Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Ադրբեջանն անցնում է հակաիրանական ճամբար

adrbejann-ancnoum-e-hakairanakan-jambar

Վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցներում աննախադեպ հակաիրանական քարոզչություն է ծավալվել: Հղում անելով սոցիալական ցանցերին, տեղեկություն է տարածվել, որ Թավրիզում եւ Արդեբիլում հակահայկական ակցիաների կազմակերպիչներ են ձերբակալվել, որոնք <<մոլլապետական ռեժիմի կողմից ենթարկվում են կտտանքների>>: Տարածվել է ոմն էթնիկ ադրբեջանցու լուսանկար` մեջքին մտրակի հարվածներից արյունածոր վերքեր:

Դժվար է ասել, թե որքանով է իրական այդ լուսանկարը: Կասկածելի է, մանավանդ, թե որեւէ մեկին հաջողված լինի իրանական բանտում լուսանկար անել եւ այն անարգել տեղադրել սոցիալական ցանցերում: Տպավորություն է, որ ադրբեջանական քարոզչությունը հերթական կեղծիքն է թույլ տվել` նպատակ ունենալով, այսպես կոչված, իրանական Ադրբեջանում սադրել հակակառավարական բողոքի ցույցեր: Այս իմաստով Բաքվի քաղտեխնոլոգները հմտորեն օգտագործում են հակահայկականության գործոնը: Բանն այն է, որ վարչապետ Փաշինյանի Իրան այցից հետո Թավրիզում, Արդեբիլում եւ Իրանական Ադրբեջանի այլ քաղաքներում, իրոք, բողոքի ակցիաներ են տեղի ունեցել:

Բայց այդ ընթացքում օգտագործված լատինատառ ադրբեջաներենով հակահայկական եւ հակաիրանական գրառումներով պաստառների առկայությունը ենթադրել է տալիս, որ կազմակերպիչները Բաքվից հատուկ այդ նպատակով Իրան գործուղվածներն էին: Իրանում, ինչպես հայտնի է, լատինատառ այբուբենը գործածական չէ: Ադրբեջանն, այսպիսով, <<փափուկ ուժի>> առաջին ցուցադրումն է արել Թավրիզում եւ Արդեբիլում` իրանական իշխանություններին ակնարկելով, որ անհրաժեշտության դեպքում կարող է բարձրացնել էթնիկ ադրբեջանցիների ազգային խնդիրների հարցը` ի վնաս Իրանի պետական եւ քաղաքական ամբողջության:

Բաքվի այդ դիրքավորումը լիովին ներգրվում է Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից կանխածրագրվող գործողությունների համատեքստում: Այդ երկրներն, ինչպես հայտնի է, նպատակ ունեն հասնել իրանական ոչ միայն իշխող ռեժիմի, այլեւ պետական համակարգի արմատական փոփոխությանը եւ նպատակին հասնելու ճանապարհին օգտագործում են էթնիկ փոքրամասնություններին: Ոչ պաշտոնական տվյալներով` Իրանում էթնիկ ադրբեջանցիները թվաքանակով երկրորդն են եւ հակաիրանական կոալիցիան չի թաքցնում, որ նպատակ ունի հասնելու Իրանի ամբողջականության խախտմանը: Այդ ծրագրերում իր շահաբաժինն ունի նաեւ Ադրբեջանը, որը չի թաքցնում հարեւան երկրի նկատմամբ սեփական տարածքային հավակնությունները: Ըստ երեւույթին, Ադրբեջանի վրա լուրջ խաղադրույք են դրել Միացյալ Նահանգները եւ Իսրայելը: Ադրբեջանական իշխանությունների խոսափող հանդիսացող haqqin.az-ը Թեհրան է գործուղել հատուկ թղթակցի, որը ծավալուն հրապարակում է արել` հիմնական շեշտը դնելով հասարակության երիտասարդ խավի մոտ հակաիշխանական տրամադրությունների ներկայացման վրա:

Ընդհանուր տպավորությունն այդ հոդվածից այն է, որ իրանական երիտասարդությունը հոգնել է կրոնապետության կողմից գործադրվող սահմանափակումներից, ձգտում է աշխարհիկ կյանքի եւ միջազգային ինտեգրման: Ադրբեջանցի հեղինակը հատկապես սուր քննադատության է ենթարկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Բահրամ Ղասեմիին` նրան մեղադրելով կրոնապետությունը ռազմական դիկտատուրայով փոխարինելու մտադրության մեջ: Տվյալ կառույցն, ինչպես հայտնի է, Իրանի զինված ուժերի էլիտար կազմավորում է, որը հարկ եղած դեպքում գործողություններ է իրականացնում նաեւ երկրի սահմաններից դուրս: Վերջերս ԱՄՆ-ն այդ կառույցը ճանաչել է ահաբեկչական խմբավորում: Հարկ չկա մեկնաբանելու, թե գործնականում դա ինչ է նշանակում:

Տասնամյակներ ի վեր իսրայելական հատուկ ծառայությունները թիրախ են ընտրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առանցքային հրամանատարներին: ԱՄՆ կողմից ահաբեկչական ճանաչվելուց հետո կառույցը Մերձավոր Արեւելքում հանդիպելու է նոր դժվարությունների: Այս համապատկերին ադրբեջանական մամուլում թեմայի շահարկումը միայն մի բան է նշանակում` Ադրբեջանը միացել է հակաիրանական ճամբարին եւ բոլոր հնարավորություներն ի սպաս է դնում, որպեսզի հարեւան երկրում անկայունություն ստեղծվի: Թե դրա դիմաց ինչ են խոստացել Բաքվին ԱՄՆ-ը եւ Իսրայելը` ենթադրությունների ոլորտի հարցադրում է: Ավելի մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը խաղի մեջ է ներքաշվել նախկին պարտավորվածությունների բերումով: Փոխարենը Բաքուն ավելի է բարդացնում հարաբերությունները Թեհրանի հետ:

Մեծ է հավանականությունը, որ Իրանն Ադրբեջանի նկատմամբ նույնպես կանցնի ,,փափուկ ուժի,, կիրառման քաղաքականության: Այդ պարագայում Ադրբեջանը կբախվի լրջագույն մարտահրավերի, եւ կարող են տեղի ունենալ արտակարգ զարգացումներ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ