Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Ժամանակն է փոխել մեկ անձի ցանկությամբ ընտրված՝ թշվառության խորհրդանիշ օրհներգը

am en ru es
Zhamanakn e p`okhel mek andzi ts`ankowt`yamb entrvats, t`shvarhowt`yan  khorhrdanish orhnerge_67458

Հեղինակ՝ ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

   Շեքսպիրյան հանրահայտ հարցադրման պես՝ արդեն մի քանի տարի է հնչում է նույն հարցը՝  փոխե՞լ, թե՞ չփոխել Հայաստանի պետական օրհներգը:  Այսօր դարձյալ այն քննարկումների սեղանին է:

 Ակնհայտ է, որ  թեմայի արծարծումն անմիջականորեն կապված է ներհայաստանյան հեղափոխական տրամադրությունների հետ:   Ու դարձյալ  հանրային քննակումների դաշտում Հայաստանի Հանրապետության նոր օրհներգ ունենալու պահանջն է. մտավորական շրջանակներում  մտմտում են՝ ինչո՞ւ չանդրադառնալ պետական խորհրդանիշների փոփոխման խնդրին ու, ի վերջո, չլուծել այդքան քննարկված ու չարչրկված հարցը:

 

   Այսօրվա օրհներգը, որը  հիմնված է Առաջին Հանրապետության (1918-1920թթ.) քայլերգի վրա,  խստագույնս  քննադատվել է թե՛ իր անհաջող երաժշտության, թե՛ տեքստի առումով: Ինչպես գիտենք, հիմնի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից, որի 18 քառատներից վերցվել է մի քանիսը,  հետո մի քանի տողեր փոփոխվել են ու փորձ է արվել, իբրև թե, նորացնել,  հարմարացնել ժամանակի մտածողությանը: Սակայն ստացվել է մի իսկական  խառնաշփոթ.  բառերի մեջ ակնհայտ  անհամապատասխանություն կա մեր ժամանակների հետ: Հիշենք, թեկուզ հետևյալ տողերը՝ «յուր որդիքը արդ կանչում են, ազատ անկախ Հայաստան»՝ տպավորությունն այնպիսին է, թե հայ ժողովուրդը դեռ օտարի լծի տակ է ու շարունակում է անկախության համար իր պայքարը:

    Չնայած «թշվառ» բառը հանվել է տեքստից, բայց թշվառության զգացումն ամբողջությամբ պահպանված է: Այդ զգացողությունը կա նաև երաժշտության մեջ: Մասնագետները մատնանշում են, որ Հայաստանի օրհներգի երաժշտությունը  հայկական չէ, հետևաբար, չի կարող  բխել մեր հոգուց, մեր սրտից: Երաժշտության մեջ չկա վերելք, մի բան, որը պետք է բնորոշ լինի օրհներգերին, փոխարենը կա՝ վայրէջք: Թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության խեղճությունը պետական օրհներգը դարձնում է թշվառության  խորհրդանիշ: Սա է պատճառը, որ այն այդպես էլ չերգվեց ժողովրդի կողմից, չդարձավ ժողովրդինը: Նկատած կլինեք՝ անգամ պետական միջոցառումների ժամանակ այն գրեթե չի երգվում:

     Մինչդեռ պետության հիմնը՝ իր բառերով ու երաժշտությամբ  պետք է լինի հզոր, լուսավոր, համախմբող, ամփոփի ժողովրդի, երկրի հարատևության  գաղափարն ու դրանով դառնա ոգեշնչող:

  Անկախ Հայաստանի պետական խորհրդանիշների՝ այդ թվում օրհներգի ընտրության որոշումը  կայացվել է 1991-ին, բայց դա իրականում ընտրություն չի էլ եղել, այլ մեկ մարդու ցանկության կատարում: Պատմում են, թե օրհներգի այս տարբերակի ընդունումը կայացվել է ոտքի վրա, հապշտապ, ու չնայած հանձնաժողովի անդամները եղել են ժամանակի հայտնի մտավորականները, սական առանց քննարկման ընդունել են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը:

 Ի դեպ, տարիներ առաջ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, որն այս օրհներգն անվանում էր խայտառակություն, որպես հանձնաժողովի նիստի մասնակից պատմում էր, որ օրհներգի հարցում կայացված որոշումը եղել է ժամանակավոր՝ հետագայում փոխելու պայմանով: Այնպես որ, իրապես ժամանակն է լրջորեն մտածել 1991-ին քաղաքական ինչ-ինչ ուղղորդումների արդյունքում ընդունված օրհներգն արագ փոփոխելու մասին:

 Այս տարիներին քանիցս հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արվել, որպեսզի մասնագետները նստեն, մտածեն ու խելացի որոշում կայացնեն օրհներգի հարցում: Բայց տարբեր պատճառներով՝ երբեմն ամբիցիաների, երբեմն՝ քաղաքական, սայլը տեղից չի շարժվել:

 2006 –ին  կոմպոզիտոր  Տիգրան Մանսուրյանը գրեց նոր օրհներգի երաժշտություն՝ հիմված Չարենցի  «Ես իմ անուշ Հայաստանի» հրաշալի  բանաստեղծության վրա: Լսեցին, հավանեցին, բարձր գնահատեցին, ու ամեն ինչ այդքանով ավարտվեց:  Շառլ Ազնավուրն էլ Հայաստանի նոր օրհներգի հարցում իր առաջարկությունն արեց՝ ընտրել իր և Կարվարենցի համահեղինակած «Քեզ համար, Հայաստան» երգը: Այս առաջարկը դարձյալ մերժվեց, ու պետք է ասեմ՝ մերժումն արդարացված էր: Երգը գրվել է Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրերին, այն երգվեց ու դարձավ Ազնավուրի հոգու, սրտի զորակցության արտահայտությունը աղետից տուժած իր ժողովրդին: Չնայած  հրաշալի երգ է, սակայն գրվելու առիթն է ողբերգական, ու դրանով իսկ՝ դառը հիշողություններ արթնացնող: Ուրեմն, նման առիթով ծնված երգը երբեք չի կարող լինել պետության հիմներգ:

  Օրհներգի շուրջ ծավալված քննարկումները հիմա եկել ու կանգ են առել Խորհրդային Հայաստանի քայլերգի ընտրության վրա: Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտությամբ ու  բանաստեղծ   Սարմենի խոսքերի հիման վրա գրված օրհներգն անփոխարինելի է, կարծես, բոլոր առաջարկների շարքում: Ու դա ամենևին պատահական չէ: Խաչատրյանն իր ստեղծագործական կյանքում մշտապես ներշնչվել է ազգային երաժշտությամբ.  օրհներգի երաժշտության հիմքում ևս  միջնադարյան հայ շարականն է, ահա թե ինչու է Խորհրդային Հայաստանի քայլերգն այդչափ ազգային ու այդչափ ոգեղեն:

  Մերժել խաչատրյանական հզոր երաժշտությամբ գրված, ունկընդրին ոգեղենություն հաղորդող օրհներգը միայն նրա համար, որ խորհրդային տարիներին է ստեղծվել, անկեղծ ասած, անընդունելի է:

 Մոտ օրերս ՀՀ խորհրդարանում սպասվում են քննարկումներ  մշակութային քաղաքականության փոփոխության շուրջ, որի շրջանակներում դարձյալ քննարկման առարկա կդառնա Հայաստանի պետական օրհներգի փոփոխության հարցը:

   Հուսանք՝ կդրսևորվի անհրաժեշտ համարձակություն և կամք, ու կկատարվի երկար սպասված փոփոխությունը:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ