանման , համոզված ենք, որ առաջիկայում լուծում կստանա նաև կենտրոնը նոր ժամանակակից սարքավորումներով վերազինելու ծրագիրը»:

Հիվանդանոցի նոր շենքի ժապավենի կտրման պատիվը տրվել են բարերար Ռիշար Օհանիսյանին, Պետրոս Թերզյանին և Կարինե Աթայանին:

Այնուհետև շենքի ներսում Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Մինաս քահանա Մովսիսյանը օրհնության կարգ է մատուցել:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ