Ադրբեջանական նենգափոխություն

adrbejanakan-nengapoxoutyoun

Երևում է՝ վրաց-ադրբեջանական սահմանազատման հարցերով հանձնաժողովի նիստի հետ կապված բարդություններ են առաջացել: Ադրբեջանը փոխարտգործնախարարի մակարդակով հայտարարել է, որ սահմանային փոփոխություն տեղի չի  ունենա, ամեն ինչ պետք է կարգավորվի դեռևս խորհրդային ժամանակներում համաձայնեցված քարտեզների հիման վրա: Վրաստանում այլ մոտեցում ունեն: Նախագահ Զուրաբիշվիլին ևս մեկ անգամ հայտարարել է, որ իր երկիրը պետք է ունենա «բնական սահմաններ»: Ադրբեջանում համարում են, որ վրացական իշխանությունը տեղի է տալիս ազգայնական ուժերի և հանրության՝ «ծայրահեղականորեն տրամադրված  շրջանակների ճնշումներին»: Բաքվում հույս էին պահում, որ Վրաստանում հետաքննություն կսկսվի հուլիսի կեսերին Դավիթ Գարեջիի վանական համալիրի մոտ ադրբեջանցի սահմանապահներին զինաթափելու միջադեպով և «մեղավորները կստանան արժանի պատիժ»:

Թբիլիսին, սակայն, բավարարվել է ընդհանուր բնույթի հայտարարությամբ: Վրաց-ադրբեջանական սահմանի՝ Դավիթ Գարեջիի վանական համալիրին հարող հատվածում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ադրբեջանական կողմը մեծացրել է սահմանապահ ուժերի թվաքանակը և որոշակի ենթակառուցվածքներ է ստեղծում: Վրաստանը հայտարարել է դեպի վանական համալիր ճանապարհի հիմնանորոգման մասին: Այս իրավիճակում օգոստոսի 7-ին Աղստաֆայի շրջանի Աղգյոլ գյուղի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի, որին ներկայացվել է Ադրբեջանի պետական սահմանն ապօրինաբար հատելու մեղադրանք: Պաշտոնական Թբիլիսին այդ հարցով դեռևս վերաբերմունք չի արտահայտել: Բայց դա չի նշանակում, թե խնդիրն ուշադրությունից դուրս է: Վրաստանն, անկասկած, բացատրություն և հիմնավորումներ է պահանջելու և փորձելու է հասնել իր քաղաքացու ազատ արձակմանը: Ադրբեջանը, կարելի է վստահ լինել, այդ միջադեպն օգտագործելու է մինչև վերջ, որպեսզի ճնշում գործադրի վրացական կողմի վրա: Որոշ ադրբեջանցի փորձագետներ առաջարկել են Դավիթ Գարեջին վրաց-ադրբեջանական  պատմա-մշակութային արգելոց ճանաչելու և համատեղ կառավարում իրականացնելու գաղափարը:

Ահա այս բավական բարդ իրավիճակում ադրբեջանական մամուլը շրջանառության է դրել Վրաստանի նկատմամբ Հայաստանի «տարածքային պահանջների»  թեման: Այդ թեմային հավանականություն հաղորդելու նպատակով ադրբեջանցի վերլուծաբանները հիմնավորապես նենգափոխության են ենթարկում օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը: Ներդրվում է քարոզչական կաղապար, որ Հայաստանի բնակչությունը 2050թ.-ին  5 միլիոնի հասցնելու համար «հարկ է գրավել նոր տարածքներ, քանի որ Ադրբեջանից դա հնարավոր չէ, մնում է մի տարբերակ՝ Վրաստանից անջատել Ջավախքը, իսկ այնտեղից մինչև Աջարիա և ելքը դեպի Սև ծով արդեն մի քայլ է»: Այդ դեպքում, ինչպես ներկայացնում է ադրբեջանական մամուլը, Հայաստանը «կարող է կազմակերպել մեծ ներգաղթ՝ սփյուռքի հայրենակիցներին բնակեցնելով Վրաստանից խլված տարածքներում»: Այս քարոզչությունը հետապնդում է երկու նպատակ: Նախ՝ հնարավորինս նրբաքողարկել վրաց-ադրբեջանական սահմանային վեճը, տպավորություն ստեղծել, որ ավելի շատ լարված են հայ-վրացական հարաբերությունները: Երկրորդ թիրախը հայ-վրացական հարաբերություններն ստվերելն ու վրացական հանրային-քաղաքական շրջանակներում կասկածամտության սերմանումն է: Դա տեղի է ունենում Վրաստան արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցից հետո: Ադրբեջանում, ըստ երևույթին, դժգոհ են, որ վրացական կողմը խնդրի շուրջ բավարար տեղեկատվություն չի տարածում: Վրաստանի նկատմամբ Հայաստանի «տարածքային պահանջների» թեման շրջանառելով՝ Ադրբեջանում փորձում են ստուգել հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ վրացական հանրության տրամադրությունները:

Գաղտնիք չէ, որ անցած տարիներին Ադրբեջանին հաջողվել է Վրաստանում ձևավորել որոշակի փորձագիտական շրջանակներ, որոնք սատարում են Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմավարական ինտեգրացման գաղափարին և հանդես են գալիս բացահայտ հակահայկական դիրքերից: Վերջին շրջանում, սակայն, վրացական հասարակությունը վերակողմնորոշվում է դեպի զուտ ազգային արժեհամակարգ: Այս անցումային փուլում, ինչպես երևում է, Ադրբեջանը լրջագույն ջանքեր է գործադրում, որպեսզի չկորցնի Վրաստանում իր ազդեցությունը: Այդ նպատակով Բաքվում չեն խորշում ակնհայտ նենգափոխումներից՝ մշտապես թարմ պահելով «Ջավախքում երկրորդ Ղարաբաղ է հասունանում» քարոզչական կաղապարը:

Ի՞նչ արձագանքներ կունենա ադրբեջանական վերջին նենգափոխությունը Վրաստանում: Տպավորություն է, որ Թբիլիսիում ավելի շատ անհանգստացած են Վրաստանի հարավ-արևելյան շրջանների նկատմամբ ադրբեջանական հավակնություններով: Դա չի նշանակում, թե հայկական ուղղությամբ ամեն ինչ հարթ է: Հայ-վրացական սահմանի որոշ հատվածներ նույնպես վերջնականապես համաձայնեցված չեն: Սպասվում է դիվանագիտական ջանքերի նոր փուլ: Այդուհանդերձ, ներկա պահին ավելի սուր է վրաց-ադրբեջանական բանավեճը, որի կարգավորման հեռանկարը գնալով ավելի մշուշոտ է երևում:

Լրահոս

Նմանատիպ նորություններ