Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

ՏՄՊՊՀ-ը ոլորտում ապօրինիություններ է բացահայտել

am
TMPPH-e olortowm aporiniowt`yownner e bats`ahaytel_74795

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ հանձնաժողովը պետական մարմիններում առանց մրցույթ հայտարարարելու գործունեություն ծավալելու, լիցենզիաներ տրամադրելու դեպքեր է բացահայտել: Այլ ապօրինիություններ էլ են բացահայտվել:

 

Օրինակ. տնտեսվարողներից շատերն են ցանկանում զբաղվել բացօթյա առեւտրով կամ խեցգետնի, ձկան արդյունահանմամբ, բայց երբ լիցենզիաները, թույլտվությունները արդարացի ձեւով չեն բաշխվում տնտեսվարողների միջեւ, դա կարող է մրցակցային անհավասար պայմաններ ստեղծել: «Բոլոր պետական մարմինները, որոնք նման լիցենզիաներ, թույլտվություններ են տալիս տնտեսվարողին, դա ինքնուրույն են կատարում, իրենք են որոշում՝ որին մերժել, որին տալ լիցենզիա: Տրամադրման գործընթացում չկան չափանիշներ: Հանձնաժողովն առաջարկում է համապատասխան օրենսդրական փոփոխություններ իրականացնել, որպեսզի դրա արդյունքում մրցակցային եղանակով տրամադրվեն լիցենզիաներ, կազմակերպվեն մրցույթներ, թափանցիկ ու հրապարակային մրցույթներ եւ հաղթեն նրանք, ովքեր ավելի լավ պայմաններ կառաջարկեն»,- ասել է Շաբոյանը:

 

Կամ պետական մարմիններն իրականացնում են բիզնես գործառույթ՝ ունենալով մրցակցային առավելություններ: «Բիզնես գործառույթների տարանջատումը պետական մարմինների գործունեությունից կնպաստի ոչ միայն մրցակցային հավասար պայմանների ապահովմանը, այլ նաեւ հնարավորություններ կստեղծի, որ զարգանան ՓՄՁ-ները»,- ասել է Շաբոյանը:

 

Կամ տնտեսվարողները տեղյակ չեն լինում, որ պետական մարմինները որոշակի գործունեություն ծավալելու մրցույթներ են հայտարարում: «Պետք է լինի մեկ միասնական էլեկտրոնային հարթակ, որտեղ լինի ողջ տեղեկատվությունը՝ պետական գույքի վարձակալության, օտարման վերաբերյալ: Բոլորը պետք է տեղյակ լինեն մրցույթների մասին»,- ասել է Շաբոյանը:

 

ՏՄՊՊՀ նախագահը անուններ է տվել. «Օրինակ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը մատուցում է ծառայություններ հանգստի, զբոսաշրջության հետ կապված, իսկ արդարադատության նախարարության «ՀՀ ԱՆ թարգամանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը, իրականացնում է վճարովի թարգմանչական գործունեություն: Բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոցը իրականացնում է գիշերակացի տրամադրում: Այս կառույցները պետական բյուջեից են ֆինանսավորվում, չեն վճարում ձեռնարկատիրական գործունեության համար սահմանված հարկ, ստանում են մրցակցային առավելություններ նույն աշխատանքով զբաղվող մասնավոր այլ ընկերությունների նկատմամբ»:

 

Արտակ Շաբոյանը այս պաշտոնին է արդեն 10 տարի եւ հասկանալի չէ, թե ինչու մինչ օրս չեն բացահայտում այս խախտումները:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ