Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի առասպելը

adrbejani-razmaodayin-oujeri-araspele

Մամուլում տեղեկություն է տարածվել, որ ադրբեջանական բանակը Հարավային Կովկասում ճանաչվել է ամենաուժեղը: Ինչի՞ հիման վրա են տրվում նման գնահատականները: Հաշվի են առնվում զինված ուժերի թվաքանակը, սպառազինվածությունը և այլ, ոչ այնքան էական չափորոշիչներ: Եթե հաշվի առնենք, որ պաշտոնապես Ադրբեջանի բնակչությունը կազմում է 10 միլիոն, ապա, բնականաբար, այդ երկիրը զորահավաքային ռեսուրսների առավելություն ունի Հայաստանի և Վրաստանի նկատմամբ: Ադրբեջանը վերջին տասնամյակում միլիարդավոր դոլարներ է ծախսել սպառազինությունների գնման նպատակով, ուստի այս կամ այն զինատեսակի առումով ունի թվային առավելություն: Այդ թվում  պաշտոնական քարոզչությունը հատկապես ընդգծում է ռազմաօդային ուժերի պարագան՝ համարելով, որ Հարավային Կովկասի երկնքում Ադրբեջանը պարզապես մրցակցությունից վեր կարգավիճակում է: Իրոք, Ադրբեջանը վերջին տարիներին ձեռք է բերել մի քանի տասնյակ ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ:

Հուլիսի 24-ին կործանվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչը, որը գիշերային ժամերին իրականացնում էր պլանային ուսումնա-վարժական թռիչք: Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն ասում է, որ կործանիչն ամենայն հավանականությամբ ընկել է Կասպից ծովը, իրականացվում են որոնողական աշխատանքներ: Հայտնի է օդաչուի ինքնությունը՝ փոխգնդապետ Ռաշադ Աթաքիշիև: Նա 34 տարեկան էր: Աթաքիշիևն ամուսնացած էր Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Գաբիլ Հուսեյինլիի դստեր հետ, ունի երկու արու զավակ: Հուսեյինլին, որ  ներկայումս համարվում է Ադրբեջանի առաջատար քաղաքագետներից մեկը, մամուլին տեղեկացրել է, որ հայտնաբերվել է խորտակված ինքնաթիռը: Աղետը տեղի է ունեցել Բաքվից հյուսիս գտնվող Խիզիի շրջանում՝ Գիզլյա և Շուրաաբադ ավանների միջակայքի օդային տարածքում, ՄիԳ-29-ն, իրոք, ընկել է Կասպից ծովը: Օդաչուի ճակատագիրը պաշտոնապես մնում է անհայտ, բայց արդեն ոչ ոք չի կասկածում, որ նա զոհվել է: Ուսումնա-վարժական թռիչք իրականացնող կործանիչի հետ կապը խզվել է հուլիսի 24 –ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, նույն պահին էլ այն դուրս է եկել ռադարների տեսանելիության տիրույթից: Ադրբեջանցի փորձագետները դժվարությամբ են խոսում աղետի հնարավոր պատճառների մասին:

Այդուհանդերձ, մամուլում տեղ է գտել պահեստազորի գնդապետ Ալիևի տեսակետը: Նա կարծում է, որ վերջին տարիներին ձեռք բերված ՄիԳ կործանիչների ծագումը մնում է չպարզաբանված: Դրանք ռուսակա՞ն, թե՞ ուկրաինական արտադրության են՝ ոչ ոք չգիտի: Ադրբեջանցի նախկին զինվորականն, այսպիսով, կասկած է հայտնել, որ ռուսականի անվան տակ, հնարավոր է, ձեռք են բերվել ուկրաինական արտադրության կործանիչներ, որոնք այնքան էլ հուսալի չեն: Եթե այդ տեսակետը համապատասխանում է իրականությանը, ապա պետք է փաստել, որ Ադրբեջանում սպառազինությունների ձեռքբերման գործընթացն ուղեկցվում է փողերի լվացմամբ, ներկրվում են այնպիսի սպառազինություններ, որոնք մեղմ ասած արդիական չեն:

ՄԻԳ 29-ի կործանումն ասվածի վառ ապացույցն է, որովհետև բոլոր փորձագետները միաբերան պնդում են, որ փորձառու օդաչուն հազիվ թե սխալ գործած լինի: Հիմնական տպավորությունն այն է, որ իրեն չի արդարացրել կործանիչի տեխնիկական համակարգը: Այնքան, որ չի աշխատել անգամ կատապուլտը, և օդաչուն զրկվել է խորտակվող ինքնաթիռից փրկվելու հնարավորությունից: Փաստի առթիվ ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել: Բայց մանրամասնությունները հասարակությունից պահվում են գաղտնի: Ստեղծվել է աղետի հետաքննության հարցերով հանձնաժողով, որը գլխավորում է պաշտպանության նախարար Հասանովը: Առաջին որոշումն արդեն ընդունվել է՝ պաշտպանության նախարարի հրամանով դադարեցվել են բոլոր տեսակի ուսումնա-վարժական թռիչքները՝ մինչև չպարզվի ՄիԳ-29-ի խորտակման պատճառը: Որքան կարելի է հասկանալ՝ ադրբեջանական լրատվամիջոցների համար դա հիմնավորապես փակ թեմա է: Հատուկ հայտարարություն է տարածել ՊՆ մամուլի խոսնակ Դարգահլին և սոցիալական ցանցերի օգտատերերին կոչ արել զերծ մնալ «չճշտված տեղեկություններ տարածելուց»: Խոսքն ինչի՞ մասին է՝ դժվար է ենթադրել: Միաժամանակ մամուլում մեկ-երկու հրապարակում է հայտնվել այն մտահոգությամբ, թե ինչու՞ ֆինանսական բավարար միջոցներ ունենալով՝ Ադրբեջանը շարունակում է սպառազինություններ ձեռք բերել հիմնականում Ռուսաստանից, ընդ որում՝ դեռևս խորհրդային արտադրության: Երևի դրանց շարքին է դասվում նաև ՄիԳ-29 կործանիչը, որ մինչև վերջերս համարվում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հպարտությունը: Ինչքա՞ն ժամանակ կպահանջվի աղետի պատճառները պարզելու համար: Դրանից հետո ի՞նչ որոշում կընդունի Իլհամ Ալիևը: Ամենայն հավանականությամբ՝ կդրվի ռազմաօդային ուժերի արդիականացման խնդիր: Ներկայիս ռազմաօդային ուժերի առասպելը պսակազերծված է: Բայց որտեղի՞ց ձեռք բերել նորագույնը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ