Ադրբեջանը դավաճանեց Իրանին

adrbejane-davajanec-iranin

Վստահելի աղբյուրներից Թուրան գործակալությանը հայտնի է դարձել, որ հոկտեմբերի կեսերից, մինչ ուժի մեջ կմտնեին ԱՄՆ կողմից հակաիրանական նոր պատժամիջոցները, Socar պետական ընկերությունը դադարեցրել է Իրանից բնական գազի ներկրումը:

Ադրբեջանն Իրանից տարեկան ավելի քան մեկ միլիարդ խորանարդ մետր բնական գազ է ներմուծում, որը վերավաճառում է Վրաստանին: Ինչպես ասել են Թուրան գործակալության աղբյուրները, ներկայումս ադրբեջանական կողմը բանակցություններ է վարում ռուսաստանյան Գազպրոմի հետ՝ մեծացնելու Ռուսաստանից բնական գազի ներկրման ծավալները, որպեսզի կարողանա կատարել Վրաստանի հանդեպ պայմանագրային պարտավորությունները:

<<Գազատարները չեն կարող դատարկ մնալ, եթե Ռուսաստանից գազի ներկրումը մեզ համար կոմերցիոն տեսակետից շահավետ է, ապա այդ գործարքը տեղի կունենա,,- խնդիրն այսպես է մեկնաբանել Socar-ի փոխնախագահը: Ամեն ինչ կարելի է բացատրել կոմերցիոն նպատակահարմարությամբ, սակայն իրականությունը դրանից չի փոխվում. Ադրբեջանը փաստացի միացել է Իրանի դեմ պատժամիջոցներին:

Թուրան գործակալությանը հայտնի է դարձել, որ Բաքուն առկախել է նաեւ Կասպից ծովում նավթահանքերի՝ Իրանի հետ համատեղ շահագործման ուղղությամբ աշխատանքները: Խոսքը մի քանի նավթահանքերի մասին է, որոնց շուրջ Ադրբեջանը եւ Իրանը մի քանի անգամ սուր վեճեր են ունեցել: 2001թվականին Ադրբեջանը տվյալ հանքերի շահագործման համաձայնագիր էր ստորագրել Բրիթիշ փեթրոլիում կոորպորացիայի հետ, սակայն Իրանը վիճելի տարածքն արգելափակել էր ռազմական պարեկանավերով, որից հետո բրիտանական ընկերությունը հրաժարվել էր հետագա աշխատանքներն իրականացնելուց:

Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի ստորագրումից հետո հնարավորություն էր ստեղծվել, որպեսզի Ադրբեջանը եւ Իրանը համատեղ շահագործեն նախկինում վիճելի համարված նավթահանքերը, բայց, երեւում է, պաշտոնական Բաքուն ենթարկվել է ամերիկյան ճնշումներին: Ըստ էության, ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ տեղի է ունեցել որոշակի գործարք: Միացյալ Նահանգները պատժամիջոցների ենթակա ընկերությունների ցանկից դուրս են թողել նրանց, որոնք ներգրավված են Հարավային գազային միջանցք ծրագրում: Փոխարենը, ինչպես կարելի է հասկանալ, Ադրբեջանը պարտավորվել է սառեցնել Իրանի հետ համատեղ նավթագազային ծրագրերը:

Այդ կապակցությամբ Թուրան գործակալությունը նշում է, որ Ադրբեջանը դադարեցրել է նաեւ Իրանին դիզելային վառելիքի վաճառքը: Այս համատեքստում խիստ ուշագրավ տեղեկատվություն է տարածել իրանական հեռուստաընկերություններից մեկը՝ անոնսավորելով, որ Ռուսաստանը, Հնդկաստանը եւ Իրանը պայմանավորվել են դեպի Եվրոպա բեռնափոխադրումների նոր միջանցքի հարցում: Ըստ նախագծի՝ միջանցքը շրջանցում է Ադրբեջանը, եւ բեռնափոխադրումները կիրականացվեն ծովային ճանապարհով մինչեւ իրանական Բենդեր-Աբաս նավահանգիստ, այնուհետեւ՝ ցամաքով մինչեւ Բենդեր-Էնզելի, այնուհետեւ Կասպից ծովով մինչեւ Աստրախան, իսկ հետո՝ երկաթուղային ճանապարհով մինչեւ Եվրոպա:

Եթե այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ուրեմն Ռուսաստանը եւ Իրանը՝ Ադրբեջանին դուրս են թողնում Հյուսիս-հարավ տրանսպորտային մեծ նախագծից: Դա նշանակում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի եւ Իրանի համար հուսալի գործընկեր չի դիտվում: Այս իմաստով հետաքրքրական է, որ Եվրոպան, որի էներգետիկ անվտանգության համար է ԱՄՆ-ը հովանավորում Հարավային գազային միջանցք նախագիծը, չի պատրաստվում միանալ հակաիրանական պատժամիջոցներին: Այս ֆոնին Իրանի նկատմամբ Ադրբեջանի պարզ դավաճանական քայլը, հնարավոր է, եվրոպական երկրների կողմից կարժանանա համարժեք վերաբերմունքի:

Լրահոս

Նմանատիպ նորություններ