Թուրքիայում հայերը չունեն հանգիստ ո'չ հողի վրա, ո'չ հողի տակ

T`owrk`iayowm hayere ch`ownen hangist o'ch` hoghi vra, o'ch` hoghi tak_106223

Մեկ տարի առաջ ընդդիմադիր պատգամավորները Թուրքիայի խորհրդարանում հարց բարձրացրեցին, թե ինչպես է թույլատրվել հանրային զուգարաններ և հանդերձարաններ կառուցել Վանի նահանգի Արտամետ (թուրք. Էդրեմիթ) քաղաքի այն վայրում, որտեղ գիտնականների գնահատմամբ պատմական արժեք ունեցող գտածոներ կան: Նշված վայրում գտնվում է հայկակական մի հին գերեզմանոց, որի վրա էլ թուրքերը կառուցել են զուգարաններ և հանդերձարաններ՝ հարևան հանրային լողափի այցելուներին սպասարկելու նպատակով:

Իշխանությունների այդ գործողությունը հատկապես խիստ քննադատության էր ենթարկել ընդդիմադիր պատգամավոր Մուրաթ Բաքանը՝ բացատրություններ պահանջելով Թուրքիայի մշակույթի և քաղաքաշինության նախարարներից:

Ամիսներ անց, ինչպես ասում են, պատկան մարմինները մատը մատին չտվեցին ու քարը տեղից չշարժվեց: Հարցը նորից Թուրքիայի խորհրդարանում բարձրացրեց հայ պատգամավոր Գարո Փայլանը՝ հետաքրքրվելով, թե համապատասխան գերատեսչություններն ինչ քայլեր են ձեռնարկել:

Մշակույթի նախարար Նուման Քուրթուլմուշը պատասխանել էր, որ հետևողական են այդ հարցում, արդեն ընդունվել է համապատասխան որոշում և հանրային զուգարանների ու հանդերձարանների շինությունները կապամոնտաժվեն հայկական գերեզմանատան տարածքից առաջիկա 60 օրվա ընթացքում:

Նախարարի նշած 60 օրվա փոխարեն արդեն անցել է 11 ամիս, նույնն է թե՝ 330 օր: Ոչ զուգարանները, ոչ հանդերձարանները մինչ օրս ապամոնտաժված չեն: Իսկ կառուցապատման ժամանակ հողի մակերես դուրս եկած ոսկրակտորները շարունակում են մնալ ոտքի տակ: Եվ փաստորեն, մեր նախնյաց նույնիսկ աճյունները չունեն հանգիստ: Հայկական գերեզմանոցն անարգող այդ շինությունները կառուցվել են Վանի նահանգի Արտամեդի քաղաքապետարանում որպես հոգաբարձու նշանակված Աթըֆ Չիչեքլիի նախաձեռնությամբ։ Սա Էրդողանի կուսակիցն է ու հայտնի է նաև քրդերի հանդեպ գործադրած ճնշումներով:

Հիմա, երբ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը հարցը կրկին բերել է խորհրդարանի օրակարգ, մշակույթի նախարար Քուրթուլմուշը ստիպված է եղել խոստովանել, որ Արտամեդի քաղաքապետարանը հրաժարվել է ենթարկվել նախարարության հրահանգին և ապամոնտաժել այդ շինությունները: Իսկ որպես պատճառաբանություն նշվում է, թե այդ տարածքում ոչ մի հայկական գերեզմանոց էլ չկա։ Եթե չի ստում նախարարը, ուրեմն ստում է Աթըֆ Չելիքը: Նախ որովհետև Թուրքական լրատվամիջոցները բազմիցս անդրադարձել են այդ խնդրին և տեղեկացրել, որ շինարարական աշխատանքների պատճառով այդ տեղանքում մարդկանց ոսկորներ են նետված: Եվ հետո՝ պատմական անհերքելի փաստեր կան, որ այդ տարածքում հանգչում են հայկական հին թաղամասի բնակիչները: Վանա լճի այդ հատվածի հանրային լողափի հարևանությամբ նախկինում եղել է հայկական թաղամաս: Իսկ ներկայիս թուրքացված Էդրեմիթ քաղաքի անունը ծագում է հայկական Արտամետ տեղանունից, որը ստուգաբանորեն նշանակում է «դաշտի, արտի մոտ», քանի որ այդ տարածքն ընկած է եղել խնձորի ու խաղողի այգիների մոտ: Ի դեպ, հենց այդ թաղամասում է ծնվել Ոստանիկ Ադոյանը, ով հետագայում պիտի դառնար ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ և հայտնի լիներ Արշիլ Գորկի անունով: Նրա կտավները պահվում են Նյու Յորքի, Լոնդոնի, Փարիզի ժամանակակից արվեստի թանգարաններում:

Ունենք մի իրավիճակ, երբ այս հարցը Գարո Փայլանի ու նույնիսկ քեմալական պատգամավորների կողմից քննադատության ու քննարկման առարկա է դարձել: Եվ քանի որ Հայաստանի ու Թուրքիայի միջև չկան միջպետական հարաբերություններ, որպեսզի երկու երկրների պատկան մարմինները համապատասխան կարգով հարցը քննարկեն ու լուծում գտնեն, անհրաժեշտություն է զգացվում, որ գոնե Մայր աթոռի միջոցով գործողությունների մղվի Պոլսո հայոց պատրիարքարանին: Չպահպանի անտարբերությանը նմանվող լռություն:

Եվ շատ կարևոր է, որ այս խնդիրը հնարավորինս միջազգայնացվի՝ որպես վանդալիզմի ծայրահեղ դրսևորում: Ընդ որում շեշտադրելով այն հանգամանքը, որ ազգային փոքրամասնության գերեզմանատունը պղծվում է ոչ թե մասնավոր անձանց ձեռքերով, ինչպես հաճախ պատահում է գանձախույզների պարագայում, այլ հենց պետական պաշտոնյաների իմացությամբ ու թողտվությամբ:

Հայկական գերեզմանոցի վրա զուգահարան կառուցելը, հանգուցյալների հիշատակը պղծելու զարհուրելի մի օրինակ է, որը հնարավոր չէ տեղավորել արթուն խղճի ու առողջ խելքի սահմաններում: Բայց նման բան տեղի է ունենում մի պետությունում, որը դեռ հավակնում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ: Թուրքահայությունը, սփյուռքահայությունը և Հայաստանի Հանրապետությունը հնարավոր բոլոր հարթակներն ու խողովակները պետք է օգտագործեն թուրքերի կողմից մեր պապերի շիրիմների այսօրինակ պղծումը եվրազեկույցներում ներառելու համար: Նման պետությունը չունի և չպետք է տեղ ունենա եվրոպական ընտանիքում, քանի որ այդ երկրում ոտնահարվում են ոչ միայն ողջերի իրավունքները, այլ նաև հանգուցյալների: Մարդիկ անգամ հողի տակ հանգիստ չեն գտնում, եթե այդ հողի վրա իշխանություն ունեն թուրքերը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ