Թանգարան - ինստիտուտը նպատակ ունի մեկտեղել Կոմիտասի ամբողջ ժառանգությունը.Նիկոլայ Կոստանդյան

T`angaran - institowte npatak owni mekteghel Komitasi amboghj zharhangowt`yowne.Nikolay Kostandyan_8764

«Հայ ձայնի» զրուցակիցն է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը

-Ե՞րբ և ի՞նչ նպատակով է ստեղծվել թանգարանը:

Թանգարանի ստեղծման գաղափարը հասունացել է 2013 թ., երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում որոշում կայացվեց ստեղծելու Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը ձեռնարկին նվիրաբերեց Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող նախկին Մշակույթի պալատը, որի հիման վրա էլ սկսվեցին կառուցապատման աշխատանքները: Այդ աշխատանքների ֆինանսական ծախսերը հոգացել են «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական և «Լույս» հիմնադրամները: Թանգարան-ինստիտուտի կառույցի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է: Ցուցադրության հեղինակ և համադրողը Վարդան Կարապետյանն է, ձևավորող-նկարիչը՝ Ալբերտո Տորսելլոն: Ծրագիրն իրականացրել է Թանգարանային խորհրդի (ICOM) Հայաստանի ազգային կոմիտեն:

Ծրագրի ու ձեռնարկի նախաձեռնությունը, գաղափարը և հովանավորությունը պատկանում են ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին, ում շնորհիվ էլ գաղափարն ավարտին հասցվեց, և թանգարանը հանրությանը ներկայցվեց 2015թ. հունվարի 29-ին: Հենց այդ օրն էլ տեղի ունեցավ թանգարանի պաշտոնական բացումը:

Թանգարան - ինստիտուտը նպատակ ունի մեկտեղել Կոմիտասի ամբողջ ժառանգությունը, համակողմանիորեն ներկայացնել Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները, հանրաճանաչ դարձնել նրա երաժշտական ժառանգությունը:Հնարավորություն է ստեղծվում համերգային, կրթական ծրագրերի, գիտական հրապարակումների միջոցով Կոմիտասի կյանքն ու գործը ավելի ընդգրկուն կերպով ներկայացնելու համար:

Մինչ թանգարանի ստեղծվելը գոյություն չուներ այնպիսի վայր, որտեղ մեկտեղված կլիներ Կոմիտասի՝ ողջ աշխարհով սփռված հարուստ ժառանգությունը: Կոմիտասի արխիվը պահվում է Ե. Չարենցի անվ. Գրականության և արվեստի թանգարանում, որոշ մասը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Պոլսում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլուր: Այս թանգարանը հնարավորություն տվեց հաղորդակից լինելու, հետազոտելու և՛ Կոմիտասի կյանքն ու գործը, և՛ հայ երաժշտության պատմությունը: Թանգարան-ինստիտուտն աշխարհին է ներկայացնում Կոմիտասին, հայ երաժշտությունն ու պատմությունը և հայ ազգը:

Թանգարան-ինստիտուտը գիտական գործունեություն ծավալող կառույց է, որը փորձում է փնտրտուքներ իրականացնել ամբողջ աշխարհում և դրա հիման վրա ստեղծել նոր գիտական հոդվածներ, ուսումնասիրություններ, հրապարակումներ:

-Ի՞նչ փուլում է գտնվում թանգարանի գիտական գործունեությունը:

Տարեկան մեկ-երկու անգամ մեր գիտաշխատողները մասնակցում են մեծ հեղինակություն վայելող միջազգային գիտաժողովների, տարվա ընթացքում մեկ անգամ մենք ենք անցկացնում միջազգային գիտաժողով (մեկնարկը տրվել է 2016թ-ին): 2016թ-ին լույս է տեսել մեր առաջին պարբերականը՝ տարեգիրքը: Մեր գիական ներուժով տարեկան հրատարակում ենք 10-15 գիտական հոդված ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ նվիրված Կոմիտասին, ֆոլկլորագիտությանը, միջնադարագիտությանը, հայ կոմպոզիտորական արվեստին: Գիտական ուղղությունը մեր գործունեության մեջ համարելով առանցքային՝ մեծ ուշադրություն ենք դարձնում դրան, որպեսզի այդ գործունեությունն ընթանա և՛ հայաստանյան, և՛ միջազգային հարթակներում:

Առհասարակ փորձում ենք մեր ցուցադրությունների նյութերը ներկայացնել գիտական հրապարակումների ձևով, այսինքն՝ որպես ոչ միայն պատկերագիրք, այլև` հոդվածաշար:

-Հայաստանում և արտերկրում գործող ի՞նչ կազմակերպությունների և կառույցների հետ է համագործակցում Կոմիտասի թանգարան-ինստիտուտը:

Թանգարանն իր գործունեության առաջին իսկ պահից համագործակցում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Արվեստի ինստիտուտի, Երևանի Կոնսերվատորիայի, Մայր Աթոռի, տարբեր թանգարանների հետ:

Համագործակցում ենք գիտական հաստատությունների ու կենտրոնների հետ, քանի որ բոլորս մի գաղափարի ենք ծառայում, գիտությանն ու կրթությանը, դեպի որն էլ բոլորս համընթաց քայլերով առաջ ենք ընթանում:

-Միջազգային հարթակում ի՞նչ կառույցների հետ եք համագործակցում:

2016թ-ից Միջազգային թանգարանային միության (ICOM) անդամ ենք, որին անդամակցության առաջին իսկ տարում մեր թանգարանը մասնակցել է Միջազգային թանգարանային ֆորումին և ներկայացվել է նոմինացիայի: Ֆորումին Հայաստանից առաջին անգամն էր թանգարան ներկայացվում:

«Օրորներ» կրթական ծրագիրն ICOM-ի կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի «Լավագույն փորձ» կրթական ծրագրերի 2016 թվականի մրցանակաբաշխությանն արժանացել է մրցանակի և ընդգրկվել լավագույն ծրագրերի հնգյակում: Այս տարի մեր աշխատակիցը կրթական ծրագրերի ժյուրիի անդամ է դարձել: Թանգարան-ինստիտուտի գիտական բաժինն անդամակցում է այնպիսի հեղինակային կառույցների, ինչպիսիք են IMS-ը (Միջազգային երաժշտագիտական ընկերություն), ICTM-ը (Ավանդական երաժշտության միջազգային խորհուրդ), Մոնոդիայի ուսումնասիրության միջազգային կենտրոնը:

Միջազգային հարթակում համագործակցություն կա այն արխիվների, հաստատությունների հետ, որոնց հետ առնչվել է Կոմիտասը, գրել է կամ հրատարակվել:

-Ինչպիսի՞ կրթական ծրագրեր եք կազմակերպում:

Կրթական ծրագրերը թանգարանային մշակույթի հիմքն են և բավականին կարևոր են, քանի որ դրանք փոխանցում են թե՛ գաղափարներ, թե՛ գեղեցկության ընկալում: Կրթական ծրագրերի շնորհիվ է կապ ստեղծվում թանգարանի ու այցելուների միջև: Այդ ինտերակտիվ կապն ապահովում է թանգարանի՝ ժամանցի վայր դառնալը:

Կրթական ծրագրերը տարբեր ուղղվածություն ունեն՝ երաժշտական, ուսուցողական, մոռացված երգերին ու օրորներին, հայկական երաժշտական գործիքների հետ ծանոթացմանը նվիրված և այլն:

-Գլխավորապես ի՞նչ թեմատիկայով են թանգարանի ցուցադրությունները:

Թանգարանում գործում է մշտական ցուցադրություն՝ բաղկացած Կոմիտասի կյանքին ու գործունեությանը վերաբերող 8 թեմատիկ սրահներից: Կազմակերպվում են նաև ժամանակավոր ցուցադրություններ, որոնք վերաբերում են Կոմիտասին, նրա ապրած ժամանակաշրջանին, հայ երաժշտությանն ու ժամանակակից արվեստին, քանի որ Կոմիտասի կյանքում դասականն ու ժամանակակիցը համադրված են: Լինելով պահպանողական՝ Կոմիտասը բավականին առաջադեմ մտքեր է արտահայտել, նրա գործն իսկ առաջադեմ է՝ ապագային ուղղված:

-Ապագայում ի՞նչ պլաններ ունի թանգարանը:

Թանգարանն ունի բազմաթիվ գիտական, համերգային, հրատարակչական, թանգարանային և այլ ծրագրեր: Նպատակ ունենք այս ամենն իրականացնել տարբեր լեզուներով և տարբեր երկրներում, որպեսզի հասանելի լինեն աշխարհի ժողովուրդներին: Իհարկե, այդ բազմաթիվ նպատակները իրականություն դարձնելու համար մեծ ջանքեր են պահանջվում, բայց մենք լավատես ենք ու լիահույս:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ