Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Յուրաքանչյուրս մի տիեզերք ենք՝ անվերջությամբ ու գաղտնիքներով. դա է իմ արվեսը. Եվգենիա Էվոյան

am ru
Yowrak`anch`yowrs mi tiezerk` enk`, anverjowt`yamb ow gaghtnik`nerov. da e im arvese. Evgenia Evoyan_74983

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան 

 

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է մարքետոլոգ, նկարչուհի և բանաստեղծուհի Եվգենիա Էվոյանը։

 

Արվեստը գտավ ինձ, երբ կարիերայի բարձունքում էի

Արվեստը ինձ միշտ ձգել է։ Սկսել եմ նկարել մանկուց, իհարկե՝ ոչ պրոֆեսիոնալ։ Պատանեկության տարիներին գրում էի նաև բանաստեղծություններ ու կարճ պատմություններ։ Համալսարանում տնտեսագիտական կրթություն ստանալուց հետո ենթագիտակցաբար ընտրեցի մարքետոլոգի մասնագիտությունը հենց այն պատճառով, որ այն առավել կրեատիվ ու արվեստի տարրեր պարունակող ուղղություններից մեկն է։ Մի պահ, երբ արդեն մարքետինգի տնօրեն էի, հասկացա, որ աշխատանքային ծանրաբերնվածության մեջ չեմ հասցնում ինքս ինձ ժամանակ հատկացնել, հասկացա, որ ունեմ շատ չիրականացած երազանքներ, և նկարչությունը դրանցից մեկն է։ Այդ ժամանակ սկսեցի անհատական դասեր վերցնել պրոֆեսիոնալ նկարչից, զուգահեռաբար նաև դիզանի կուրսեր անցա։ Ես համոզված եմ, որ կրեատիվը կամ ստեղծարարությունը ծնվում է հենց տարբեր ոլորտների, ուղղությունների, հնարավորինս անհամադրելի բաների համաձուլման արդյունքում։ Որքան լայն է քո գիտելիքնորի, փորձի, ապրումների, էմոցիաների շրջանակը, այնքան անսպասելի, հետաքրքիր և կրեատիվ լուծումներ կարող ես ստեղծել ցանկացած աշխատանքում, այդ թվում նաև մարքետինգում։

Նկարներումս գերակշիռ է տիրեզերքի թեման, քանի որ այն երազանքների մասին է։ Բոլորս էլ ունենք երազանքներ, ու հաճախ ինչ-որ շատ կարևոր բան ենք մտապահում՝ աստղերին նայելիս։ 

Հին երազանքներն իրականացնելու ճանապարհին 

Բանաստեղծությունների գիրքը ծնվեց ավելի ուշ, երբ ամուսնուս գործի բերումով մենք տեղափոխվեցինք Կիև։ Երրորդ բալիկս այնտեղ ծնվեց, ու ես հետծննդյան դեպրեսիաի մեջ էի, որին ավելացել էին նաև հայրենիքի կարոտը, ընկերների պակասը։ Չգիտեմ կոնկրետ ինչու, բայց շատ դժվար էի տանում այդ ժամանակահատվածը, ոչինչ չէի ուզում, աչքիս ոչինչ չէր երևում։ Մեր մշակույթում ընդունված չէ, որ դեպրեսիան հիվանդություն կարող է լինել, ու որ հետծննդյան դեպրեսիան համարյա բոլոր կանայք ապրում են։ Նրանք ոչ ոքի հետ չեն կիսվում՝ մտածելով, թե «ինչպե՞ս կարելի է, երեխա ես ունեցել, պարտավոր ես երջանկությունից թռվռալ, ամեն ինչ հասցնել ու երջանիկ նկարներ տեղադրել սոցցանցերում»։ Բայց իրականում դու անցնում ես անհասկանալի ու անկառավարելի ապրումների միջով ու կողքից հնչող այն խորհուրդները, թե  «վայ դե բոլորն էլ երեխա են ունեցել ու մեծացրել», «գնա մի քիչ մաքուր օդի զբոսնի, կանցնի» կամ «քնես կանցնի», իրականում շատ ավելի են վատթարացնում իրավիճակը՝ արժեզրկելով կնոջ ապրումները։ Ու քչերն են գնում հոգեբանի մոտ։ Ես մի շաբաթ աշխատեցի հոգեբանի հետ ու տեսա, թե ինչպես է միտքս մաքրվել ու պայծառացել։ Հասկացա, շատ ավելի շուտ պետք է դա անեի։

Այդ ժամանակ էլ պատահաբար գտա իմ 15 տարեկանում գրած բանաստեղծությունները ու զարմացա, թե ինչպես ես կարող էի մոռանալ, որ ժամանակին երազել եմ դրանք հրապարակել։ Որոշեցի, որ եթե այս պահին չեմ կարող որևէ բանի մասին երազել, ապա առնվազն կարող եմ հին երազանքներս իրականացնել։ 

Ապրումները վերածվեցին արվեստի

Այդ ժամանակ արդեն Կիևում սկսել էի ուսումնասիրել կերպարվեստ Հրատարակչական եւ պոլիգրաֆիական ֆակուլտետում։ Նույն ժամանակահատվածում ավարտեցի նաև արտ-տնօրենի կուրսերը КАМА-ում։ Հասկացա, որ արդեն բոլոր հմտություններն ու հնարավորությունները ձեռք եմ բերել և կարող եմ իրականացնել երազանքս։ Չնայած կասկածները շատ-շատ էին, բայց գրքի ստեղծման աշխատանքը ինձ շատ օգնեց դեպրեսիայից դուրս գալու ճանապարհին։ Ծնվեց գրական առաջնեկս՝ «Грезы о Невесомости»։

Գրքի տիրաժը շատ չէր, ընդամենը 100 հատ, բայց այն ամբողջությամբ արդեն սպառվել է։ Գրքի առաջին շնորհանդեսը եղել է Հայաստանում, ինչի համար շատ ուրախ եմ։ Այնուհետև շնորհանդես-հանդիպում կազմակերպեցինք մեր հայ համայնքի ներկայացուցիչների համար, ապա ևս երկու շնորհանդես՝ ուկրաինացիների համար, ու ամեն ինչ բարեհաջող է անցել։ 

Գրքի բոլոր իլյուստրացիաների հեղինակը ես եմ, ձևավորումը ու էջադրումն էլ եմ ինքս արել։ Տարիներ առաջ պատահաբար նկարներից մեկը արեցի տիեզերական թեմայի մեջ ու հետո հասկացա, որ ողջ ձևավորումը այդ թեմաի մեջ պետք է լինի։ Տեխնիկական տեսանկյունից օգտագործել եմ ջրաներկ, սև լայներ ու չինական brush pen։ 

Կրեատիվն ամենուր է 

Գաղափարները հիմնականում անսպասելի են ծնվում, ու հաճախ աշխատանքի սկզբում չենք պատկերացնում, որ կարող ենք ինչ-որ մի մեծ բանի հասնել։ Վերջերս ուկրաինացի մի ժամանակակից նկարչուհու հետ էի աշխատում իր թիրախային խմբի որոշման և առաջմղման ուղղությամբ։ Խնդիրը բարդ էր նրանով, որ իր արվեստը լայն զանգվածի համար այդքան էլ հասանելի ու հասկանալի չէ։ Նա նկարում է պատմություններ սև գել գրիչներով, մարդկանց խզբզածություններից ինտուիտիվ ստեղծում է նկարներ և վերջերս թողարկել է կոուչինգային քարտեր։ Շատ հետաքրքիր ու յուրահատուկ աղջիկ է։ Մենք պարզեցինք, որ իր հաճախորդները ժամանակակից թատրոնի և պատմությունների սիրահար են, ու առաջարկեցի play back թատրոնի (թատրնոի այն տեսակը, երբ իմպրովիզացիա ժանրի մեջ խաղում են հենց այցելուների պատմությունները) համար նկարել այդ պատմությունները հենց ներկայացման ընթացքում։ Առաջին իսկ փորձից դա հաջողվեց, և նա կարողացավ գտնել նոր հաճախորդների, էմոցիոնալ կապ ստեղծել նրանց հետ, քանի որ նկարում էր իրենց կյանքի մի հատված և ստեղծել արվեստի նոր ուղղություն, որը շատ համահունչ ու ներդաշնակ էր իր աշխատանքների հետ։

 

Մարդիկ գտան իրենց «տիեզերքը»

Հաջորդ կրեատիվը շապիկների ստեղծումն էր։ Ի սկզբանե միտքն ինձ տվեց ուկրաինացի մի ոճաբան՝ ասելով, որ դրանք շատ գեղեցիկ կնայվեն ոչ միայն որպես շապիկ, այլ նաև որպես բազային հագուստ պիջակի, կարդիգանի և այլնի հետ։ Ես ոգևորվեցի ու մտածեցի, որ եթե ոճաբանն է ասում, ուրեմն արժի փորձել։ Իրականում ամեն ինչ շատ արագ ստացվեց, քանի որ պետք է վերադառնայի Հայաստան, ամեն ինչ անում էի, որ շապիկների առաջին խմբաքանակը մինչ այդ ունենամ ձեռքիս։ Այն շատ արագ սպառվեց, մարդիկ ասում էին՝ ինչ-որ կախարդական, եթերային բան կա այդ նկարների մեջ։ Կարծում եմ՝ տիեզերքը բոլորիս էլ մանկուց ձգել է իր անվերջությամբ և թաքնված գաղտնիքներով, ամեն մեկս էլ մի տիեզերք ենք։ Իլյուստրացիաներս դրա մասին են, որ յուրաքանչյուր մարդ մի անսահման, հետաքրքիր և բացահայտումներով լի տիեզերք է։ Բայց չգիտեմ, գուցե ամեն ոք իր համար այլ իմաստ է գտնում այդ նկարների մեջ։ Առնվազն կցանկանայի այդպես լիներ։ Հայաստանում անպայման ցանկանում էի «Proudly made in Armenia»  կարգախոսիս համապատասխան արտադրանք ունենալ, այլ ոչ թե ներկրել շապիկները Ուկրաինայից կամ որևէ այլ տեղից։ Ուրախ եմ, որ տարբեր փորձերից ու տապալումներից հետո դա վերջապես հաջողվեց, և ունեմ արդեն իսկ Հայաստանում արտադրված բարձր որակի շապիկներ իմ դիզայնով։ Հիմա պետք է աշխատենք այն ավելի ճանաչված դարձնել և ընդլայնել տեսականին։ 

Ի դեպ, հետաքրքիրն այն էր, որ դեռ մի ամիս էլ չէր անցել, ինձ հրավիրեցին ներկայացնել շապիկներն ու մետաքսե շարֆերը (դրանք ավելի վաղ էի պատրաստել) ուկրաինական քաղաքներից մեկում կազակերպվող նորաձևության օրերին։ Անձնական պատճառներով չկարողացա մասնակցել, բայց զուտ այդ փաստը շատ ոգևորիչ էր ինձ համար։ Հուսով եմ հաջորդ տարի ավելի պատրաստված կլինեմ։ 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ