Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Ադրբեջանի պատմական էքսպանսիան

adrbejani-patmakan-eqspansian

Բաքվում կազմակերպվել է այսպես կոչված գիտա-գործնական խորհրդաժողով՝ նվիրված Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների պատմությանը, մշակույթին, ավանդույթներին: Միջացառումը կազմակերպել է Կովկասի պատմության կենտրոնը, որի ղեկավարը նախկինում լրագրողական գործունեությամբ զբաղված, ներկայումս պատմաբանի համարում ունեցող ոմն Ռիզվան Հուսեյնովն է: Վերջինս գործում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հովանու ներքո: Մի քանի տարի առաջ Իլհամ Ալիեւը հատուկ հրամանագրով ձեւավորել է պատմաբանների խումբ եւ դրել պետական խնդիր՝ ապացուցել, որ տարածաշրջանում ադրբեջանցիները ոչ թե եկվոր, այլ նախաբնիկ էթնոս են: Առաջ է քաշվել պատմագիտական վարկած, ըստ որի՝ ներկայիս Ադրբեջանի տարածքում վաղնջական ժամանակներից գոյություն ունեցած պետական կազմավորումները թուրքական էին: Առանձնակի սրությամբ բարձրացվում է այսպես կոչված Կովկասյան Աղվանքի խնդիրը:

Առաջ է քաշվում տեսակետ, որ աղվանական ցեղախմբերը ծագումով թուրք էին, ուստի ներկայիս Ադրբեջանը համարվում է Աղվանքի պետականության եւ մշակութային ժառանգության իրավահաջորդը: Ադրբեջանական Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի առջեւ դրված է պետական կարեւորության խնդիր՝ միջազգային հարթակներում պատմական անցյալը ներկայացնել այնպես, որ մինչեւ 19-րդ դարի սկիզբը Հարավային Կովկասում հայկական ինքնություն չի եղել, հայերը տարածաշրջանում հայտնվել են Ռուսաստանի կողմից այն նվաճվելուց հետո՝ որպես Իրանից եւ Թուրքիայից վերաբնակիչներ:

Առանձնակի ուշադրության առարկա է դարձել Աղվանից կաթողիկոսության լուծարման թեման: Պաշտոնական քարոզչությունը խնդիրը ներկայացնում է այնպես, որ մինչեւ 1800-ական թվականները գոյություն է ունեցել առանձին Աղվանից կաթողիկոսություն, որը ցարական իշխանությունների կողմից լուծարվել եւ հանձնվել է Էջմիածնի տնօրինությանը: Ըստ ադրբեջանցի պատմաբանների՝ հենց այդ պահից էլ սկիզբ է առել տեղաշրջանի հայկականացումը: Այսինքն, մինչ այդ Արցախում եւ հարակից տարածքներում ապրում էին աղվաններ, բայց Աղվանից կաթողիկոսությունը լուծարելուց հետո նրանք ենթարկվեցին Հայ առաքելական եկեղեցու ազդեցությանը, կորցրին իրենց ազգային դիմագիծը, դարձան հայեր: Բաքվում անցկացված գիտա-գործնական խորհրդաժողովի ընթացքում հնչել է գաղափար, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է սկսեն Աղվանից կաթողիկոսության վերականգնման գործընթաց: Ներկայումս Ադրբեջանում պետական գրանցում ունի Ուդի-քրիստոնեական համայնք կոչվող կառույցը, որի ղեկավարը ոմն Ռոբերտ Մոբելին է: Կազմակերպության կենտրոնատեղին Բաքվում է: 1988 թ. Արցախում սկսված Շարժումից հետո Ադրբեջանի ուդիաբնակ քրիստոնյա բնակչության գերակշիռ մեծամասնությունը բռնատեղահանվել է: Տեղաշրջանի պատմական բնակավայրերն անվանափոխվել են: Փոքրաթիվ ուդի բնակչություն մնացել է միայն Նիժ գյուղում, որտեղ, սակայն, հայկական դպրոցը փակվել է: Ուդի երեխաները կրթություն են ստանում դպրոցի ռուսական բաժանմունքում: Ադրբեջանի կառավարությունը Նիժում վերանորոգել է միջնադարյան վանքը, բայց այն հավատացյալներին չի ծառայում: Պատճառն այն է, որ դարեր շարունակ ուդիների համար եկեղեցական եւ դպրոցական լեզուն եղել է հայերենը: Եթե այսօր Ադրբեջանը փորձում է վերականգնել Աղվանից կաթողիկոսությունը, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ լեզվով է այդ եկեղեցին սպասարկելու: Կամ ովքե՞ր են լինելու նրա հետեւորդները: Մոտ 300 ուդիները, որ ապրում են Նիժ գյուղում, չեն կարող քրիստոնեական համայնք համարվել: Ադրբեջանի պատմական էքսպանսիան, այսպիսով, ուղղված է Արցախի դեմ: Փորձ է արվում նենգափոխել պատմությունը եւ արցախցիներին ներկայացնել որպես  «հայացած աղվաններ»:

Դա հեռահար նպատակներ հետապնդող ծրագիր է, որը պետք է սպասարկի ԼՂ խնդիրն ադրբեջանանպաստ տարբերակով լուծելու պաշտոնական Բաքվի նկրտումներին: Այս տեսակետից շատ տարօրինակ է, որ հայկական գիտական շրջանակները գրեթե անուշադրության են մատնում ադրբեջանական կողմի պատմագիտական էքսպանսիան: Աշխարհում տեղի են ունենում խոր վերափոխումներ, այդ թվում՝ գիտական բնագավառներում: Մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը իր պաշտոնական տեսակետն առաջ մղելու հարցում հավաքագրի նաեւ այլազգի պատմաբանների, հնագետների, ազգագրագետների: Արցախի պատմա-մշակութային իքնության խնդիրն այս իմաստով պետք է լինի հայ պատմագետների ուշադրության կենտրոնում: Մանավանդ՝ միջազգային ասպարեզում մեր իրավունքները պաշտպանելու իմաստով: Այլապես հակառակորդ կողմն անցնում է բոլոր սահմանները: Գիտական հակահարվածը դառնում է ազգային անվտանգության խնդիր: Հակառակ դեպքում չի բացառվում, որ Ադրբեջանը դիմի ավելի մեծ խարդախությունների:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ