Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Ադրբեջանը հայ-իրանական լարվածություն է սադրում

adrbejane-hay-iranakan-larvacoutyoun-e-sadroum

Վարչապետ Փաշինյանի՝ Իրան պաշտոնական այցից անցել է շուրջ վեց ամիս: Ինչպես հայտնի է, վարչապետը հանդիպել էր Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որից հետո սոցիալական ցանցերում լուսանկար էր տարածվել, որտեղ երևում էր, որ Փաշինյանը ելույթ է ունենում «Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ պաստառի ֆոնին: Այն ժամանակ ադրբեջանական մամուլում մի քանի հրապարակումներ եղան իրանական Ադրբեջանում Հայաստանի վարչապետի ելույթի դեմ բողոքի ակցիաների թեմայով: Բաքվի լրատվամիջոցները նույնիսկ Թավրիզից լուսանկարներ էին հրապարակել, որոնցում լատինատառ ադրբեջաներենով սպառնալիքներ էին պարունակում հայերի և Հայաստանի հասցեին: Քանի որ Իրանում լատինատառ այբուբենը գործածական չէ, ակնհայտ էր, որ այդ գրությունները հեղինակել են Բաքվից իրանական Ադրբեջան գործուղված սադրիչները:

Ադրբեջանում փորձ արվեց խնդիրը բարձրացնել դիվանագիտական բացատրության մակարդակի, սակայն իրանական կողմը նրբանկատորեն հասկանալ տվեց, որ Հայաստանի վարչապետը ելույթ է ունեցել հայկական միջավայրում, և իշխանությունները դրա համար որևէ պատասխանատվություն չեն կրում: Թեման կարծես թե փակվեց: Ինչպես ասացինք, անցել է շուրջ վեց ամիս, բայց Ադրբեջանում, երևում է, չեն կարողանում հաշտվել իրողության հետ, որ Հայաստանի վարչապետը կարող է իսլամադավան երկրում, որտեղ բնակչության մի զգալի հատվածն էթնիկ ադրբեջանցի է, իրեն թույլ տալ ելույթ ունենալ «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսով: Բայց քանի որ պաշտոնական Բաքվի գործադրած ջանքերը ցանկալի արդյունք չեն ունեցել, հայ-իրանական հարաբերությունները շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա և ունեն էլ ավելի սերտանալու միտում, Ադրբեջանում որոշել են անցնել սադրանքի: Հղում անելով միայն իրենց հայտնի անանուն աղբյուրներին, ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ վարչապետ Փաշինյանն «իր անխոհեմ քայլով ծանր դրության մեջ է դրել Իրանի հայ համայնքին»:

Ըստ այդմ, Թեհրանի «Արարատ» կենտրոնում տեղի ունեցած «սադրանքի» առթիվ իրանական Ադրբեջանում սկիզբ առած «հուզումներից հետո» Իրանի հատուկ ծառայությունները «խիստ վերահսկողություն են սահմանել հայ համայնքի կողմից կազմակերպվող միջոցառումների նկատմամբ»: Դա հատկապես զգացվում է Թավրիզում, Ուրմիայում, առհասարակ՝ իրանական Ադրբեջանում, որտեղ հայկական կառույցների «յուրաքանչյուր քայլ նախապես պետք է համաձայնեցվի Իրանի հատուկ ծառայությունների հետ, հակառակ դեպքում միջոցառման անցկացումը չի արտոնվում»:

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն օրինակ է բերում վերջերս Սուրբ Ստեփանոս եկեղեցում կազմակերպված արարողությունը, որի ընթացքում ներկա են գտնվել իրանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ: Թե որքանով է իրականությանը մոտ ադրբեջանական կողմի տարածած այս տեղեկատվությունը՝ մնում է միայն ենթադրել: Բաքվում մշտապես բողոքներ են հնչում Իրանի հայկական համայնքին պետության կողմից տրվող արտոնություններից: Առանձնապես շեշտադրվում է, որ Իրանում արգելված է ադրբեջաներեն լեզվով կրթությունը, իսկ հայկական դպրոցները գործում են անարգել, հայերեն մի շարք թերթեր և ամսագրեր են հրապարակվում, իսկ «Արարատ» կենտրոնը «կարծես պետություն է պետության մեջ, որտեղ հայ կանայք կարող են միջոցառումներին մասնակցել եվրոպական հագուստով և չհարգել իսլամական ավանդույթները»:

Երևում է, Ադրբեջանը նպատակադրվել է սադրանք հրահրել հայ-իրանական հարաբերություններում կամ, որ ավելի վատ է, միմյանց հակադրել իրանական Ադրբեջանի էթնիկ ադրբեջանցիներին և հայերին: Բացառված չէ, որ այս քաղաքականությունը հակաիրանական մեծ ծրագրի մի մասն է: Գաղտնիք չէ, որ թեև հակաիրանական ուժերը, որոնց առաջատարն է ԱՄՆ-ը, ձեռնպահ են մնում ուժի բացահայտ կիրառումից, բայց չեն հրաժարվել ներիրանական անկայունություն սադրելու ծրագրից: Ավելին, Իրանի առանձին վայրերում սկզբնավորվում են անջատողական շարժումներ, որոնք հովանավորվում են Միացյալ Նահանգների և Պարսից ծոցի արաբական միապետությունների կողմից:

Երևում է, հակաիրանական այս ծրագրին ներգրավելու դերակատարություն է վերապահվում նաև Ադրբեջանին, որը պետք է ազգայնական շարժում սադրի իրանական Ադրբեջանում: Այս համատեքստում, հավանաբար, ադրբեջանական հատուկ ծառայությունները կանխածրագրում են նաև իրանական Ադրբեջանի հայության դեմ որոշակի գործողություններ: Էթնիկ անհանդուրժողականության հողի վրա հայերի դեմ դաժանությունների փորձ Ադրբեջանն ունի: Եվ, կարելի է ենթադրել, հակառակորդի հատուկ ծառայություններն աշխատում են «սումգայիթը» Թավրիզում կամ իրանական Ադրբեջանի որևէ այլ քաղաքում կրկնելու ուղղությամբ: Եթե Ադրբեջանին հաջողվի հայ-ադրբեջանական դիմակայություն սադրել իրանական Ադրբեջանում, ապա հայ-իրանական հարաբերությունները լրջորեն կտուժեն:

Այս թեմայով ադրբեջանական մամուլի հրապարակումներին, այսպիսով, պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ և բոլոր հնարավորություններն օգտագործել, որպեսզի իրանական Ադրբեջանում հայ համայնքի անվտանգությունը երաշխավորված լինի պետականորեն: Հակառակորդի հատուկ ծառայություններն օրնիբուն աշխատում են Իրանում հակահայկական տրամադրություններ սերմանելու ուղղությամբ: Հայստանը պարտավոր է կանխել իրադարձությունների հնարավոր անցնակալի զարգացումները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ