Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Վարչապետի կաբինետի աշխատանքի գնահատականը բոլորովին այլ արժեհամակարգում պետք է տրվի. Ատոմ Մարգարյան

am
Varch`apeti kabineti ashkhatank`i gnahatakane bolorovin ayl arzhehamakargowm petk` e trvi. Atom Margaryan_87435

ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման 100 օրվան:

«Այն ինչ տեղի ունեցավ Հայաստանում վերջին ամիսներին (ու ըստ էության շարունակվում է) առանց չափազանցության 3-4 ամիս առաջ ամենալավ երազում անգամ անհնար էր պատկերացնել։

Ով կմտածեր՝ 1996-ից ի վեր անօրենի խարանը ճակատին, զազրելի բռնություններով ու արյունալի բռնաճնշումներով շարունակաբար վերարտադրվող իշխանությունը բառացիորեն մի գիշերվա մեջ թղթե տնակի նման կփլուզվեր՝ տեղի տալով մեկեն ոտքի ելած բովանդակ հանրության, առաջին հերթին՝ երիտասարդության ճնշմանը։ Ու դա՝ շնորհիվ Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած քաղաքական թիմի։ 

Այդ պատճառով՝ Վարչապետի կաբինետի աշխատանքի գնահատականը բոլորովին այլ արժեհամակարգում պետք է տրվի՝ այլ չափողականությամբ։ Ըստ էության դրվել են ՄԵԾ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ հիմքերը։ Տեղի են ունենում խաղի կանոնների տոտալ փոփոխություններ։ Ամենակարևորը՝ ԵՐԿՐՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏ Է ՓՈԽՎԵԼ, մարդկանց մեջ արթնացել է հավատը ապագայի հանդեպ, վստահությունը, որ իրենց ճակատագիրը իրենց ձեռքերում է, իրենք են իրենց վաղվա օրվա կերտողները։ 

Ավելի կոնկրետ՝

1. Նոր իշխանությունը նախկինների նման չի սահմանել արտոնություններ, քվոտավորել ու վերաբաշխել ռեսուրսները, բարիքները և բիզնեսը՝ իր և յուրայինների օգտին։ 

2. Իրական քայլեր են արվել բիզնեսը իշխանությունից տարանջատելու ու առողջ մրցակցություն հաստատելու ուղղությամբ։ 

3. Համակարգային փոփոխությունների պայմաններում երկրի ֆինանսական համակարգը չի ցնցվել, դրամը կայուն է, բյուջեի եկամուտները առաջանցիկ աճում են՝ հիմք դառնալով արդեն հաջորդ տարվանից առաջնահերթորեն կուտակված սոցիալական խնդիրները լուծելու համար, բարձրացնել աշխատավարձերը, կենսաթոշակները, նպաստները։ 

4. Իշխանությունը կարողանում է արդյունավետորեն օգտվել համաներումների մեխանիզմներից՝ դրանով բարձրացնելով պետական ինստիտուտների նկատմամբ վստահության աստիճանը (արագաչափերի և տեսախցիկների արձանագրած խախտումների տուգանքների, ժամկետանց վարկերի տույժ-տուգանքների զիջման տեսքով և այլն)։ 

5. Խոշոր բիզնեսը դուրս է գալիս ստվերից՝ ձերբազատվելով կոռուպցիոն պարտավորություններից։ 

6. Երկրից կապիտալի էական արտահոսք չի եղել. խոշոր բիզնեսը համարում է, որ ավելի լավ է սեփական երկրում վճարել հարկերը, քան այլ երկրում հանգրվանել՝ հետապնդվելու խիստ ռիսկային հեռանկարով։ 

7. Նոր իշխանությունը չգնաց կոնֆիսկացիայի ճանարահով, սակայն հետևողական է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ու դրանց հետևանքների լիկվիդացման հարցում։ 

8. Դրվել են թալանված ու երկրից դուրս բերված հարստության և ակտիվների հետվերադարձի հիմքերը։ 

9. Հակակոռուպցիոն պայքարը տալիս է իր առաջին պտուղները՝ մի քանի տասնյակ միլիարդ դրամի յուրացումներ են վերականգնվել պետական բյուջեում։ 

10. Հարկային, մաքսային, ոստիկանության, առողջապահության, կրթական,սոցիալական ծառայության, բանակային զորակոչի ու մի շարք այլ ոլորտներում էապես կրճատվել են կաշառաշորթման ծավալները, մյուս կողմից մարդկանց ավելի ու ավելի մեծ քանակություն հակված է իր խնդիրների լուծմանը հասնել օրինական ճանապարհով։

Այդուհանդերձ, երկրի ու նոր իշխանության հիմնական մարտահրավերները շարունակում են մնալ օրակարգում։ Դրանց համարժեքորեն արձագանքելու և կուտակված բազում խնդիրներին լուծում տալու համար անհրաԺեշտ է ձևավորել բոլոր առումներով օրինակարգ, բալանսավորված ու օրինակելի իշխանություն։ Ակնհայտ է, որ հարցերի հարցը առաջիկա խորհրդարանական ընտրություւններն են։ Իշխանությունը պետք է ձևավորվի և գործի որպես ՀԱՄԱԿԱՐԳ։ Դա վերաբերում է նրա բոլոր թևերին՝ օրենսդիր, գործադիր և դատական։ Միայն վարչապետի ու նրան հավատարիմ զինակիցների ջանքերը շատ քիչ են, որպեսզի երկիրը տեսանելի ապագայում դառնա առաջադեմ, զարգացած ու բարեկեցիկ։ Հարկավոր են ինստիտուցիոնալ լուծումներ և իհարկե՝ ողջ հանրության ներգրավվածությունը, քաղաքական ակտիվությունը և աջակցությունը վարչապետի ծրագրերին»,- նշել է տնտեսագետը։

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ