Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Ադրբեջանը միջամտում է

adrbejane-mijamtoum-e

Բաքվի լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել Կարսում ադրբեջանցի ուսանողների և նրանց համակիրների կազմակերպած բողոքի ակցիաների մասին: Առիթը Կարսի քաղաքապետի կողմից Թուրքիա այցելած մի խումբ հայ գործիչների ընդունելությունն էր: Հայ գործիչների պատվիրակությունը Կարսի քաղաքապետարանում արժանացել է հարգալի ընդունելության, տեղի են ունեցել քննարկումներ՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ: Դա պատճառ է հանդիսացել, որպեսզի Կարսի համալսարանում սովորող ադրբեջանցի ուսանողները կազմակերպեն բողոքի ցույց: Բայց ու՞մ դեմ է կազմակերպվել ակցիան: Հայկական պատվիրակությա՞ն: Ինչպես հետևում է ադրբեջանական մամուլի հրապարակումներից, թիրախում հայտնվել է Կարսի նորընտիր քաղաքապետը, որը քրդական կուսակցությունից է և մարտի 31-ին տեղի ունեցած ընտրություններում հաղթել է: Խնդիը բավական խորքային է: Բանն այն է, որ այդ ընտրություններում Թուրքիայի իշխող կուսակցությունը սահմանամերձ Կարս և  Իգդիր քաղաքներում տեղական իշխանության ղեկավարի թեկնածուներ չէր առաջադրել: Այդ ընթացքում մամուլում հրապարակումներ եղան, որ Էրդողանը և Իլհամ Ալիևը ձեռք են բերել պայմանավորվածություն, որպեսզի Կարսում և Իգդիրում հաղթեն տեղի այսպես կոչված ադրբեջանական համայնքների թեկնածուները: Տեսակետ կար, որ դա արվում է Կարսի և Իգդիրի նկատմամբ ադրբեջանական վերահսկողություն հաստատելու նպատակով: Ավելի վաղ այդ՝ Հայաստանի հետ սահմանամերձ տեղաշրջանում քաղաքական շարժում էր սկսվել՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարգախոսով:

Ադրբեջանը, բնականաբար, այդ շարժումներին դեմ է և փորձ է արել Կարսում և Իգդիրում ձևավորել խիստ ազգայնական, հակահայկական տեղական իշխանություն: Ընտրությունների արդյունքներով, սակայն, Կարսում և Իգդիրում հաղթել են քրդական ուժերը: Այս իրավիճակում Ադրբեջանի համար գրեթե շոկային էր նաև տեղեկատվությունը, որ անցյալ շաբաթ իրականացվել է Երևան-Վան առաջին թռիչքը: Ճիշտ է, ինքնաթիռը վրացական էր, բայց ուղևորները հայեր էին: Ադրբեջանական կողմը, երևում է, սրված ուշադրությամբ է հետևել Հայաստանից Թուրքիա մեկնած մի խումբ հայ գործիչների շրջագայությանը:

Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Վանում և այլ քաղաքներում հայ գործիչներն իրենց ուղևորությունը ներկայացրել են որպես ուխտագնացություն Արևմտյան Հայաստան: Բաքուն գործի է դրել քարոզչամեքենայի բոլոր հնարավորությունները, որպեսզի թուրքական հասարակության վրա ճնշում գործադրի և հրահրի հակահայկական շարժումներ: Այդ արշավը կազմակերպվել է Թուրքիայում գործող և այսպես կոչված՝  «հայկական անհիմն պահանջների դեմ պայքարի» կազմակերպության հովանու ներքո: Վերջինս հատուկ հայտարարություն է տարածել, որ թուրք-ադրբեջանական սահմանին անցյալ ամսի վերջին տեղի ունեցած միջադեպը, երբ գնդակոծվել և հրկիզվել էր Ադրբեջանի պետհամարանիշերով մի բեռնատար, կազմակերպել են «Հայաստանի հատուկ ծառայությունները՝ Քրդական բանվորական կուսակցության զինված ջոկատների միջոցով»:

Նույն թեզը շրջանառվում է ադրբեջանական փորձագիտական հանրության կողմից: Բաքվի քարոզչությունը թուրքական կողմին նախազգուշացնում է, որ Հայաստանի հետ ցանկացած շփում «հղի է Թուրքիայի նկատմամբ հայկական տարածքային պահանջների վտանգով»:

Ակնհայտ է, որ Թուրքիայի արևելյան շրջաններում քրդական ուժերի քաղաքական հաջողությունները Բաքվին խիստ անհանգստություն են պատճառում: Տպավորություն է, որ ծավալված հակաքարոզչությունը Թուրքիայի իշխանությունների կողմից է հրահանգավորված: Ելնելով արտաքին քաղաքական որոշ նկատառումներից՝ Էրդողանը ձեռնպահ է մնում Կարսի  և Իգդիրի ազգությամբ քուրդ քաղաքապետերի դեմ ուղղակի հարձակումներից: Այդ դերը վերապահվել է Ադրբեջանին, որը ծավալուն աշխատանքներ է տանում տեղի բնակչության ազգայնական խավերի շրջանում՝ սադրելու Կարսի քաղաքային իշխանության դեմ բողոքի զանգվածային ցույցեր: Բայց ինչպես ցույց է տալիս անցած շաբաթավերջին Կարսի քաղաքապետարանի դիմաց կազմակերպված ակցիան, այդ քաղաքականությունը դեռևս հանրային աջակցության չի արժանանում:

Ադրբեջանի համար հայ-թուրքական հարաբերություններում ցանկացած դրական տեղաշարժ մահացու սպառնալիքի  է հավասար: Բաքվում կարծում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը լեգիտիմացնում է Արցախի հարցի հայանպաստ լուծումը: Ուշագրավ է, որ վերջին իրադարձությունները ծավալվում են Նախիջևանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ֆոնին: Դրանք անցնում են «Անխախտ եղբայրություն-2019» անվան տակ: Եղբայրության մասին անընդմեջ շեշտադրումները, սակայն, հուշում են, որ թուրք-ադրբեջանական միասնությունն այնքան ամուր չէ, որքան կցանկանային տեսնել Բաքվում: Հակահայկական քարոզչությունն ընտրվել է թուրք-ադրբեջանական միասնությունն ամրապնդելու միջոց: Որքանո՞վ դա արդյունավետ կլինի: Ադրբեջանը միջամտում է Թուրքիայի ներքին կյանքին և ամեն անգամ խնդիրներ հարուցում: Մինչև ե՞րբ Թուրքիան դա կհանդուրժի:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ