Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Թուրքահայ համայնք. առանց պատրիարքի և միասնականության

am es
T`owrk`ahay hamaynk`. arhants` patriark`i ew miasnakanowt`yan   _78511

 

 

Հայ Առաքելական Եկեղեցին, ինչպես գիտենք, ունի 4 նվիրապետական աթոռ՝

 

 

 

Մայր Աթոռ                                                   (Սբ. Էջմիածին)

Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոսություն     (Անթիլիաս)

Երուսաղեմի հայոց պատրիարքություն    (Երուսաղեմ)

Պոլսո հայոց պատրիարքություն              (Ստամբուլ)

 

 

Մայր Աթոռը համարվում է գլուխը համընդհանուր նվիրապետության և մյուս երեք աթոռների նկատմամբ նախամեծար ու նախաթոռ է։ Այսօր, ու ոչ միայն այսօր, արդեն տևական ժամանակ է, որ խորապես մտահոգիչ է հիշյալ 4 նվիրապետությունից մեկի՝ Պոլսո հայոց պատրիարքության ներսում և շուրջը տիրող կացությունը: Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն ավելի քան 10 տարի տառապում է հիշողության հետ կապված անբուժելի հիվանդությամբ (Ալցհեյմերի հիվանդություն) և անգիտակից վիճակում գտնվում է Սուրբ Փրկիչ հիվանդանոցում: Ըստ բժշկական եզրակացության՝ պատրիարք Մութաֆյանի գիտակցությունն այլևս երբեք չի վերականգնվի: Առողջական այս խնդիրը ծանր է անդրադարձել ոչ միայն Մութաֆյանի, այլ նաև թուրքահայ համայնքի կյանքի վրա:

 

   Իր գոյության 557 տարվա ընթացքում Պոլսո հայոց պատրիարքությունն ունեցել է 84 գահակալ: Այդ ողջ ընթացքում՝ պետության բացակայության պայմաններում, Պոլսո պատրիարքն օսմանյան, ապա նաև թուրքական իշխանությունների հետ հարաբերվել է ոչ թե միայն իբրև հոգևոր պետ, այլ նաև՝ հայ համայնքի ղեկավար:

 

   Նկատենք, որ մինչ Հայոց ցեղասպանությունը Պոլսո հայոց պատրիարքությունն ուներ 1000-ից ավելի եկեղեցիներ ու 100-ից ավելի վանքեր: Մինչդեռ այսօր դրանց թիվը 5 տասնյակ էլ չի կազմում: Իր հոգևոր մշակույթի նյութական ժառանգության մեծ մասից զրկված արևմտահայերի սերունդները հիմա էլ դատապարտված են մնալ առանց պատրիարքի: Տարիներ շարունակ էրդողանական վարչակազմը հայ համայնքին կամազրկելու հետևողական քաղաքականություն է իրականացրել: Բերենք երկու օրինակ.

 

Թուրքիայում գործող օրենքների համաձայն՝ հայոց պատրիարքի ընտրության թույլտվությունը պետք է տրամադրի Ստամբուլի նահանգապետարանը՝ ներքին գործերի նախարարության հավանությամբ: Երբ 2010 թվականին հայ համայնքից դիմումներ ներկայացվեցին Ստամբուլի նահանգապետարան՝ աթոռակից պատրիարքի ընտրություն կազմակերպելու համար թույլտվություն ստանալու, ամիսներ շարունակ այդ դիմումն ուշադրության չարժանացավ և թողնվեց անպատասխան:

 

 

Հայ Եկեղեցու կանոնների համաձայն՝ պատրիարքի 7 տարվա բացակայությունը թույլ է տալիս լուծարել պատրիարքական ուխտը: Հետևաբար, 2016-ի հոկտեմբերին որոշում կայացվեց «հանգստի կոչել» Մեսրոպ Մութաֆյանին և կազմակերպել ընտրություններ: Տեղի ունեցան պատրիարքական տեղապահի ընտրություններ, բայց արդյունքների հրապարակումից հետո Ստամբուլի նահանգապետարանը միջամտեց և չեղարկեց: Գրություն ուղարկեց պատրիարքարան և տեղապահի ընտրությունները իրավականորեն ճանաչեց անընդունելի:

 

 

Ուշադրություն դարձնենք այն փաստին, որ մինչև օրս 2 դեպք է եղել, երբ թուրքական իշխանություններն արգելել, կասեցրել ու ձգձգել են Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունները: Առաջինը եղել է 1923-1927թթ., երբ երկրում զարթոնքի մեջ էր քեմալական ազգայնականությունը: Երկրորդը եղել է 1946-1950թթ., երբ մոլեգնում էր պանթուրքիզմը: Եվ հիմա երրորդը տեղի է ունենում Էրդողանի ավտորիտարիզմի պայմաններում:

 

  Թուրքական իշխանությունների միջամտությունը եկեղեցու ներքին գործերին և Պոլսո հայոց պատրիարքի գահի փաստացի թափուր լինելը հնարավորություն չեն տալիս վերականգնել թուրքահայ համայնքի բնականոն կյանքը: Այս իրավիճակը Թուրքիայի հայության ներսում առաջ է բերել անհամերաշխություն ու անկազմակերպվածություն: Ծագում են ներհամայնքային նորանոր երկպառակություններ: Թուրքական իշխանությունները, շարունակաբար կասեցնելով ու կանխելով պատրիարքի ընտրությունը, բնականաբար, շատ լավ հասկանում են, որ դա նաև խաղաքարտ է՝ հայ-թուրքական հարաբերություններում, ըստ նպատակահարմարության, օգտագործելու համար:

 

 

 

Այժմ ստեղծվել են այնքան անտանելի բյուրոկրատական խնդիրներ, որ տարիներ շարունակ Թուրքիայի հայությունը չի կարողանում ընտրել ոչ պատրիարք, ոչ էլ հիմնադրամների վարչական ղեկավարություն: Դատելով իրերի ներկա ընթացքից՝ ակնհայտ է, որ Թուրքիայի ղեկավար օղակներն այս հարցում դեռ հավատարիմ են մնում ռեպրեսիվ գործելաոճին: Թեև ոչ մահմեդական փոքրամասնությունների (հայերի, հույների և հրեաների) իրավունքները ճանաչված և ընդունված են Լոզանի պայմանագրով, որի տակ իր ստորագրությունը դրել է նաև Թուրքիան, բայց պոլսահայերը հայտնվել են իրավազուրկի կարգավիճակում ու փաստացիորեն չեն կարողանում իրացնել ազատ կամարտահայտության իրենց իրավունքը:

 

   Թուրքիայում մահմեդական հոգևորականներ (իմամներ) պատրաստելու համար կան հարյուրավոր կրթական հաստատություններ և տասնյակ ֆակուլտետներ, մինչդեռ ոչ մահմեդական հոգևորականներ կրթելու համար գեթ մեկ դպրոց չկա: Եղածներն էլ փակվել են 1970-ականներին և վերաբացվելու իրավունք առ այսօր չեն ստացել:

 

   «Մեր վճարած հարկերը փաստորեն ոչ թե մեր, այլ մեկ այլ կրոնի և դավանանքի պահանջները բավարարելու համար են օգտագործվում»,- Թուրքիայի նախագահին հղած իր նամակում ցավալիորեն նկատել է տալիս Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

 

  Նա Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետն է: Շնորհավորելով նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Մաշալյանը կոչ է արել նոր Թուրքիայի պայմաններում դրսևորել քաղաքական կամք և բարյացակամ վերաբերմունք փոքրամասնությունների իրավունքների հանդեպ: Պետք չէ, իհարկե, սպասել, որ Էրդողանի պես հայամերժ գործիչը կարող է ազդվել հայ եպիսկոպոսի հորդորից և փոխել քաղաքականությունը: Կարծում ենք՝ պետք է արդյունքներ սպասել միմիայն պատրիարքարանի միասնականությունից, որը չի նկատվում, և պոսլահայության միասնականությունից, որը ևս չի նկատվում: Հուսանք՝ գոնե առայժմ:

 

 

 

 ՄԽԻԹԱՐ ՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ