Ադրբեջան-Ռուսաստան. ի՞նչ սպասել

adrbejan-rousastan-inc-spasel

Անցյալ շաբաթ ՌԴ նախագահի հրավերով Սոչիում էր Իլհամ Ալիևը: Մեկնաբանները հասցրել են ընդգծել, որ այդ այցը հաջորդել է Երևանում ԵԱՏՄ վեհաժողովին, որին մասնակցեց նաև Վլադիմիր Պուտինը: Ռուսական և ադրբեջանական մամուլում մի շարք հրապարակումներ են արվել, որոնց հիմնական ուղղվածությունն այն է, որ Ռուսաստանը մտադիր է խորացնել բոլոր տեսակի հարաբերություններն Ադրբեջանի հետ: Սոչիում այդ մասին կողմերը հայտարարել են առարկություն չվերցնող տոնայնությամբ: Այս իմաստով առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության թեման: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ կողմերի միջև գործում է ընդհանուր առմամբ հինգ միլիարդ դոլարի պայմանագիր, որից երեք միլիարդն արդեն իրականացված է: Շատ մեկնաբաններ տպավորություն էին փոխանցում, որ ապրիլյան քառօրյա պատերազմին հաջորդած երեք տարիներին Ռուսաստանը որոշակի սպասողական կեցվածք էր որդեգրել: Այդ ընթացքում Ադրբեջանը մի քանի փորձ ձեռնարկել է՝ այլ երկրներից արդիական սպառազինություն գնելու ուղղությամբ:

Երևում է, հաջողությունը նվազ է, և Բաքուն որոշել է կրկին ուշադրությունը սևեռել ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի վրա: Հայտնի է, որ Սոչիում Պուտին-Ալիև հանդիպմանը նախորդել է ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի ներկայացուցիչների այցը Բաքու, որտեղ նրանք բանակցություններ են վարել Ադրբեջանի պաշտպանության նախարարի սպառազինությունների գծով տեղակալի հետ: Բաքվի լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանի եկող տարվա բյուջեում ռազմական ծախսերը դարձյալ կտրուկ մեծացել են և կկազմեն շուրջ 1,8 միլիարդ դոլար:

Փորձագետները դա համարում են սպառազինությունների գնման ծավալները մեծացնելու նպատակի ցուցիչ: Խոսքն, ամենայն հավանականությամբ, առաջին հերթին վերաբերում է ռազմաօդային ուժերը ժամանակակից կործանիչներով համալրելու ծրագրի մասին է: Օգոստոսի սկզբներին, ինչպես հայտնի է, ուսումնա-վարժական թռիչքի ժամանակ խորտակվեց Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄԻԳ 29 կործանիչը: Ռազմական ոլորտի փորձագետները դա համարում են օդուժի տեխնիկական հետամնացության անհերքելի ապացույց: Մամուլը գրեց, որ այդ տեսակի կործանիչներն արտադրվել են անցյալ դարի 80-ական թվականներին, Ադրբեջանը դրանք ձեռք է բերել ԱՊՀ անդամ մի երկրից (ամենայն հավանականությամբ՝ Բելառուսից): Ադրբեջանի ռազմաօդային ուժերի աղետալի վիճակի մասին անուղղակի տեսակետ արտահայտել է նաև այդ երկրի պաշտպանության նախարար Հասանովը: Ներկայումս, ըստ երևույթին, ռուս-ադրբեջանական բանակցությունների թեման նորագույն կործանիչներն են: Խոսք է գնում, որ Ռուսաստանն Ադրբեջանին առաջարկել է Սու 35՝ երրորդ-չորրորդ սերնդի կործանիչներ: Ադրբեջանցի ռազմական փորձագետների մի մասը, սակայն, կարծում է, որ ԼՂ ռազմական թատերաբեմում դրանք կարող են արդյունավետ չլինել: Հնարավոր է, Ադրբեջանում չեն կարողանում վերջնականապես կողմնորոշվել, բայց Սոչիի բանակցություններից հետո արդեն գրեթե ակնհայտ է, որ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունն ունի վերականգնման ու նույնիսկ հետագա խորացման միտումներ:

Հայտնի է, որ սպառազինությունների առքուվաճառքը ոչ միայն զուտ բիզնես է, այլև քաղաքական գործարք: Սպառազինություններ վաճառահանող երկիրը որոշակի լծակներ է ունենում գնորդ կողմի նկատմամբ: Այս իմաստով ուշագրավ է, որ Պուտին-Ալիև բանակցություններից առաջ ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ իր երկիրն ամեն ինչ կանի, որպեսզի իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում չսրվի: Կարելի է ենթադրել, որ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը Մոսկվայի համար տարածաշրջանում իր ազդեցությունը պահելու և ամրապնդելու լծակ է, իսկ Ադրբեջանն այդ հնարավորությունը փորձում է օգտագործել, որպեսզի ԼՂ կարգավորման գործընթացում խաղարկի այսպես կոչված ռազմական դիվանագիտության գործոնը: Այսպիսով, ռուս-ադրբեջանական հարաբերություններում, կարծես, բացվում է նոր էջ: Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանին օգնել նաև համապատասխան մասնագետներով: Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը փակելուց ի վեր Ադրբեջանում ռուս ռազմական մասնագետներ չկան: Առաջիկայում հնարավոր է, որ Ադրբեջան ժամանեն ռուս ռազմական տեսուչներ: Մամուլը չի դաադրում խոսել ՀԱՊԿ-ին որևէ կարգավիճակով Ադրբեջանի ինտեգրման հնարավորության մասին: Չմոռանանք, որ Սոչիում Պուտին-Ալիև բանակցություններից որոշ ժամանակ առաջ Բաքվում է գտնվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասը: Դա նույնպես նշանակալի ուղերձ է:

Կան որոշակի նախադրյալներ, որ Ադրբեջանը կողմնորոշվում է դեպի Ռուսաստանի նախաձեռնած տնտեսական և ռազմաքաղաքական կառույցներ: Ռուսական դիվանագիտությունը համարում է, որ դա Լեռնային Ղարաբաղի, տարածաշրջանային մյուս խնդիրների լուծման նպաստավոր միջավայր կարող է ձևավորել: Անկախությունից ի վեր մի քանի անգամ Ադրբեջանը և Ռուսաստանը շատ մոտ են եղել լիակատար ինտեգրման մասին պայմանավորվածության գալուն, բայց ամեն անգամ ինչ-որ բան խանգարել է: Այս անգամ բոլոր խոչընդոտները հաղթահարվա՞ծ են: Մոտակա մի քանի ամիսներին շատ բան պարզ կդառնա:

Լրահոս

Նմանատիպ նորություններ