Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Ադրբեջանի խայտառակությունը

adrbejani-xaytarakoutyoune

Նախօրեին Ազգերի լիգայի մրցաշարում կայացել է Կոսովո-Ադրբեջան ֆուտբոլային խաղը, որն ավարտվել է Ադրբեջանի ջախջախիչ պարտությամբ՝ 4:0: Մարզաշխարհում, ինչ խոքս, ոչ ոք եւ ոչ մի ազգային հավաքական ապահովագրված չէ պարտությունից, բայց սա առանձնահատուկ դեպք է: Բանն այն է, որ Ադրբեջանը պաշտոնապես չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, այն համարում է Սերբիայի անբաժանելի մաս:

Այդ դեպքում ինչու՞ է Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականը մասնակցել այդ խաղին: Բացատրությունը մեկն է՝ եթե ադրբեջանցի ֆուտբոլիստները հրաժարվեին Կոսովոյի հավաքականի հետ մրցապայքարից, ապա կգրանցվեր տեխնիկական պարտություն, եւ Ադրբեջանը դուրս կմնար հետագա պայքարից: Իսկ Բաքվում չափազանց շատ էին ցանկանում խմբում գրավել առաջին տեղը: Դա ֆուտբոլի Եվրոպայի գալիք առաջնությանը մասնակցության լուրջ հայտ կլիներ:

Հայտնի է, որ ֆուտբոլի Ադրբեջանի ազգային հավաքականը նախագահ Իլհամ Ալիեւի հոգեզավակն է, որի ստեղծման եւ կայացման համար ծախսվում են ահռելի գումարներ: Թիմը հիմնականում կազմված է արտերկրից հավաքագրած եւ ադրբեջանական քաղաքացիություն ստացած խաղացողներից: Քանի որ Ադրբեջանի պետական քարոզչությունը փորձում է ,,դարակազմիկ հաջողություններ,, ներկայացնել բոլոր ասպարեզներում, Կոսովոյի հավաքականի հետ հանդիպմանը հաղթանակի հասնելու ձգտումը եւ դրան հասնելու գործում ներդրված ջանքերն ու միջոցներն ահռելի են:

Բավական է ասել, որ Բաքվից Պրիշտինա թիմը հասցնելու համար ադրբեջանական կողմը վարձակալել էր բուլղարական ավիաընկերությանը պատկանող բարձրակարգ ինքնաթիռ: Արդյունքը, ինչպես տեսնում ենք, գրեթե ողբերգական էր: Ադրբեջանը զրկվեց Եվրոպայի առաջնությանը մասնակցելու վերջին հնարավորությունից: Ծանր է եղել նաեւ քաղաքական հարվածը. մրցախաղից առաջ կոսովցի մարզասերները միահամուռ սուլոցով են դիմավորել Ադրբեջանի պետական հիմնը: ՙՙԵս ինքս Շվեյցարիայից եմ եւ քաղաքական գործիչ չեմ: Երեւի մեր մարզասերները չափից դուրս հուզականություն են ցուցաբերել,,- կատարվածի առթիվ ադրբեջանցի լրագրողին նման պատասխան է տվել Կոսովոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնարդ Շալանդը:https://haqqin.az/news/140113

Իսկ Ադրբեջանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուրբան Գուբանովը պարտության պատճառ է համարել Կոսովոյի թիմի հոգեբանական բարձր պատրաստվածությունը: Ինչ մեկնաբանություններ էլ որ արվելու լինեն, արդյունքն ակնհայտ է: Ադրբեջանն ուներ տեխնիկական պարտությամբ դեմք փրկելու հնարավորություն: Այդ դեպքում գոնե հնարավոր կլիներ խոսել Սերբիայի հետ քաղաքական համերաշխությունը պահելու առաջնահերթության մասին:

Կորսվել է նաեւ այդ հնարավորությունը: Եւ թե իր այդ քայլի համար սերբական կողմին ի՞նչ բացատրություն է տալու պաշտոնական Բաքուն՝ մնում է հարցականի տակ: Չէ՞ որ Ադրբեջանը միջազգային բոլոր հարթակներից հայտարարում է, որ իր համար պետությունների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը հանդիսանում են անխախտելի արժեքներ: Մասնակցելով Կոսովի հետ ֆուտբոլային մրցապայքարին՝ Ադրբեջանը տրամագծորեն հակառակ վերաբերմունք է դրսեւորել: Ընդսմին, խոսքը մի երկրի մասին է, որ միջազգային ասպարեզում բոլոր հնարավորություններն օգտագործոում է՝ սահմանափակելու Արցախի շփումները: Այդ թվում եւ՝ մարզաշխարհում:

Հետաքրքիր է՝ Կոսովի հավաքականի հետ ֆուտբոլային խաղից հետո Ադրբեջանը կշարունակի՞ նույն մերժողական վերաբերմունքը դրսեւորել Արցախի մարզիկների միջազգային ելույթների կամ Արցախում կազմակերպվելիք մարզական միջոցառումների նկատմամբ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ