Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ ազգային համախմբվածության արդյունք է. այսօր Մոնթեի հիշատակի օրն է

am en ru
Yowrak`anch`yowr zhoghovrdi haght`anak azgayin hamakhmbvatsowt`yan ardyownk` e. aysor Mont`ei hishataki orn e_66413

Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է, որ պիտի կառուցված լինի խելամիտ հաշվարկների վրա:

Մոնթե Մելքոնյան

 

 

Արցախյան հերոսամարտի խորհրդանիշներից մեկը հանդիսացող Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957թ․-ի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքին հարակից Վայսեյլի ավանում։ 12 տարեկանում նա իմացել է իր հայ լինելու մասին, ապա մեկնել է ճանապարհորդության և եղել Արևմտյան Հայաստանում, ինչպես ինքն էր սիրում ասել, իր պապերի տանը։ 1973թ.-ին ծնողները Մոնթեին ուղարկել են Ճապոնիա սովորելու։ Օսակա քաղաքի վարժարանն ավարտելուց հետո նա գնում է Հարավային Կորեա, ապա՝ Վիետնամ, որտեղ ականատես է լինում պատերազմին։

1975 թ․-ին նա գերազանցությամբ ավարտում է Մաունթ Ուիթնիի միջնակարգ դպրոցը և 20 տարեկանում ընդունվում է Կալիֆոռնիայի Բըրքլիի համալսարանը, որի չորս տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով հնագիտության եւ ասիական պատմության մասնագետի վկայականներ։ Նա լիովին տիրապետում էր անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն»-ը եւ կազմակերպում ցուցահանդես նվիրված Մեծ Եղեռնին։ Շուտով Մոնթեն արժանանում է կրթաթոշակի՝ Օքսֆորդի համալսարանում դոկտորական պաշտպանելու համար, սակայն Անգլիա չի մեկնում, գնում է Արեւմտյան Հայաստան՝ Վասպուրականի ժայռափոր դամբարանները եւ կացարանները ուսումնասիրելու համար։ 1978 թ․-ին գնում է Իրան, ապա անցնում Լիբանան՝ մասնակցելու Բեյրութի հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։

1980 թ․-ին Մոնթեն միանում է «Հայաստանի Ազատագրական Հայ գաղտնի բանակին», ձերբակալվում է 1981 թ․-ի նոյեմբերին Փարիզում՝ Հռոմում թուրք դիվանագետի սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով, ինչը հերքվում է, սակայն Մոնթեն այս անգամ բանտարկվում է կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով։ Մոնթեն երկու տարվա ընթացքում դառնում է ԱՍԱԼԱ-ի կարեւորագույն դեմքերից մեկը։ Հոդվածներով հանդես է գալիս Փարիզի «Հայ Պայքար» եւ Լոնդոնի «Կայծեր» թերթերում, Սան Ֆրանցիսկոյի «Սարդարապատ» ամսագրում, նաեւ անգլերեն մի շարք գրքերում՝ հայոց ազգային հարցի մասին, որոնք հրատարակվում էին Լոնդոնում։

1991 թ․-ին բանտից դուրս գալուց հետո Մոնթեն գալիս է Երևան, 7 ամիս աշխատում ԳԱԱ-ում՝ «Հայաստանը եւ հարեւանները» գիրքը գրելու և հրատարակելու նպատակով։ 1991թ․-ին ամուսնանում է լիբանանահայ Սեդայի հետ։

Շարժման տարիներին Արցախի պաշտպանության ղեկավարությունը, տեսնելով նրա խիզախությունը, 1992 թ․-ի հունվարին նրան հանձնարարեց Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները։ Նրա ղեկավարած փայլուն գործողություններից մեկը Օմարի լեռնանցքի պաշտպանությունն էր։ 1993թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը նրա ղեկավարությամբ իրականացվում է Քարվաճառի շրջանում տեղաբաշխված թշնամու ռազմակայանների ոչնչացման բարդագույն գործողությունը:

1993թ.-ի հունիսի 12-ին, Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջավ հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը եւ դիրքավորելու իր զինվորներին։ Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի հանդիպեց նա հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային՝ ներսը եւ շուրջը զինվորներ։ Մեքենայից իջնելով՝ Մոնթեն դիրքավորվեց, դրանք կրակահերթ բացեցին, առճակատ անհավասար մարտում զրահամեքենայից արձակած հրթիռի բեկորից զոհվեց Մոնթեն և իր զինակից Սարիբեկը։ Մոնթե Մելքոնյանի աճյունն ամփոփվեց <<Եռաբլուր>> պանթեոնում։

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ