Ադրբեջանի ականջնե՞րն են BBC-ի սկանդալային հոդվածի հետևում. ըստ ՀՀ փորձագետների՝ քրեական գործ հարուցելու անհրաժեշտության կա

am
adrbejani-akanjnern-en-bbc-i-skandalayin-hodvaci-heteoum-est-hh-porcagetneri-qreakan-gorc-haroucelou-anhrajestoutyan-ka

Նախօրեին բրիտանական BBC հեռուստառադիոընկերության ռուսական ծառայության կայքում հոդված էր հրապարակվել՝ «Ո՞վ է գնդակահարել ցուցարարներին Երևանում 2008 թ-ին» վերնագրով: Լրատվամիջոցը, հղում անելով իր ձեռքն անցած ՀՔԾ-ի փաստաթղթերի վրա, առաջ էր քաշում վարկած, թե 2008-ի մարտի 1-ին ցուցարարների վրա կրակել են Արցախից ժամանակ զինվորականները՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:

BBC-ի աղմկահարույց հոդվածի նյուանսներին անդրադարձել են հայաստանյան փորձագետները՝ գնահատական տալով հրապարակված տեղեկություններին:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի դիտարկմամբ՝ BBC-ի հոդվածագիրը գրեթե կրկնում է այն բանսարկություն-վարկածներից մեկը, որը 2008 թ-ի մարտի 1-ի դեպքերից հետո բավականին ակտիվ տարածվում էր նաև Հայաստանում և, այս պահին այն հրապարակելով BBC-ի կայքում, որևէ նորություն չի «բացահայտում», իսկ այդ բանսարկություն-վարկածին լուրջ վերաբերվելու համար այն ներկայացվում է որպես հավաստի աղբյուրներից ստացված տեղեկություն:

«Զավեշտն այն է, որ հոդվածագիրը երևի «մոռացել» է, որ թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ի կողմից վերահսկվող քրեական գործի մանրամասները հայտնի են հանրությանը և հոդվածում մատնանշված բանսարկություն-վարկածի վերաբերյալ ապացույցներ չկան:

Այս ամենում կարևոր է, թե ինչո՞ւ այս հոդվածը լույս տեսավ հենց հիմա ու հենց բրիտանական պետական ԶԼՄ-ում: Բոլորին հայտնի է բրիտանական իշխանությունների և Ադրբեջանի միջև սերտ հարաբերությունների մասին և պատահական չեմ համարում այն, որ այս հոդվածը լույս է տեսել հենց բրիտանական պետական BBC-ի ռուսական ծառայությունում՝ նրա հասանելիությունը հայ հասարակության համար ավելի լայն դարձնելու համար (ռուսախոսների թիվը Հայաստանում բավականին մեծ է): Պատահական չէ նաև այն, որ հոդվածի լույս տեսնելուց րոպեներ անց այն հայտնվեց ադրբեջանական գրեթե բոլոր ԶԼՄ-ների էջերում՝ համապատասխան մեկնաբանություններով: Հոդվածի գլխավոր նպատակն է հին բանսարկությունները BBC-ի «լուրջ շուրթերով» տարածելով՝ կրկին սրել հարաբերությունները երկու հայկական պետությունների միջև, ինչպես նաև էլ ավելի սրել ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, որի մեջ, զարմանալի չէ, շահագրգռված են նաև Հայաստանի որոշ քաղաքական ուժեր ևս»,- ընդգծում է քաղաքագետը: Նա նաև հիշեցնում է, որ ՀՔԾ-ն ժամանակին մեկնաբանել է հոդվածում բարձրաձայնած մտքերը և չի հաստատել դրանք:

Քաղաքագետ Արթուր Ղազինյանն էլ նշում է, որ BBC ռուսական ծառայության կողմից երեկ հրապարակված նյութին լուրջ չի վերաբերվում հենց միայն այն պատճառով, որ այդպիսի բան նույնսկ տեականորեն չէր կարող լինել, հետևաբար հարկ չի համարում անդրառնալ հոդվածում տեղ գտած ցնորամիտ դատողություններին, առավել ևս վերլուծել դրանք:

«Սակայն ինձ այս նյութի հետ կապված հետաքրքրում է մեկ այլ հանգամանք, որը հիմնված է հետևյալ նախադասության վրա, որը իր մեջ պարունակում է հանցակազմի հատկանիշներ:

«Би-би-си получила эксклюзивный доступ к документам расследования одного из самых трагических событий в современной истории Армении: гибели 10 человек в Ереване во время протестов 1 марта 2008 года»:

Ի՞նչ է սա: Ի՞նչպես է կարողացել օտարերկրյա լրատվամիջոցը «էքսկլյուզիվ» մուտք ունենալ նախաքննության նյութերին: Ո՞վ է նրան տվել այդ հնարավորությունը: ՀՔԾ պետք է անհապաղ հայտարարութուն տարածի և, կ՛ամ հերքի այս պնդումը և մեղադրի BBC ռուսական ծառայությանը ստի մեջ, կ՛ամ էլ հաստատի, որ ինքն է տրամարել նախաքննության նյութերը»,- ընդգծում է Ղազինյանը: 

Նրա խոսքով՝ եթե ՀՔԾ-ը հայտարարի, որ BBC ստում է և նրանց «էքսկլյուզիվ» հասանելություն չի տրամադրվել քրեական գործի նյութերին, ապա ՀՀ դատախազությունը պետք է քրեական գործ հարուցի՝ նախաքննական գաղտնիքը հրապարակելու փաստով և գտնի արտահոսք իրացրած անձին: Մեղադրանքը կարող է առաջադրվել ՀՀ Քր. օր-ի 342 հոդվածով, ինչպես նաև նույն օրենսգրքի 299 հոդվածով՝ պետական դավաճանություն:

Երկրորդ տարբերակի պարագայում հարցը, բացի ՀՀ Քր. օր.-ի 299 հոդվածից, ի հայտ է գալիս նաև խնդրի քաղաքական բաղադրիչը, որի համար պատասխանատվության պետք է ենթարկվի իշխանությունը՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

«Ցանկացած պարագայում ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է հարուցի քրեական գործ՝ ՀՀ քրեական օրնսգրքի 342 և 299 հոդվածների հատկանիշներով: Եթե նախաքննության արդյունքում պարզվի, որ նախաքննության նյութերը օտարերկրյա լրատվամիջոցին տրամադրվել են քաղաքական որոշման արդյունքում, ապա գինը, որ կվճարի իշխանությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը, կլինի շատ ծանր և միայն իշխանության կորուստը ուղղակի փրկություն կլինի նրանց համար:

Սպասում ենք Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության հայտարարություններին՝ քրեական գործի հարուցման վերաբերյալ»,- նշում է վերլուծաբանը:

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ևս կիսում է այս տեսակետը՝ նշելով, որ BBC-ի երեկվա հրապարակման կապակցությամբ առանց հապաղելու քրեական գործ հարուցելու անհրաժեշտության կա: «Եթե քրեական գործն այսօր չհարուցվի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բոլոր ֆորմալությունների պահպանմամբ վաղը ներկայացնելու ենք հանցագործության մասին գրավոր հաղորդում։

Բոլոր կարևոր հարցերի պատասխանները պետք է տրվեն սպառիչ ու համոզիչ ձևով՝ ով, ում հանձնարարությամբ (եթե հանձնարարությամբ), ինչ շարժառիթով, ինչ նպատակով։ «Ով»-ի շրջանակն էլ, ի դեպ, խիստ սահմանափակ է»,- ընդգծում Արցախի նախկին ՄԻՊ-ը:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ևս անդրադարձել է խնդրին՝ շեշտելով, որ երբ սառը ուղեղով փորձում ես վերլուծել «BBC»-ի նյութը, ապա հենց վերնագրից ակնհայտորեն Հայաստանի և հայության շահերի դեմ ուղղված հիբրիդային պատերազմի հոտ է փչում: «Եթե դա Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի կողմից ուղղակիորեն կամ անուղղակի կերպով չի ուղղորդվել կամ համակարգվել, ապա պետք է փառք տալ Աստծուն։

Օրինակ՝ ի՞նչ է նշանակում հիշյալ նյութում գրեթե անընդհատ բնույթ կրող շետադրումը «Ղարաբաղից ջոկատի» վրա։ Հայկական բանակն իրականում մեկն է, և դրա մի մասը տեղակայված է ՀՀ-ում, մյուսը՝ Արցախում, իսկ ցանկացած հրապարակում, որտեղ քարոզչության նուրբ կանոնների համաձայն փորձ է կատարվում տարբերակում մտցնել մեր ազգաբնակչության հայաստանյան և արցախյան հատվածների միջև, մեղմ ասած, հակասում է մեր համազգային շահերին, իսկ իրականում անթաքույց թշնամական գործողություն է մեր դեմ»,- ընդգծել է փորձագետը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ