Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Ադրբեջանի վրացական երազանքը

adrbejani---vracakan-erazanqe

Սեպտեմբերի 2-ին մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ՝ ռազմաօդային ուժերի ներգրավմամբ: Այդ կապակցությամբ Թուրքիան Ադրբեջան է տեղափոխել F-16 ռազմական օդանավեր: Հատկանշական է, որ զորավարժություններն ընթանում են վերջերս ադրբեջանական ռազմաօդային ուժերի ՄԻԳ-29 կործանիչի խորտակման և որոնողական աշխատանքներին թուրքական կողմի ներգրավման իրողության համապատկերին, երբ պարզ դարձավ, որ Ադրբեջանը սեփական ուժերով չի կարող ոչ միայն Կասպից ծովի հատակից բարձրացնել օդանավի բեկորները, այլև անգամ տեղորոշել աղետի վայրը: Բայց առավել հետաքրքրական է, որ նույն օրերին մասնակցելով տարածաշրջանի ենթակառուցվածքների պաշտպանման ծրագրով Թուրքիայի և Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններին, որոնք կրում են համակարգչային կառավարման բնույթ և ռազմական մեծ կարևորություն չունեն, Վրաստանը ձեռնպահ է մնացել սեփական ռազմաօդային ուժերը թուրք-ադրբեջանական խաղերին ներգրավելուց: Ըստ երևույթին, ադրբեջանական կողմը մտադրություն ուներ վրացական ռազմաօդային ուժերը նույնպես տեսնել Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններում, բայց պաշտոնական Թբիլիսին ընդառաջ քայլ չի կատարել: Ամենայն հավանականությամբ, Վրաստանի կառավարությունը մտահոգված է Ադրբեջանի նկատմամբ երկրում հասունացած հանրային դժգոհությամբ, որից քաղաքական շահ է փորձում կորզել վրացական ընդդիմությունը:

Մասնավորապես, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին հանդես է եկել իշխանություններին ուղղված չափազանց կոշտ հայտարարությամբ, որով կոչ է անում մեկ զինվոր իսկ չգործուղել Ադրբեջան, քանի դեռ այդ երկրի նախագահը ռազմական ներկալման տակ է պահում Դավիթ Գարեջիի վանական համալիրը և առհասարակ չի դադարի հավակնել Վրաստանի տարածքներին: Ադրբեջանական մամուլը Նաթելաշվիլիին որակել է «մարգինալ, որը ցանկացած առիթ փորձում է օգտագործել իր մասին հիշեցնելու համար»: Ի՞նչ կշիռ և քաղաքական հենարան ունի Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը՝ դժվար է ասել: Բայց փաստը հնարավոր չէ շրջանցել. Վրաստանում Ադրբեջանի նկատմամբ գնալով աճում է անվստահությունը, և իշխանությունները չեն կարող այդ իրողության հետ հաշվի չնստել: Քաղաքական ծրագիրը, ըստ որի Վրաստանը պետք է վերածվեր Ադրբեջանի տարածաշրջանային հավակնությունների կցորդի, այլևս չի աշխատում, որովհետև վրացական հասարակությունը դադարել է Ադրբեջանն ընկալել որպես ռազմավարական գործընկեր և բարեկամ երկիր:

Ճիշտ է, տարիների ընթացքում Ադրբեջանին հաջողվել է ներդրումների անվան տակ Վրաստանում ձևավորել «հինգերորդ զորասյուն»՝ քաղաքագետների և լրագրողների մի խմբակ, որը մշտապես հանդես է գալիս թուրք-ադրբեջանական նախագծումներին Վրաստանի լիակատար աջակցության դիրքերից, բայց այդ ալիքը, կարծես, հասնելով բարձրակետին՝ աստիճանաբար սկսում է անկում ապրել: Դրան զուգահեռ Վրաստանում աճում են ազգային ինքնության համար պայքարի տրամադրությունները: Հատկանշական է, որ եռակողմ՝ թուրք-ադրբեջանական-վրացական զորավարժությունների մեկնարկի օրը հրաժարականի մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բախտաձեն: Քաղաքական այդ դեմարշն ինչո՞վ էր պայմանավորված՝ վրացական կողմից մեկնաբանություններ չեն արվում: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը բավարարվել է կարճ հայտարարությամբ, որտեղ ընդամենն ասված է, որ Բախտաձեն կատարել է իր առաքելությունը և քաղաքավարի հեռանում է: Վարչապետի պաշտոնում «Վրացական երազանքն» առաջադրել է Գեորգի Գախարիայի թեկնածությունը: Գախարիան գլխավորում էր ներքին գործերի նախարարությունը և նրա պաշտոնանկության պահանջով վերջերս Թբիլիսիում տեղի էին ունեցել բողոքի բավական բազմամարդ ցույցեր: Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանում հաստատվում է «ռուսական իշխանություն»:

Սաակաշվիլին, ինչպես հայտնի է, Թուրքիայի և Ադրբեջանի հետ Վրաստանի սերտ ինտեգրման քաղաքականության կերտողներից է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հովանավորությամբ: Եվ եթե նա կառավարության ղեկավարի փոփոխությունը բացատրում է Վրաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշմամբ, պետք է հասկանալ, որ վարչապետի պաշտոնում նշանակելով Գեորգի Գածարիային «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը որոշակի ազդակներ է հղում արտաքին աշխարհին:

Վրաստանում վարչապետի փոփոխության թեմայով Ադրբեջանից որևէ արձագանք դեռևս չի հնչել, չկան նաև փորձագիտական գնահատականներ, ինչից կարելի է ենթադրել, որ Բաքուն չի կողմնորոշվում, թե ինչ ուղղություն է վերցնելու Գախարիայի գլխավորած կառավարությունը: Այդուհանդերձ, կարելի է մեծ հավանականությամբ ենթադրել, որ Ադրբեջանի վրացական երազանքը չափազանց հեռու է իրականություն դառնալու հեռանկարից: Վրաստանում աճում է ազգային ինքնության պահպանման հանրային պահանջ, և որևէ քաղաքական գործիչ դա չի կարող անտեսել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ