Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Թուրքիայում պահանջված հայը՝ Տարոն Աճեմօղլուն

am ru
T`owrk`iayowm pahanjvats haye, Taron Achemoghlown_74859

 Հեղինակ՝ ՄԽԻԹԱՐ  ՆԱԶԱՐՅԱՆ

     Նա աշխարհում ամենաշատ վկայակոչվող 10 տնտեսագետներից մեկն է: Նա ընդգրկված է «Համաշխարհային 100 ինտելեկտուալների» ցանկում: Նրա ծննդավայրը Թուրքիան է, բնակավայրը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, իսկ մայր հայրենիքը՝ Հայաստանը, քանի որ հայ ժողովրդի զավակն է: Տարոն Աճեմօղլու (թուրք.՝ Kamer Daron Acemoğlu):

Տարոնի անձը և անունը մի քանի անգամ հայտնվել են Թուրքիայի կառավարության հետաքրքրությունների տիրույթում, իսկ թավշյա հեղափոխությունից հետո՝ նաև Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում:

Պոլսահայ ընտանիքում ծնված (1967թ.) Տարոնը Ստամոբւլի «Գալաթասարայ» վարժարանից հետո կրթությունը շարունակում է Արևմուտքում: Էկոնոմետրիայի և մաթեմատիկական տնտեսագիտության բնագավառներում ստանում է գիտական աստիճաններ: Համարվում է կիրառական տնտեսագիտության խոշորագույն մասնագետներից մեկը: Հավակնել է Նոբելյան մրցանակի: Պարգևատրվել է հեղինակավոր Ջոն Բեյթս Քլարքի շքանշանով (John Bates Clark Medal)։ Այս մրցանակը իր հեղինակությամբ զիջում է միայն Նոբելյան մրցանակին։

«Տնտեսագետներն ասում են, որ Տարոնի գիտելիքի ծավալներն աննկարագրելի են, գրեթե մոտ՝ անհնարինի սահմանին։ Նրա բացառիկ արդյունավետությունը կարող է բացատրվել միայն երկվորյակ եղբոր գոյությամբ»,- կատակով նկատել է The Region պարբերականը:

  Թուրքիայի իշխանությունները տարիների ընթացքում հայ տնտեսագետին պաշտոն առաջարկելու անհաջող և անարդյունք փորձեր են արել: Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր վարչապետության օրոք Տարոնի անվանել էր «մեր թանկագին ընկեր»՝ պնդելով, թե իր ղեկավարած կառավարությունը Թուրքիայի քաղաքացիներին չի տարբերակում ըստ ազգային պատկանելության»: Ուշագրավն այն է, որ նույն այդ ժամանակ (2011թ.), նույն այդ Էրդողանը սպառնում էր Թուրքիայից վտարել ապօրինի ներգաղթած 70.000 հայի:

Այդ տարիներին Թուրքիան որդեգրել էր «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքական կուրսը, իսկ ավելի ճիշտ՝ ընդամենը քաղաքական կարգախոսը: Թուրք վերլուծաբանները հետո պիտի արձանագրեին, որ պաշտոնական Անկարան ձախողեց այդ քաղաքականությունը, քանի որ Թուրքիան ունի ոչ թե «զրո խնդիր հարևանների հետ», այլ «զրո հարևաններ՝ առանց խնդիրների»:

Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր. «Մեր բոլոր հարևանները մեր բարեկամներն են, իսկ Հայաստանը` մեր պոտենցիալ բարեկամը»: Եվ հենց այդ ժամանակ էր, որ Տարոնը թուրքական կառավարության ուշադրության կենտրոնում էր: Դավութօղլուն ակնարկել էր, որ մասնագիտությամբ տնտեսագետ մի թուրքահայ գիտնական շուտով Կուղարկվի Փարիզ՝ որպես Թուրքիայի դեսպան: Ավելի ուշ պարզ դարձավ, որ խոսքը Փարիզում «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (ՏՀԶԿ-OECD) Անկարայի մշտական ներկայացուցչի պաշտոնի մասին է: Բայց Տարոն Աճեմօղլուն մերժեց թուրքական կառավարության առաջարկը՝ պատճառաբանելով իր գիտական աշխատանքների անհետաձգելիությունն ու կարիերան:

Հունիսիս 24-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ու նախագահական արտահերթ ընտրություններից հետո թուրքական մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ Տարոն Աճեմօղլուին կընդգրկվի նոր ձևավորվող կառավարության կազմում:

Թուրքիայի տնտեսության մասին Տարոնը տարբեր առիթներով հնչեցրել է մի շարք բնորոշումներ: Ինչպիսիք են օրինակ՝

«Եվրոպայի ժամացույցով ռումբը Թուրքիայի տնտեսության դարպասների մոտ է»:

«Տոտալիտարիզմի ուղին բռնած Թուրքիայում շուտով կարող է տնտեսական պայթյուն լինել»:

 

«Աշխարհի լավագույն տնտեսագետներից մեկը՝ Աճեմօղլուն, կարող է Թուրքիայի տնտեսության կառուցվածքային խնդիրներին արմատական լուծում առաջարկող պատմական դեր կատարել: Հնարավոր է Աճեմօղլուին առաջարկվի ղեկավարել Թուրքիայի տնտեսությունը»,- գրել էր թուրք վերլուծաբաններից Նագեհան Ալչըն՝ հավաստիացնելով, թե իր տեղեկությունը հիմնվում է վստահելի աղբյուրի վրա: Բայց դրան հետևեց Տարոն Աճեմօղլուի հերքումը: Թուրքական ընդդիմադիր թերթի հետ զրույցում հայ տնտեսագետ պարզաբանել էր, որ նման առաջարկ չի ստացել և թուրքական մամուլի կողմից շրջանառվող այդ լուրը սոսկ «բամբասանք է»։

Անկարայի կողմից առայժմ պաշտոնական պարզաբանում չկա: Եվ դժվար է պնդել՝ «բամբասա՞նք է» դա, թե տեղեկատվության միտումնավոր արտահոսք՝ շոշափելու հանրային տրամադրությունների զարկերակը: Պատկերը որոշակիորեն կհստակեցվի հուլիսի 9-ին, երբ ձևավորված կլինի Թուրքիայի կառավարության նոր կազմը: Պարզ կլինի, թե արդյոք նախատեսվում է Թուրքիայի տնտեսության ղեկավարումը հանձնել Աճեմօղլուի տաղանդին: Տարոնի ներգրավվումը Թուրքիայի կառավարության մեջ ակնհայտորեն կարող է ոչ միանշնական ընդունվել: Նախ այն պատճառով, որ Էրդողանի գլխավորած քաղաքական ուժը ընտրություններում դաշինք էր կազմել «Ազգայնական շարժում» կուսակցության հետ, որը ինչպես հայտնի է, «Գորշ գայլերի» քաղաքական թևն է ու դիրքավորված է հայկական շահերի դեմ:

 

Եվ երկրորդ՝ ազգայնական տարամադրություններով համակված լայն զանգվածները նույնպես չեն ողջունում հայ գիտնականին պետական բարձր պաշտոն տալը, քանի որ հայկականության թեման ավանդաբար ընկալվում է բացասական երանգով և ձևավորում նույնքան բացասական վերաբերմունք: Հատկապես այն հասարակությունում, որտեղ «հայ» բառը դեռ շարունակում է վիրավորական արտահայտությունների հոմանիշը լինել:

 

Այնուամենայնիվ, թե Հայաստանի, թե Թուրքիայի անկումային տնտեսությունների համար Տարոնի գիտելիքները և հմտությունները կարելի է ասել օրակարգային անհրաժեշտություն ունեն:

  Հայաստանի տնտեսությանն աջակցելու պատրաստակամություն հայտնած Աճեմօղլուն գուցե նաև ծառայություններ մատուցի Թուրքիայի տնտեսությանը, գուցեև հրաժարվի, ինչպես նախկինում: Բայց ամեն դեպքում սփյուռքյան խողովակներով կարելի է Տարոն Աճեմօղլուին ներկայացնել, թե ինչու է խիստ աննպատակահարմար և խիստ անցանկալի թուրքական կառավարության առաջարկն ընդունելը: Նկատել տալ, որ առաջարկի ընդունումը միտված կլինի նպաստել այն երկրի տնտեսական զարգացմանը, որի գեներալները նստած են Ադրբեջանի զինուժի գլխավոր շտաբում, այն երկրի, որի ռազմատեխնիկական աջակցությամբ Ադրբեջանի զենքերը դիրքերում կրակում են հայ զինվորների վրա:

Հ Ե Տ Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն   կամ   Հ Ա Ր Ց

Տարոն Աճեմօղլուն Արվեստների և գիտության ամերիկյան ակադեմիայի և Թուրքիայի գիտությունների ակադեմիայի անդամ է։

Իսկ ինչո՞ւ մինչև օրս Հայաստանի գիտական շրջանակները և հենց Գիտությունների ազգային ակադեմիան մեկուսացված են մնում Աճեմօղլուից:

 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ