Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Ադրբեջան-Իրան. հարաբերություններն այդքան լարվա՞ծ են

adrbejan-iran-haraberoutyounnern-aydqan-larvac-en

Սաուդյան Արաբիայում աշխարհի ամենախոշոր նավթավերամշակման գործարանի, ինչպես նաև այդ երկրի արևելքում նավթահանքերի վրա ԱԹՍ-ներով հարձակման թեման համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում է այն իմաստով, որ մինչ այդ ԱՄՆ նախագահը չէր բացառել ՄԱԿ-ի նստաշրջանի շրջանակներում Իրանի նախագահի հետ հանդիպման հավանականությունը, մինչդեռ ԻԻՀ ԱԳՆ-ն միանշանակորեն հայտարարել է, թե նման քննարկում չի ծրագրվում, ինչից հետո Միացյալ Նահանգների պետքարտուղար Պոմպենին Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումների համար ուղղակի մեղադրանք ներկայացրեց Իրանին: Այս ամենը տեղի է ունենում Անկարայում Սիրիայի հարցով եռակողմ՝ Թուրքիա-Ռուսաստան-Իրան բարձր մակարդակի հանդիպումից հետո, որի արդյունքներով կողմերը պայմանավորվել են սատարել Սիրիայի տարածքային ամբողջականությանը և համատեղել ջանքերն անջատողականության դեմ պայքարում:

Թվում է՝ այս ամենը որևէ կապ չունի Ադրբեջանի հետ, որը մերձավորարևելյան հարցերում ներգրավված չէ և պաշտոնապես չեզոքություն է հռչակել: Բայց դա միայն առաջին հայացքից: Բաքվում խիստ նյարդայնացած են, որ Իրանի նախագահն ընդունել է հոկտեմբերի 1-ին Երևան այցելելու հրավերը: Արդեն վստահաբար կարելի է ասել, որ Իրանի նախագահը պատվավոր հյուրի կարգավիճակով ներկա կգտնվի Երևանում գումարվող՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին, ինչը վկայում է հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի և կողմերի միջև հեռանկարային ծրագրերի քննարկման մտադրվածության մասին: Ռուհանիի ներկայությունը ԵԱՏՄ հատկապես երևանյան գագաթնոժողովին բացահայտում է Հայաստանի տարածաշրջանային և աշխարհաքաղաքական դերակատարության ռեսուրսը, մի հանգամանք, որ չի կարող չանհանգստացնել Ադրբեջանին: Մանավանդ որ եռակողմ՝ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան բարձր մակարդակի ծրագրված հանդիպումն անցյալ ամիս չկայացավ և հայտնի չէ՝ այդ ձևաչափը հետագայում կպահպանվի՞, թե՞ Ռուսաստանն Իրանի հետ հարցերը կարգավորում է ուղղակի շփումներով:

Ադրբեջանի համար այս բարդ իրավիճակում, երբ փորձագետները չեն կողմնորոշվում, թե հետագա ինչ ընթացք կունենան իրանա-ադրբեջանական հարաբերությունները, Բաքուն որոշել է քարոզչական նախահարձակման անցնել: Ռուհանիի Երևան այցին ընդառաջ ադրբեջանական մամուլում շրջանառվել է Սաուդյան Արաբիայի նավթային համալիների դեմ հարձակման թեման այն ենթատեքստով, թե դրա համար քաղաքական պատասխանատվությունն ընկնում է Եմենի վրա, մինչդեռ իրական հարձակվողն Իրանն է: Եվ կատարվել է այսպես ասած «հայելային համեմատություն»: Վկայակոչելով Երևանից հնչող «պաշտոնական հայտարարություններն» Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքներին «հարվածներ հասցնելու ծրագրի» մասին՝ Բաքվի լրատվամիջոցները, կարծես թե մեկ միասնական կենտրոնից հրահանգավորված, ակնարկում են, որ իրականում նման քայլի կարող է գնալ Իրանը: Հարցի նման հրապարակային դրվածքն արդեն իսկ վկայում է իրանա-ադրբեջանական հարաբերություններում գրթե ճգնաժամի մասին: Ընդ որում, դա տեղի է ունենում միջազգային մամուլում Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանի տարածքն հակաիրանական գործողությունների դեմ օգտագործվելու մասին հայտնված տեղեկատվությանը զուգահեռ: Ուշագրավ է, որ նույն լրահոսում տեղ է գտել նաև ԱՄՆ-ից Ադրբեջանին հետախուզական նպատակներով 10 միլիոն դոլարի սարքավորումներ մատակարարելու մասին տեղեկություն:

Հատկապես ընդգծվում է, որ օգնությունը տրամադրվում է Կասպից ծովում «անվտանգության համակարգը կատարելագործելու» նպատակով, ինչը պետք է հասկանալ այնպես, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին աջակցում է հավասարակշռելու Կասպից ավազանում Իրանի ներկայությունը: Արտաքին քաղաքական ձեռնարկումներում հայտնվելով խիստ անբարենպաստ իրավիճակում՝ Ադրբեջանը, բնականաբար, փորձում է տեղեկատվական համատեքստ ձևավորել այն կտրվածքով, որ հայ-իրանական համագործակցությունն ուղղված է իր դեմ: Հավանական է դիտարկվում, որ Իրանը, քողարկվելով հայ-ադրբեջանական հակամարտությամբ, կարող է ինքնուրույն գործողություններ սկսել Ադրբեջանի դեմ՝ ԱԹՍ-ների միջոցով հարվածելով նավթագազային ենթակառուցվածքներին: Որ այս առումով Ադրբեջանը բավական խոցելի է, կասկածներ չկան:

Պաշտպանության նախարարն օրերս խոստովանել է, որ երկրի ռազմաօդային ուժերը և ՀՕՊ համակարգը հիմնականում կոմպլեկտավորված են 1980-ական թվականների ռուսական կամ ուկրաինական արտադրության սպառազինություններով: Այս պայմաններում Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքներն իրոք կարող են հեշտ խոցելի թիրախներ լինել: Խնդիրն այն է, թե արդյո՞ք իրանա-ադրբեջանական հարաբերություններն իրոք մոտեցել են ճգնաժամային սահմանին: Ավելի ճիշտ, Ադրբեջանն Իրանի դեմ իրոք այնպիսի թշնամական քայլեր է կատարել, որ հատուցումը համարում է արդեն անխուսափելի՞:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ