Ադրբեջան-Իրան սահմանային միջադեպը կասկած է հարուցում և մտածելու տեղիք տալիս. Արմեն Իսրայելյան

adrbejan-iran-sahmanayin-mijadepe-kaskac-e-haroucoum-e-mtacelou-texiq-talis-armen-israyelyan

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է իրանագետ Արմեն Իսրայելյանը:

-Նախօրեին Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության կայքը տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի՝ Հորադիզի հատվածում Իրանի տարածքից մի խումբ զինված անձինք փորձել են մտնել Ադրբեջանի տարածք, սակայն Ադրբեջանի սահմանապահները նկատել են և կրակ բացել: Արդյունքում, ադրբեջանական կողմում զոհվել և վիրավորվել են մեկական զինծառայող: Իրանական կողմը պարզաբանե՞լ է այս միջադեպը, ինչպե՞ս են նրանք արձագանքել:

-Նախ նշեմ, որ իրանական կողմը և իրանական լրատվամիջոցները չեն արձագանքել, այսինքն, իրանական որոշ կայքեր հրապարակել են այս տեղեկատվությունը, բայց հղում են արել ադրբեջանական լրատվականներին: Առհասարակ, իրանական կողմը շատ զգուշավոր է արձագանքում Իրան-Ադրբեջան զինված միջադեպերին: Դժվարանում եմ ասել՝ իրականում եղե՞լ է նման միջադեպ, թե՞ չի եղել, գուցե դա մեկ ամիս առաջ է եղել, հիմա է հրապարակվում, որովհետև համընկավ Ադրբաջանի արտգործնախարարի Իրան կատարած այցի հետ:

Ինչո՞ւ եմ ասում, որ կասկածանքով կամ վերապահումով եմ վերաբերում այս տեղեկատվությանը, որովհետև, մոտավորապես, մեկ ամիս առաջ նմանատիպ մի միջադեպ էր տեղի ունեցել, ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իրանի տարածքից ինչ-որ մեկը փորձել է մուտք գործել Ադրբեջանի տարածք, ադրբեջանցի սահմանապահներն օդ էին կրակել ու նախազգուշացրել, սահմանախախտը փորձել էր հետ գնալ դեպի Իրանի սահման, և ադրբեջանցիները կրակել էին: Սակայն ավելի ուշ պարզվել էր, որ դա Ադրբեջանի քաղաքացի էր: Այդ դեպքի առնչությամբ իրանական կողմը պնդում էր, որ տվյալ անձն Իրանի սահմանից մուտք չի գործել և զինված բախումը տեղի է ունեցել Ադրբեջանի տարածքում: Որոշ լրատվականներ նաև նշել էին, որ իրանցի սահմանապահների կողմից է կրակոց եղել:

Այնպես որ, սա առաջին դեպքը չէ: Վերջին մեկ տասնամյակի ընթացքում մշտապես Ադրբեջան-Իրան սահմանին միջադեպեր են տեղի ունենում, և կարող եմ ասել, որ շատ դեպքերում այդ տեղեկատվությունները չեն հրապարակայնացվում: Այս ամենի մեջ կասկածելի էր այն, որ ադրբեջանական հաղորդագրության մեջ նշվում էր և՛ Իրանի, և՛ Արցախի անունը: Գուցե դա այլ նպատակով էր արվում, հետևաբար, ձեռնպահ կմնամ գնահատական տալուց:

Միայն նշեմ, որ երբ նայում ենք զինված միջադեպերի վիճակագրությանը, սովորաբար դրանք այն ժամանակ են լինում, երբ երկու կողմերի միջև անվստահության ինչ-որ մթնոլորտ է ձևավորված լինում: Բայց ես կխուսափեմ այս միջադեպն ուղղակիորեն կապել դրա հետ: Եթե իրանական կողմի մեկնաբանությունը լիներ, գուցե հնարավոր լիներ եզրակացություններ անել, սակայն հիմնվելով զուտ ադրբեջանական տեղեկատվության վրա, հատկապես, երբ այնտեղ նշված է Արցախի անունը՝ պետք է զգուշավոր լինել:

-Այսինքն, չի՞ բացառվում, որ այս միջադեպը կարող էր քարոզչական հնարք լինել՝ ուղղված ինչպես Իրանին, այնպես էլ Արցախին:

-Ես չգիտեմ՝ Ադրբեջանն ի՞նչ շարժառիթով է նման տեղեկատվություն հրապարակել: Այնտեղ նույնիսկ չէր նշվում, թե ի՞նչ խմբավորում էր դա, արդյո՞ք, Ադրբեջանի քաղաքացիներ էին, թե՞ Իրանի: Սա կասկած է հարուցում և մտածելու տեղիք տալիս: Երկրորդ, միջադեպը տարբեր գործոններով կարող է պայմանավորված լինել, բայց մեկ բան հստակ է՝ իրանական կողմը վերջին մեկ տարվա կտրվածքով մեծ ուշադրություն է դարձնում Ադրբեջանի հետ սահմանի անվտանգությանը: Մի քանի անգամ Իրանի սահմանապահ ծառայության հրամանատարն է այցելել Ադրբեջան, պարներաբար այցելում է Իրան-Ադրբեջան սահման, և այդ շրջակայքում իրենք փորձում են իրենց անցակետերն արդիականացնել: Անվտանգության գործոնը բավական մեծ ուշադրության է արժանանում իրանական կողմում:

-Ըստ Ձեզ՝ իրանական կողմը վտանգնե՞ր է տեսնում Ադրբեջանի հետ սահմանագծում:

-Իրանը միշտ բարձրաձայնել է իր մտահոգություններն այս առնչությամբ: Դրանք կապված են վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանի տարածքում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով: Օրինակ, Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ շուրջ 1000 ադրբեջանցի է ներգրավված Իսլամական պետության խմբավորման կազմում, և դրա վերաբերյալ իրանական կողմը բազմիցս մտահոգություն է հայտնել: Ադրբեջանում Իրանի նախկին դեսպանը բացահայտ ասել էր, որ Իսլամական պետության կազմում ադրբեջանցիների մասնակցությունը մտահոգիչ է Իրանի համար, քանի որ նրանք կարող են Ադրբեջանի տարածքից խնդիրներ ստեղծել Իրանի համար: Մյուս կողմից կա Սաուդյան Արաբիայի գործոնը, Իսրայել-Ադրբեջան համագործակցության գործոնը, որը ևս լուրջ խնդիրներ է առաջացնում:

ԱՄՆ-ի Մերձավոր Արևելյան նոր քաղաքականության արդյունքում վերջին մի քանի ամիսներին նկատելի է, որ Մերձավոր Արևելքում կոնսոլիդացիա է իրականացվում՝ սահմանափակելու Իրանի դիրքերը: Վերջերս Վարշավայում տեղի ունեցավ հայտնի կոնֆերանսը, որտեղ ևս փորձ արվեց Մերձավոր Արևելքի երկրներին միավորել ընդդեմ Իրանի: Այստեղ Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի գործոնը ևս չափազանց կարևոր է: Իրանական կողմը մտահոգություններ ունի, որ այս երկրները կարող են Ադրբեջանի տարածքն օգտագործել Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար, նման փորձ կա: Մի քանի տարի առաջ, երբ քննարկվում էր Իրանի վրա ռազմական հարձակում գործելու հնարավորությունը, Ադրբեջանի տարածքն այն հարթակներից մեկն էր, որ դիտարկվում էր այդ նպատակով:

Լրահոս

Նմանատիպ նորություններ