Շուրթերիս դեռ չի դողացել ոչ մի սուտ երդում: Սուտ երդումները միայն մեղավոր շուրթերն են սերտում:

Համո Սահյան

Ադրբեջանցի գրող Այլիսլիի՝ հայկական ջարդերի մասին պատմող գիրքը՝ անգլերեն

am es
adrbejanci-grox-aylislii-haykakan-jarderi-masin-patmox-girqe-angleren

ԱՄՆ-ում լույս է տեսել Բաքվում տնային կալանքի պայմաններում ապրող ու ստեղծագործող ադրբեջանցի հայտի գրող Աքրամ Այլիսլիի եռահատորյակի անգլերեն տարբերակը, որտեղ ներառված է նաև հայերին վերաբերող իրադարձությունների մասին պատմող «Քարե երազներ» վիպակը:

«Քարե երազներում» հեղինակը նկարագրում է 1989 թվականին Բաքվում և 1919 թվականին Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերը, այդ ժամանակաշրջանում մեր հարևան երկրի հասարակական-քաղաքական կյանքում ծավալված հակահայկական հիստերիան:

Այլիսլին ծագումով Ագուլիսից է, իր հայրենի Ագուլիսում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին լսել է մորից ու պատմությունը վերածել գրքի: Վեպ-ռեքվիեմը, ինչպես այն կոչում է Այլիսլին, մինչև 2012թ.-ը գրեթե գաղտնի է պահվել, սակայն Բուդապեշտում տեղի ունեցած հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը, այդ ոճրագործության հեղինակ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին ու տեղի իշխանության կողմից վերջինիս հերոսացումը ստիպել են գրողին վիպակը հանրությանը ներկայացնել՝ լույս սփռելով անցյալի ճշմարտության վրա:

Իհարկե, վիպակը չէր կարող արժանանալ ադրբեջանացիների դրական արձագանքին: Անցյալից դասեր քաղելու փոխարեն, գրողի հայրենակիցները իր իսկ տան դիմաց բողոքի ակցիա կազմակերպեցին՝ «Հայ Աքրամ, դուրս երկրից» կոչերով, այրեցին նրա գրքերը: Մամուլում Այլիսլիի դեմ մի շարք քննադատական հոդվածներ հրապարակվեցին:

Այլիսլին թեև այժմ տնային կալանքում է գտնվում, սակայն շարունակում է ստեղծագործել:

Նշենք, որ վիպակն առաջին անգամ հրատարակվել է ռուսական «Դրուժբա նարոդով» ամսագրում 2012 թվականի դեկտեմբերին։ Ամսագրի խմբագրականում կարդում ենք. «Ի՞նչ անի գրողը, որը չի կարողանում ո՛չ լռել, ո՛չ իջեցնել ձայնը: Անել այն, ինչ անում է ատելությանը դեմ դուրս եկած Աքրամ Այլիսլին»:

Հայերենով «Քարե երազները» ևս հասանելի է:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ