Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Ադրբեջանը բացում է խաղաքարտերը

adrbejane-bacoum-e-xaxaqartere

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բանաձևը, որը վարչակազմին կոչ է անում Ադրբեջանին չվաճառել քաղաքացիական օդանավերը խոցելու ունակ սպառազինություն, Բաքվում հասկանալի խուճապ է առաջացրել: Խոսքն այն մասին չէ, որ Ադրբեջանը Միացյալ Նահանգներից նման սպառազինություն ձեռք բերելու պայմանավորվածություն ուներ, և օրենսդիրներն այժմ դա արգելել են: Իրավիճակի նրբությունը բացել է նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը՝ ֆեյսբուքում կատարելով ընդարձակ գրառում: Ադրբեջանցի նախկին դիվանագետը գրում է, որ կոնգրեսականների նման որոշումը նշանակում է, որ Ադրբեջանը վերջին շրջանում վատ է աշխատում ԱՄՆ հրեական լոբբիի հետ, որը Միացյալ Նահանգներում ադրբեջանական շահերի գլխավոր ջատագովն է վերջին գրեթե քառորդդարյա ընթացքում: Զուլֆուգարովը մտահոգություն է հայտնում այդ կապակցությամբ և Ալիևի կառավարությանը հուշում միջոցներ չխնայել՝ վերականգնելու ավանդական կապերն ԱՄՆ հրեական լոբբիի հետ:

 

Ուշագրավ է, որ այդ ընթացքում Ադրբեջանի նախկին արտգործնախարարը շոշափում է նաև այնպիսի սկզբունքային հարց, ինչպիսին ամերիկյան առանձին նահանգների կողմից Արցախի անկախության ճանաչումն է: Շատ բնական է, որ այդ բանաձևերը Բաքվում հիստերիայի տեղիք են տալիս: Ինչպե՞ս հակազդել այդ գործընթացին՝ ահա հարցերի հարցը: Նախկին արտգործնախարար Զուլֆուգարովն առաջարկում է մի քանի տասնյակ միլիոն դոլար հատկացնել, ԱՄՆ-ում  վարձել փորձառու փաստաբանների  և ընդդեմ Արցախի անկախությունը  ճանաչած նահանգների դատական գործընթաց սկսել: Իբրև նախադեպ՝ նա վկայակոչում է ֆրանսիական դատարանների վերջերս ընդունած ակտերը, որոնք չեղյալ են ճանաչել ֆրանսիական և արցախյան քաղաքաների միջև բարեկամության համաձայնագրերը:

 

Այսպիսով Զուլֆուգարովը բացում է ադրբեջանական կողմի խաղաքարտերը և բաց տեքստով խոստովանում, որ ֆրանսիական դատարանների որոշումները ոչ թե անկախ իրավական ակտեր են, այլ՝ ադրբեջանական լոբբիի տևական աշխատանքի և ներդրած տասնյակ միլիոնավոր դոլարների արդյունք: Դրանով հաստատվում են հայկական փորձագիտական շրջանակների տպավորությունները, որ ֆրանսիական դատարանները ոչ թե արդարադատություն են իրականացրել, այլ կատարել են որոշակի քաղաքական շրջանակների պատվերը: Ներկայումս, ինչպես ցույց է տալիս Ադրբեջանի նախկին արտգործնախարարի ֆեյսբուքյան գրառումը, Բաքվում կայացվել է քաղաքական հստակ որոշում՝ միջոցներ և ջանքեր չխնայել՝ հասնելու Արցախի անկախությունը ճանաչող ամերիկյան նահանգների որոշումների դատական կարգով չեղարկմանը: Որպես առաջին քայլ նախանշվում է ԱՄՆ հրեական լոբբիի հետ ավանդական հարաբերությունների վերականգնումը: Այս հարցում Ադրբեջանը հույսեր է կապում նաև Իսրայելի հետ, որն ավանդաբար վերահսկում է աշխարհում հրեական լոբբիստական շրջանակների գործունեությունը:

 

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը և Իսրայելը բավական սերտ հարաբերություններ ունեն: Իսրայելում  գործում է Ադրբեջանի հետ կապերի խումբ, որտեղ ընդգրկված են նախկինում Ադրբեջանում բնակված ազդեցիկ հրեաներ: Այս ներուժը նույնպես, ամենայն հավանականությամբ, գործի է դրվելու: Ավելի վաղ ԱՄՆ հրեական շրջանակների հետ աշխատանքները համակարգում էր Ադրբեջանի տրանսպորտի նախարար Մամեդովի որդին, որը Վաշինգտոնում հիմնել էր «ԱՄՆ-Ադրբեջան» ակումբ: Մամեդովի պաշտոնանկությունից հետո նրա որդին ստիպված էր հեռանալ Վաշինգտոնից: Նրա ստեղծած ակումբը դադարեցրել է գործունեությունը: Ո՞վ կփոխարինի նրան: Ըստ երևույթին, Բաքվում այդ հարցը լուրջ քննարկումների թեմա է: Ադրբեջանը պետք է գտնի այնպիսի մարդու, որը  չունենա կկոռումպացված օլիգարխի համարում և ամերիկյան իստեբլիշմենտի համար լինի ընդունելի:

 

Բացառված չէ, որ Ալիևի աշխատակզմի որևէ երիտասարդ աշխատակից գործուղվի Միացյալ Նահանգներ: Նրան, ինչ խոսք, անհրաժեշտ ֆինանսական միջոցներ կտրամադրվեն և խնդիր կդնեն, որպեսզի վերականգնի հարաբերություններն ԱՄՆ հրեական լոբբիի հետ: Այնուհետև կգա գործողությունների երկրորդ փուլը՝ հրեական լոբբիի միջոցով կապեր կհաստատվեն ամերիկյան հեղինակավոր փաստաբանական գրասենյակների հետ: Կձևակերպվեն դատական հայցեր՝ ամերիկյան նահանգների կողմից Արցախի անկախության ճանաչումը Միացյալ Նահանգների օրենսդրությանը չհամապատասխանելու հարցով: Սա է ադրբեջանական ծրագիրը, որ բացահայտել է նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը:

 

Այսպիսով լուրջ մարտահրավեր է նետվում ԱՄՆ-ում հայկական կառույցներին: Հայկական կողմն արդեն այսօր իսկ պետք է պատրաստ լինի դիմագրավելու այդ մարտահրավերը: Դրա համար հարկ է համատեղել պետական-դիվանագիտական և ԱՄՆում գործող համայնքային կառույցների հնարավորությունները: Ամերիկյան ուղղությունը շատ կարևոր է, քանի որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է: Կարելի է վստահաբար ասել, որ մոտ ապագայում ԱՄՆ-ում ծավալվելու է ադրբեջանամետ և հայամետ լոբբիստական կառույցների լուրջ մրցակցություն: Պետք է ամեն ինչ անել այդ մրցակցությունը շահելու համար:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ