Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Թշուառականները ամօթ չունենալով՝ Եկեղեցւոյ ազգընտիր Վեհափառին հրաժարականը կը պահանջեն

am
T`showarhakannere amot` ch`ownenalov, Ekeghets`woy azgentir Vehap`arhin hrazharakane ke pahanjen_86627

Հեղինակ՝ ԽԱՉԻԿ ՃԱՆՈՅԵԱՆ

«Բժիշկ Բժշկեայ Զանձն Քո» ( Ս. Գիրք)

           Գարշելի Սրբապղծութիւն Ս. Էջմիածնի Գահակալին Հանդէպ

 Հայաստանի մէջ վերջին ամիսներուն, շահագործելով հայրենի ժողովուրդի թաւշեայ, սիրով և համերաշխութեամբ տեղի ունեցած իշխանափոխութեան իրավիճակը, որպէս փրկիչ և փրկարար փողոց իջած են քանի մը կարգալոյծ եղած, մատի վրայ հաշուըւող կղերականներ, իրենց կողքին ունենալով փոքրաթիւ աշխարհականներ, որոնք չենք գիտեր որո՞նց գործակալներն են, որո՞նց պատուէրն է, որ կը կատարեն անոնք, չենք գիտեր: Միայն մէկ բան պարզ և ստոյգ է, որ այս թշուառականները անպայման փորի, մարմնական և հոգեկան ցաւերէ կը տառապին և բուժումի պէտք ունին:

 Այո՜, այս «փրկիչներ»  մեր շէն ու շէնշող, իր ոսկեդարը ապրող Հայց. Առաքելական Եկեղեցւոյ ցաւերը և վիճակը բուժելու փոխարէն, նախ իրենք բժիշկի պէտք է ներկայանան և իրենք իրենց ցաւերը բուժեն:

Այս դժգոհողները Facebook-երու և հեռատեսիլի նեխած կայաններուն բամբասանքի սուտ նիւթ հայթայթելով, ամենադոյզն ամօթը չունենալով, մեր Եկեղեցւոյ ազգընտիր Վեհափառին հրաժարականը կը պահանջեն:

                Լկտի և ստահակներու վայել բառերով, վանկարկումներով, ոչ միայն մեր Եկեղեցւոյ շնորհազարդ Վեհափառը, այլև նոյնիսկ Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառն ու Հայց. Առաքելական Եկեղեցւոյ բազմաթիւ բարձրաստիճան կղերականներ եւս թիրախ դարձած են, և ինչպէս ըսինք, այս բոլորը Դիմատետրի և հեռատեսիլի տալով:

                Արդարեւ, մարմինը փշաքաղող երեւոյթներու ականատես եղանք: Եկեղեցի տանող մուտքի բաժինը, ինքնաշարժներով և քարերով փակուած էին Վեհափառին առաջ: Իսկ անկէ առաջ ալ Ս. Էջմիածնի Մայր Տաճարը մտնելով, անաստուածները յիշեցնող արարքներով, Մայր Տաճարի զարդերն ու սրբանկարները վնասած են: Անոնք, այս երիցս թշուառականները, ամենէն աններելի արարքներով, ինչպիսի՛ լպիրշ բառեր հանեցին իրենց պիղծ բերաններէն,, ինչե՛ր չըսին և չվերագրեցին մեր եպիսկոպոսապետին և մեր Եկեղեցւոյ բարձրաստիճան եկեղեցականներու հասցէին:

                Այո, միայն Աստուած կատարեալ է և անսխալական: Մարդիկ, ինչ պաշտօնի վրայ ըլլան, կամ՝ ինչ հանգամանքներով ալ գործեն, ոչ մէկ ատեն զուրկ են անսխալական ըլլալէ, միայն չաշխատողն է որ չի սխալիր, բայց մտքով կաղ և աչքով կոյր պիտի ըլլայ մէկ մը, որ Հայց. Առաքելական Եկեղեցւոյ Հայաստանի կամ արտասահմանի մէջ գործող եկեղեցիները և հոգեւոր զարթօնքը չկարենայ տեսնել. և այս բոլոր իրագործումներուն մեծ մասը եղած են նոյն ինքն մեր շինարար Վեհափառի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.ի նախաձեռնութեամբ, անոր կամքին և ծրագրումներուն շնորհիւ:

                Այսօր Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին ոչ միայն հոգեւոր հսկայ հաստատութիւն մըն է, այլ իր կղերականներու մեծաթիւ բանակով, որոնց մեծ մասը ձեռնադրուած են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.ի օրով, հրատարակչական, շինարարական, միջազգային գետնի վրայ փառք ու պարծանք է ողջ քրիստոնեայ աշխարհին և մանաւանդ հայ ժողովուրդին:

                Այս բոլոր իրագործումները եղած են շնորհիւ մեր Վեհափառի կարգապահ, նպատակասլաց աշխատասիրութեան շնորհիւ: Ասոր համար է որ Ս. Էջմիածնի միաբանութիւնը մեղուի փեթակի պէս կը գործէ, և անոնք որոնք կը շեղին, եկեղեցական կարգ ու կանոնէ, Եպիսկոպոսական Ժողովը, գլխաւորութեամբ Վեհափառ Հօր, կարգալոյծ կընէ զանոնք:

                Ոչ մէկ կարգապահ, աշխատասէր, իր պաշտօնին և կոչումին վայել դիրքի վրայ եղող կղերական՝ կարգալոյծ եղած է ցարդ:

                Եթէ նման արարք մը իսլամ կամ՝ քրիստոնեայ, կամ՝ պուտտայական երկրի մը մէջ ըլլար, երկրի իշխանաւորները կը պաշտպանէին հոգեւոր այդ տուները  և ղեկավարները: Բայց տարօրիակ է, որ հայրենի իշխանաւորներ, որոնք թաւշեայ յեղափոխութեամբ մը իշխանութեան գալով, խոստացած են ժողովուրդին խաղաղ և ապահով կեանք մը պարգեւել, չկրցան ամենադոյզն ճիգը ընել՝ իրենց քաղաքացիներու արժանապատուութիւնը պաշտպանելու և աշխարհատարած հայութեան հոգեւոր կեդրոնը հանդիսացող Ս. Էջմիածնին և անոր Հովուապետին պաշտպան ըլլալու: Կը յուսանք, որ հայրենի մեր նոր իշխանաւորները տէր, պաշտպան և պահապան կըլլան համայն հայութեան սրբութիւն սրբոց կեդրոնը հանդիսացող  Ս. Էջմիածնին և  անոր արժանաւոր գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսին:

                Մինչ այդ, սրտանց կաղօթենք՝ ըսելով.

                «Ամէն հայի սրտից բխած

                Լսիր այս ձայն ով Աստուած,

                Երկար կեանք տուր հայրապետին

                Երկար օրեր հայոց հօր:

Տէր, անսասան պահիր դու միշտ

Քո  իսկ հիմնած Մայր Աթոռ: Ամէն»:

          

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ