Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Ադրբեջանական առեղծված

adrbejanakan-arexcvac

Մոտ մեկ շաբաթ առաջ արտառոց հրաժարական եղավ Ադրբեջանի Միլլի մեջլիսում: Պատգամավոր Միքայիլ Ջաբարովը ստիպված էր վայր դնել մանդատը, որովհետև հայտնվել էր աղմկոտ պատմության կենտրոնում: Նրա դեմ դատական հայց էր ներկայացրել մի քաղաքացի, որին Ջաբարովը պարտք էր 370 000 դոլար և չէր վերադարձնում: Ամենազավեշտականն այն էր, որ նա պարտքի դիմաց քաղաքացու մոտ որպես գրավ թողել էրպատգամավորի վկայականը: Դատարանը բավարարել էր քաղաքացու հայցը, որից հետո Ջաբարովը ներկայացրել էր հրաժարականի դիմում, որը նույն օրը բավարարվել էր: Երևույթը հետաքրքրական է նրանով, որ իշխանությունը կարող էր փրկել Ջաբարովի հեղինակությունը, բայց գնաց լիովին հակառակ ճանապարհով, ինչից միայն մի եզրակացության կարելի է գալ՝ դատական ատյանում հայտնվելուց շատ առաջ Ջաբարովը կորցրել էր վստահությունն Իլհամ Ալիևի մոտ: Եվ պատահական չէ, որ նրա հրաժարականից անմիջապես հետո մամուլում հրապարակումներ եղան, որ նախկին պատգամավորը մի քանի անգամ գաղտնի հանդիպել է ընդդիմադիր ԱԺՃ առաջնորդ Ալի Քերիմլիի հետ:

Ավելի վաղ իշխող «Ենի Ազերբայջան»  կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, խորհրդարանի պատգամավոր Սիավուշ Նովրուզովն աղմկոտ հայտարարություն էր արել, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ և մի խումբ նախկին նախարարները միջնորդավորված ֆինանսավորում են ընդդիմությանը: Անմիջապես արձագանքեցին կրթության և տրանսպորտի նախկին նախարարներ Մարդանովը և Մամեդովը՝ հերքելով ընդդիմության հետ իրենց կապերը: Այդուհանդերձ, մամուլում չեն դադարում ենթադրությունները, թե, հնարավոր է, իշխանությունից հեռացած որոշակի շրջանակներ, եկող տարի սպասվող խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու նպատակով, համագործակցում են ընդդիմության հետ: Որոշ հրապարակումներում դրանով է բացատրված Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության և այսպես կոչված Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ կառույցի քաղաքական աշխուժացումը, ինչը դրսևորվում է նաև արտերկիր հաճախակի դարձած այցելություններով:

Իշխանությունը դիվանագիտական ներկայացուցչություններին խստորեն հրահանգավորել է խոչընդոտել ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումներն արտերկրում: Հայտնի է դարձել, մասնավորապես, որ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հասել է նրան, որ չեղարկվեն Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ, պատմաբան Ջամիլլիի դասախոսությունները թուրքական մի քանի համալսարաններում: Ամեն ինչից զգացվում է, որ Ադրբեջանում ներքին լարվածություն կա, աճում է դիմակայությունը: Եվ ահա այս իրավիճակում Իլհամ Ալիևն ընդունում է վարչապետին պաշտոնանկելու որոշում: Ադրբեջանի նման փակ երկրում այդ որոշումը հրապարակային մեկնաբանություններ չունեցավ: Արձանագրվեց փաստը, որ կրթությամբ բանասեր Մամեդովին վարչապետի պաշտոնում փոխարինում է տնտեսագետ Ասադովը: Ընդ որում, վերջինս մինչ այդ զբաղեցնում էր նախագահի օգնականի պաշտոնը: Պաշտոնական քարոզչությունը խոսում է ադրբեջանական տնտեսության «անշեղ վերելքի» մասին: Այս նկատառմամբ վարչապետի փոփոխությունը հազիվ թե կապված է սոցիալ-տնտեսական խնդիրների հետ: Մանավանդ որ Ադրբեջանում գործադիր իշխանությունն ուղղակիորեն ենթարկվում է նախագահին, իսկ առաջին փոխնախագահի պաշտոնի ստեղծմամբ և այն Մեհրիբան Ալիևային վերապահելուց հետո, ինչպես բոլոր մեկնաբաններն են ասում, կառավարության գործունեության վերահսկողությունը վարչապետի փոխարեն նա է իրականացնում: Արդեն նախկին վարչապետ Նովրուզ Մամեդովն Ալիևների իշխանության մեջ հնաբնակներից էր, պետական ծառայության էր անցել Հեյդար Ալիևի աշխատակազմում: Իլհամ Ալիևի մոտ նա զբաղեցնում էր արտաքին քաղաքական հարցերով օգնականի, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը, հայտնի էր որպես ԼՂ կարգավորման բանակցային գործընթացին լավատեղյակ փորձագետ: Թե ինչու՞ այդ որակավորման պետական պաշտոնյան հայտնվեց վարչապետի պաշտոնում և մեկ տարի անց հեռացվեց և ուղարկվեց «վաստակած հանգստի»՝ Ալիևի կառավարման առեղծվածներից մեկն է:

Կարելի է, թերևս, կատարվածին մեկ բացատրություն տալ՝ Մամեդովի պաշտոնանկությունը կապ ունի իշխանության ներսից ընդդիմությանը սատարելու մասին խոսակցությունների հետ: Այլ կերպ ասած, վարչապետի պաշտոնում Նովրուզ Մամեդովը փորձել է ապագա խորհրդարանում ունենալ քաղաքական իր թևը: Դա Ալիևի կողմից դիտվել է որպես դավաճանություն, և նա արագորեն ընդունել է Մամեդովին պաշտոնանկ անելու որոշում: Բայց դրանով խնդիրը լուծվե՞լ է: Եթե հասունացել է անհրաժեշտություն, որ նոր խորհրդարանում Ալիևը պետք է ունենա լուրջ հակակշիռ, ապա նպատակն իրացնելու այլ հնարավորություններ կարող են գտնվել: Ադրբեջանում, այսպիսով, սկսվում է իշխանության համար պայքարի նոր փուլ: Այդ երկրում մի քանի արյունալի հեղաշրջումներ եղել են: Չի բացառվում, որ 2020 թվականն Ադրբեջանում դառնա նոր փորձությունների տարի:

Լրահոս

Նմանատիպ նորություններ