Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ն օգտագործում է հակահայ գործունեության համար. ազգագրագետ

am
adrbejane-younesko-n-ogtagorcoum-e-hakahay-gorcouneoutyan-hamar-azgagraget

Նախորդ տարի դեկտեմբերին հայկական ավանդական քոչարին ներառվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների» ցանկում։

Անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական ժառանգության արժեքների» ցանկում «յալլի» պարի ներառմանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն ասել էր, որ ըստ մարդկության ոչ նյութական ժառանգության մասին կոնվենցիայի՝ այս կամ այն երկրի կողմից «Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների» ցանկում որևէ տարրի վերաբերյալ հայտի գրանցումը չի ենթադրում տարրի հանդեպ սեփականության իրավունք։ Ցանկում տարրը գրանցելիս ճանաչվում են տվյալ երկրում, կամ բազմազգ հայտերի դեպքում՝ տվյալ երկրներում տվյալ տարրի մշակութային դրսևորումները և դրանց առանձնահատկությունները։

Ազգագրագետ Խորեն Գրիգորյանի խոսքով Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների» կոմիտեում ունի մեկ նպատակ՝ այդ հարթակն օգտագործել հակահայկական ակտիվ գործունեության համար։

«Փաստացի այդ կոմիտեն Ադրբեջանի համար պատմությունն ու դարերի «բաց թողածը» վերականգնելու և խմբագրելու տարածք է։ Եթե որևէ մշակութային արժեք, երևույթ ադրբեջանական մշակույթում չկա, հոգ չէ, նրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների» կոմիտեի ամենամյա նիստերի ժամանակ «կշտկեն» այդ «բացը», և տոլման, քյամանչան կամ մեկ այլ արժեք կգրանցեն՝ որպես անհիշելի ժամանակների ադրբեջանական մշակույթի անքակտելի մաս»,- նշեց ազգագրագետը։

Ըստ նրա, այստեղ ՀՀ-ն պետք է մտածի, թե ինչ կարող է անել, և ծանր ու թեթև անի՝ անհրաժեշտություն կա՞ «թաթախվել» այդ ամենի մեջ, թե՞ ոչ։

«Միշտ չէ, որ մասնակցությունն արդեն հաղթանակ է, օրինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների» կոմիտեում սա ճիշտ հակառակն է ցույց տալիս։ Եթե Ադրբեջանի համար սա տարածք է՝ չեղած մշակույթն ու պատմությունը վերախմբագրելու համար, ապա մենք նման խնդիր չունենք։ Իսկ եթե մենք պետք է այդ կառույցի մաս կազմենք, ապա մաքսիմում ակտիվություն պետք է ունենանք»,- ընդգծեց Խորեն Գրիգորյանը։

Ազգագրագետի խոսքով գոյություն ունի համազգային խնդիր, օրինակ՝ Հայաստանը չունի աշխատանքային խումբ, որի միակ անելիքը կլիներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային արժեքների» հայտերի ստուգումը, քննադատումն ու կարծիք գրելը, այսօր այդ ամենն արվում է ազգագրագետների կողմից, որոնք, բացի ամենամյա 270 էջանոց կարծիք գրելուց, նաև ունեն աշխատանք, հոդվածներ գրելու խնդիրներ, հետազոտական այլ աշխատանքներ, և այլն։

«Այս խմբում ընդգրկված ազգագրագետը նույնիսկ այդքան ժամանակ չունի, որպեսզի ամբողջովին ներգրավվի միայն այդ հայտերի ուսումնասիրության գործում։ Բացի ազգագրագետներից, խմբում պարտադիր այլ մասնագիտության տեր անձինք պետք է լինեն՝ տվյալ հայտերը ճիշտ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների» կանոնադրությանը համարժեք ներկայացնելու համար։ Այսինքն՝ մեզ անհրաժեշտ է առանձին աշխատանքային խումբ։ Կարծում եմ՝ այն պետք է գործի ԱԳՆ-ի հովանու ներքո և պետք է իրականացնի այս բոլոր աշխատանքները, ինչը թույլ կտա մաքսիմում պրոֆեսիոնալ մոտենալ յուրաքանչյուր հայտի՝ լինի ադրբեջանական թե մեկ այլ երկրի»,- նշեց Խ. Գրիգորյանը, ում կարծիքով այս ամենի համար մեղադրել ՀՀ մշակույթի նախարարությանը, հատկապես նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին տեղին չէ:

Նյութի աղբյուրը՝ 168ժամ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ