Ադրբեջանը հետքա՞յլ է անում

adrbejane-hetqayl-e-anoum

Քաղաքագետ Էլդար Նամազովը, որ ժամանակին Հեյդար Ալիևի աշխատակազմում զբաղեցրել է քարտուղարության պետի պաշտոնը, վրաց-ադրբեջանական սահմանային վեճի կարգավորման առաջարկություն է ներկայացրել: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ փոխարտգործնախարար Խալափովը հայտարարել է, որ Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերահսկողության հարցում իրավական այլ լուծում, քան ներկայիս իրավիճակն է, չի կարող լինել, իսկ Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Մահմուդովը ողջ արևելյան Վրաստանը և Թիֆլիսը հայտարարել է ադրբեջանական: Ըստ երևույթին, վրացական կողմից դիվանագիտական խողովակներով հասկացրել են, որ նման վերջնագրային և զեղծարարական մոտեցումներն անընդունելի են, Վրաստանը հաստատակամ է իր քաղաքակրթական ժառանգության պահպանության հարցում: Թեև ադրբեջանական քարոզչությունը տպավորություն է գեներացնում, որ առանց Ադրբեջանի հետ սերտ համագործակցության Վրաստանը ոչ մի ապագա չունի, իրականում ճիշտ հակառակն է, որովհետև վրացական տարածքով են անցնում ադրբեջանական նավթա-գազամուղները, Բաքու-Կարս երկաթուղին:

Բավական է, որ Վրաստանը մի փոքր վերաբերմունք փոխի, և ադրբեջանական տնտեսությունը կկանգնի ճգնաժամի առջև: Այս նուրբ հանգամանքը Բաքվում գերեզանց են հասկանում և, երևում է, քննարկում են Դավիթ Գարեջիի վանական համալիրի հետ կապված ճգնաժամը հանգուցալուծելու տարբերակներ: Դրանցից մեկն, ինչպես ասվեց, ձևակերպել է քաղաքագետ Էլդար Նամազովը: Վերջին բավական մշուշոտ և երկիմաստ ակնարկներ անելով տարածաշրջանի պատմական անցյալի շուրջ՝ ի վերջո առաջարկում է, որ Ադրբեջանը և Վրաստանը համաձայնության գան վանական համալիրը համատեղ կառավարման պատմա-մշակութային արգելոց ճանաչելու հարցում: Քաղաքագետը խորհուրդ է տալիս չխորանալ վանական համալիրի պատմական պատկանելիության հարցում, մի կողմ թողնել առհասարակ այդ բնույթի մերձգիտական բանավեճերը և քաղաքական կամք դրսևորելով՝ Դավիթ Գարեջին հռչակել վրաց-ադրբեջանական պատմամշակութային հուշարձան: Ինչպես հասկացվում է այս առաջարկության ենթատեքստից, խնդիրը բազմակողմանի քննարկվել է Ադրբեջանի պատկան մարմիններում: Վրացական կողմի հաստատակամությունն, այսպիսով, Ադրբեջանին ստիպում է մտածել պատվավոր ետքայլի մասին:

Բանն այն է, որ վրաց-ադրբեջանական ներկայիս վեճը կապված է ոչ թե մի քանի քառակուսի կիլոմետր տարածք վերահսկելու, այլ քաղաքակրթական սկզբունքային նշանակության հակասության հետ: Ադրբեջանական պատմագիտությունը, ինչպես վերևում ասվեց, արևելյան Վրաստանը՝ Թիֆլիս քաղաքով հանդերձ, համարում է պատմական թյուրքական տարածք: Դավիթ Գարեջիի վանական համալիրը հակակշռում է այդ կեղծարարությունը: Այդ դեպքում ադրբեջանական կողմը պնդում է, որ վանական համալիրը վրացական չէ, այլ՝ աղվանական: Քաղաքակրթական այսպիսի դիմակայության պայմաններում, հասկանալի է, սահմանազատման հարցում համաձայնությունը չափազանց նվազ է պատկերվում: Եվ ահա Բաքվից հնչում է առաջարկ՝ սառեցնել պատմագիտական բանավեճը, վանական համալիրի հարցում կնքել բացառիկ համաձայնագիր, այն հայտարարել վրաց-ադրբեջանական պատմամշակութային արգելոց և իրականացնել համատեղ կառավարում: Անկասկած է, որ քաղաքագետ Նամազովի այս հրապարակումը փորձաքննություն է անցել Ադրբեջանի նախագահի աշխատակազմում: Սա փաստացի Վրաստանին արվող պաշտոնական առաջարկ է: Օգոստոսի կեսերին նախատեսված է սահմանազատման հարցերով հանձնաժողովի նիստ Թբիլիսիում, որից հետո փորձագիտական խումբը պետք է այցելի վանական համալիրի տարածք և տեղում չափագրական աշխատանքներ իրականացնի:

Սա խնդրի շուրջ քննարկումների երևացող մասն է: Մեծ է հավանականությունը, որ վրաց-ադրբեջանական ոչ հրապարակային բանակցություններ ծավալվում են ամենատարբեր, այդ թվում նաև՝ գիտական, ձևաչափերով: Տպավորություն է, որ ադրբեջանական կողմը փորձում է Վրաստանի ուշադրությունը շեղել Ջավախքի ուղղությամբ: Ադրբեջանական մամուլը հեղեղված է Ջավախքում «հայ անջատողականության սպառնալիքի» թեմայի ամենատարբեր արծարծումներով: Պաշտոնական Բաքուն, հայտնվելով բավական բարդ իրավիճակում, փորձում է վրաց-հայկական լարվածություն սադրել: Ըստ երևույթին, Ալիևի ռեժիմին հանգիստ չի տալիս իրողությունը, որ հայ-վրացական հարաբերությունները ոչ միայն պահպանվում են բարիդրացիության մակարդակում, այլև ունեն ավելի սերտանալու միտումներ: Բաքվում շատ ցավալիորեն են արձագանքում արտգործնախարար Մնացականյանի՝ Վրաստան այցելությանը: Ամեն ինչից զգացվում է, որ վրաց-ադրբեջանական լարվածությունը մարելու համար Բաքուն պատրաստ է կատարել սկզբունքային հետքայլ՝ հրաժարվել Դավիթ Գարեջիի նկատմամբ պատմամշակութային հավակնությունից: Եթե դա տեղի ունենա, ապա Ադրբեջանը պետք է վերանայի ազգային ինքնության պաշտոնական հայեցակարգը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ