Ադրբեջանի գործողությունները սահմանին, ըստ էության, սադրիչ բնույթ են կրում. Տիգրան Աբրահամյան

adrbejani-gorcoxoutyounnere-sahmanin--est-eoutyan--sadric-bnouyt-en-kroum-tigran-abrahamyan

Նախօրեին Արցախի առաջնային գծի տարբեր հատվածներում հակառակորդն իրականացրել է ռազմավարամարտավարական նշանակության սադրիչ գործողություններ:

ՀԱՅ ՁԱՅՆ-ը հարցի շուրջ զրուցեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:

-Ինչո՞վ է բացատրվում տևական հանդարտությունից հետո հակառակորդի ակտիվացումը և այս պահին ի՞նչ իրավիճակ է առաջնագծում:

-Հանգիստ ասածը բավականին հարաբերական է, նաև երեկվա միջադեպի հետ կապված դեռ ակտիվացումներ լինում են, բայց դրանք որոշակի պարբերականությամբ են տեղի ունենում: Դեռևս չենք կարող արձանագրել, որ հակառակորդի կոզմից հրադադարի խախտումների կտրուկ աճ կա առաջնագծում: Բայց Ադրբեջանը որոշակի պարբերականությամբ գործողություններ է իրականացնում, որոնք, ըստ էության, սադրիչ բնույթ են կրում: Իսկ իրավիճակն առաջնագծում խիստ փոփոխական է, րոպեների ժամերի ընթացքում կարող է իրավիճակ փոխվել: Այս պահին իրավիճակը հիմնականում հանգիստ է:

-Չնայած վարչապետի հայտարարություններին, որ Ադրբեջանի նախագահի հետ հաստատվել է օպերատիվ կապ և ունենք պայմանավորվածություն հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը նվազեցնելու մասին, այնուամենայնիվ, կրկին ու կրկին ականատես ենք լինում հակառակորդի սադրիչ գործողությունների: Ստացվում է՝ օպերատիվ կապն այդքա՞ն էլ արդյունավետ չգործեց:

-Ես, ճիշտն ասած, դետալային առումով տեղյակ չեմ, թե այդ կապն ինչպե՞ս և ո՞ր դեպքերում է աշխատում, ըստ այդմ՝ նաև ինչպիսի՞ արդյունքներ է ունենում, քանի որ անմիջապես Հայաստանում է դա իրականացվում: Միայն կարող եմ ասել, որ իրականում մեզ համար անսպասելի չեն Ադրբեջանի նման ակտիվացումը: Ըստ էության, այն գործողությունները, որ Ադրբեջանը վերջին երկու-երեք ամիսների ընթացքում իրականացնում է ոչ միայն առաջնագծում, այլ, օրինակ, սպառազինությունների ձեռքբերումների, քարոզչական դաշտում դրսևորած ակտիվության, քաղաքական դաշտում հնչեցվող հայտարարությունների մասով՝ ցույց են տալիս, որ Ադրբեջանը ինչ-որ փուլում ակտիվանալու է:

-Կա՞ն կանխատեսումներ, թե հակառակորդի ակտիվացման փուլը երբ կարող է լինել:

-Դա որոշակիորեն կապված է առաջիկայում՝ հունվար-փետրվար ամսիսներին, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կողմից նախատեսվող հանդիպման արդյունքներից, դրանից բխող հետևանքներից: Այդ հանդիպման նպատակներից մեկն, ըստ էության, երկու երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման կազմակերպումն է: Այսինքն, կա դեռևս որոշակի հանդիպումների շարք, որի արդյունքներից էլ պարզ կլինի, թե ո՞ր փուլում իրադարձություններն ի՞նչ հունով կընթանան:

-2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո բանակցությունների գործընթացը սառեցված է, իսկ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման մասով

առաջընթաց չկա: Դա իր ազդեցությունը չի ունենո՞ւմ սահմանային իրավիճակի սրման վրա:

-Այս պահին միայն կարող ենք փաստել, որ բանակցություններ չկան: Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելն արդեն բարդ է, և դրան ուղղված քայլեր՝ Ադրբեջանը չի անում: Մեկ-մեկ նկատելի են իրենց կողմից որոշակի լավատեսական բնույթ կրող ուղերձները, սակայն դրանք զուտ քաղաքական հայտարարություններ են, որոնք այդպես էլ գործնակակ բնույթ չեն կրում:

-Այսինքն, ակնկալել, որ կկարողանանք հասնել սահմանին վերահսկողական մեխնիզմների տեղադրման հարցում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման՝ իրատեսական չէ՞:

-Արցախում ակնկալիքներն Արդբեջանից այդքան էլ մեծ չեն, դա ցույց է տվել կյանքը: 80-ականների վերջից սկսած պատերազմը, դրանից հետո տեղի ունեցած բոլոր գործընթացները դա են վկայում: Դրա համար էլ առանձնահատուկ լավատեսություն չկա, մանավանդ, նկատելի է, որ Ադրբեջանն այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում:

-Այսօր Նիկոլ Փաշինյանի հանդիպումն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Արդյոք դրանով կարո՞ղ էին պայամանվորված լինել նախօրեի սադրիչ գործողությունները ՝ հաշվի առնելով, որ կարևոր հանդիպումներից առաջ Ադրբեջանը միշտ լարվածություն է ստեղծում առաջնագծում:

-Չեմ ցանկանում ոչինչ բացառել, ամեն դեպքում նաև այդ գործոնը կա Ադրբեջանի ակտիվացման մասով: Բայց միայն ավանդական հանդիպումների գործոնը չէ, որ աշխատում է այս պարագայում: Հենց այն փաստը, որ բանակցություններ չկան, արդեն իսկ գործոն է, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է ակտիվություն ցուցաբերել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ