Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Ադրբեջան-Եվրամիություն համաձայնությունը հնարավո՞ր է

adrbejan-evramioutyoun-hamacaynoutyoune-hnaravor-e

Այս տարվա ապրիլին այցելելով Բրյուսել՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը բանակցություններից հետո հայտարարել էր, որ Եվրամիության հետ համագործակցության մասին համաձայնագիրը կստորագրվի ամենամոտ ապագայում: Բաքվի մամուլում տեղեկություն էր տարածվել, որ այդ առթիվ նախապատրաստվում է Ադրբեջանի նախագահի այցը Բրյուսել: Կարճ ժամանակ անց, սակայն, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, ըստ որի՝ Եվրամիության հետ բանակցությունները շարունակվում են, և համաձայնագրի ստորագրման հստակ ժամկետ չկա: Օրերս ադրբեջանական կողմը ծանուցել է, որ բանակցությունների հերթական փուլը նախատեսված է անցկացնել առաջիկա սեպտեմբերին: Ըստ որոշ տեղեկությունների, որոնք լրատվամիջոցներին փոխանցել են Եվրամիության դիվանագիտական աղբյուրները, ներկայումս համաձայնագրի շուրջ քննարկումներում առավել սուր է առևտրական հարցերի վերաբերյալ կողմերի տարաձայնությունը: Տպավորություն կա, որ Եվրամիությունը դրել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցության նախապայման, ինչից պաշտոնական Բաքուն համառորեն հրաժարվում է: Խնդիրներ են ծագել նաև Ադրբեջանի տնտեսության գնահատման հարցում: Մինչ Բաքուն պնդում է, որ վերջին տարիներին ոլորտում կատարվել են «հեղափոխական բարեփոխումներ»՝ Եվրամիությունն, ընդհակառակը, հենվում է սեփական ուսումնասիրությունների վրա, ըստ որոնց՝ Ադրբեջանի «տնտեսությունը շարունակում է մեծապես կախված մնալ հումքային, առանձնապես՝ էներգակիր ռեսուրսների արտահանման վրա, մյուս հատվածները թույլ են զարգացած»:

Հասկացվում է, որ Եվրամիությունը խնդիր է դնում, որպեսզի Ադրբեջանում իրականացվեն տնտեսության ազատականացման գործնական քայլեր: Ադրբեջանի քաղաքական համակարգը հենված է կենտրոնացված և կառավարության կողմից լիովին վերահսկվող տնտեսության վրա, որտեղ վճռական է պետական նավթային ընկերության և մի քանի այլ խոշոր տնտեսվարողների ազդեցությունը: Դա թույլ է տալիս, որ իշխանությունները կառավարելի պահեն քաղաքական իրավիճակը: Երբ չկա ազատ շուկայական տնտեսություն, չկա նաև քաղաքացիական հասարակություն, հետևաբար և քաղաքական մրցակցություն:

Ադրբեջանի տնտեսության դիվերսիֆիկացման խնդիրն, այսպիսով, Իլհամ Ալիևի համար ձեռք է բերում ճակատագրական նշանակություն: Եվրամիության անանուն աղբյուրն ասել է, որ Բրյուսելում պատրաստ են «մի քանի անքուն գիշեր անցկացնել և հասնել համաձայնության, եթե Բաքուն ընդառաջ քայլեր կատարի»: Այսինքն, եթե Իլհամ Ալիևի կառավարությունը գնա տնտեսական բարեփոխումների եվրոպական նախագծի ընդունմանը, ապա Ադրբեջան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրման հնարավորություն կբացվի: Այս կապակցությամբ ադրբեջանական մամուլի հրապարակումներից տպավորություն է ստեղծվում, որ Բաքվում հակված չեն ընդառաջելու Եվրամիության առաջարկներին: Ադրբեջանցի փորձագետները հիմնական շեշտը դնում են «առանձնահատուկ տնտեսական համակարգի արդյունավետության» վրա՝ համարելով, որ այդ կերպ Ադրբեջանը «պաշտպանում է սեփական ազգային և աշխարհաքաղաքական շահերը»:

Սեպտեմբերին նախատեսված Ադրբեջան-Եվրամիություն բանակցություններն, այսպիսով, չափազանց լարված են ընթանալու: Եվրամիության դիվանագիտական աղբյուրը որոշակի ինտրիգային տեղեկություն է փոխանցել՝ ակնարկելով, որ Ալիևի կառավարության մի շարք նախարարների հետ քննարկումներն ավելի կառուցողական են ընթանում: Բրյուսելն այսպիսով ակնարկում է, որ Ալիևի կառավարությունը միասնական չէ, կան նորարարական և պահպանողական թևեր, որոնք ներքին հակասություններ ունեն: «Գնդակն Ադրբեջանի դաշտում է, մենք պատրաստ ենք անցնել մեր բաժին ճանապարհը»,- ասել է եվրոպացի դիվանագետը: Դժվար է ասել՝ ներկայումս ի՞նչ քննարկումներ են ծավալվում Բաքվում, իշխանության ո՞ր թևի մոտեցումները կարող են գերիշխող դառնալ:

Առկա է ևս մեկ սկզբունքային պահ. Ադրբեջանը պնդում է, որ համաձայնագրի քաղաքական նախաբանում Եվրամիությունը միանշնակորեն սատարի իր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Բրյուսելում հակադարձում են, որ Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որի հայեցակարգային մոտեցումը՝ հենված Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների վրա, խաղաղ կարգավորման հիմք է հանդիսանում: Հնարավո՞ր է, որ այս հարցում Բրյուսելը զիջման գնա՝ նույնն Ադրբեջանից ակնկալելով տնտեսության ազատականացման հարցում: Նման առաջարկ Բաքուն արե՞լ է: Այդ մասին փորձագետները լռում են: Բայց ընդհանուր տպավորություն է, որ Ադրբեջան-Եվրամիություն համաձայնությունը հազիվ թե կայանա մինչև ԵՄ կառույցներում աշնանն սպասվող փոփոխություններ: Իսկ հետո կսկսվեն նոր քննարկումներ: Ադրբեջանն Արևելյան գործընկերության միակ երկիրն է, որ Եվրամիության հետ նոր համաձայնագիր չի ստորագրել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ