Տեղեկատվական քարոզչության դաշտում մեր անփորձ քայլերն օգտագործվում են թշնամի պետության կողմից. Տիգրան Քոչարյան

adrbejani-nkatmamb-isxanoutyounneri-xaxaxasirakan-motecoumnern-ogtagorcvoum-en-tsnami-petoutyounneri-koxmic

Որոշ փորձագետներ հայտնում են այն մտահոգություն, որ արդեն տևական ժամանակ ադրբեջանական հակահայ քարոզչության դեմ գրեթե ոչինչ չի արվում, ու դա այն դեպքում, երբ մեր երկիրը գտնվում է տեղեկատվական պատերազմի մեջ:


Տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում անդրադառնալով նշված խնդրին, ընդգծեց, որ մինչև հեղափոխությունը տեղեկատվական քարոզչության ոլորտում ամեն բան ավելի համակարգված է եղել, քան հիմա է. «Միգուցե հիմա էլ են աշխատում, բայց ես այդ արդյուքնները չեմ տեսնում»,- նշում է փորձագետը:

Տիգրան Քոչարյանը նաև նշում է, որ ադրբեջանական քարոզչության մեջ նկատվում է նոր միտում՝ սկսել են ինչ-որ խաղաղասիրական հայտարարություններ անել, ընդ որում՝ բարձրագույն մակարդակով. «Հայաստանում էլ պետական մոտեցումներն ավելի շատ խաղաղասիրական են ու շատ դեպքերում անփորձ քայլեր են անում, որոնք առաջին հայացքից թվում է, թե նորմալ են, բայց իրականում օգտագործվում են թշնամի պետությունների կողմից»:

Տեղեկատվական պատերազմների հարցով, ինչպես նշում է մեր զրուցակիցը՝ նախկինում զբաղվում էր «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը համակարգված աշխատանք էր տանում հակահայկական քարոզչության դեմ պայքարում. «Հիմա ինչքան ես հետևում եմ այդ ՊՈԱԿ-ի գործունեությանը, այն փոփոխվել է, նաև շեշտադրումներն են փոխվել»:

Բլոգերը նաև հավելում է, որ այսօր կան փորձագետներ, մասնագետներ, որոնք պետության կողմից չեն գնահատվում և տարբեր ծրագրերում ընդգրկված չեն, որովհետև ինչ-որ պարտիզանական վիճակներ են նկատվում. «Ամեն դեպքում՝ նույն Կարագանդայի դեպքերը ցույց տվեցին, որ նման իրավիճակներում բոլորը սկսում են համակարգված աշխատել, իրենք միշտ պատրաստ են՝ անկախ նրանից, թե պատական կառույցներն ինչքանով են ներգրավված գործում»:

Իսկ Ադրբեջանը հակահայ քարոզչության մեջ միշտ է հրահրել վիճակը. «Հիմա իրենք փորձում են օգտվել այն բանից, որ Հայաստանում իշախանփոխություն է տեղի ունեցել, պաշտոնյաներ են փոխվել, նոր ձևավորում է գնում, և շատ հարցեր պետք է լուծում ստանան, շատ հարցեր էլ դեռևս պետք է պարզաբանվեն ու հասկացվեն: Այդ տեղեկատվական պայքարը իրենք փորձում են ամեն անգամ տարբեր ձևերով, հայկական լրատվական դաշտի և սոցիալական ցանցերի վրա են աշխատում, և ես կարող եմ ասել, որ չնայած մեր ներկա իշխանությունը խաղաղասիրական ինչ-որ կոչեր է անում և փորձում է այդ ուղղությամբ գնալ, Ադրբեջանը կանգ չի առնում և որևէ փոփոխություն իրենց մոտ չեմ նկատում, նույնիսկ որոշ դեպքերում ավելի են թեժացնում: Ամեն դեպքում՝ չնայած համանախագահներն ասել են, որ պետք է մեզ պատրաստենք խաղաղության, բայց այսպիսի լավ ասացվածք կա՝ եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի: Հիմա մենք բոլորս պետք է զգոն լինենք՝ հաշվի առնելով մեր հարևաններին և մեր տարածաշրջանը»:


Նշենք, որ երբեմն տեղեկատվական պատերազմներն իրական պատերազմներում կարող են շատ մեծ ազդեցություն ունենալ, ինչպես դրական, այնպես էլ բացասական: Դա է պատճառը, որ սահմանային լարված իրավիճակով պայմանավորված՝ զուգահեռաբար ակտիվանում են նաև գործողությունները համացանցում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ